Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՇԱՀԵՐԻՑ

ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ ՀԿ-ն (ԱԵԳՄՄ) նախաձեռնել է իրավագիտակցության հիմնախնդիրներին նվիրված հերթական  ձեռնարկումը:

Հաշվի առնելով, որ ԱՀ բնականոն կենսագործունեության հիմքում ընկած ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության երաշխիքները որոշակիորեն պայմանավորված են հասարակության իրավական գրագիտության մակարդակով, ուսումնասիրություններ են իրականացրել  հանրապետության հանրակրթական դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների իրավագիտակցության մակարդակի բացահայտման, հիմնախնդիրների վերհանման ուղղությամբ: Երկամյա ուսումնասիրության արդյունքները հեղինակները` իրավաբանական գիտությունների թեկնածուներ Ավետիք Հարությունյանը, Սիրանուշ Պետիկյանը և իրավաբան Լուսինե Բարխուդարյանը, ամփոփել են ՙԻրավագիտակցության հիմնախնդիրն Արցախի Հանրապետութան հանրակրթական  և բարձրագույն ուսումնական հաստատություններում՚ գրքում և   ԱՀ Սահմանադրության, Անկախության հանրաքվեի և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորել նրա շնորհանդեսով: Միջոցառումը վարող` ԱԵԳՄՄ անդամ Անուշ Դոլուխանյանը, ներկայացնելով գիրքը, նշեց, որ նրանում սոցիոլոգիական հարցման եղանակով դպրոցներում և բուհերում իրականացված աշխատանքի արդյունքներն են, կատարված վերլուծությունը  և հիմնախնդիրների լուծման ուղիների վերաբերյալ առաջարկությունները,  ԱՀ-ում  իրավական  իրազեկվածության, իրավական գրագիտության և իրավագիտակցութան բարձրացման հայեցակարգը:

Գրքի մասին արտահայտվեցին Արցախի իրավաբանական համայնքի ներկայացուցիչները:

ԱՀ Գերագույն դատարանի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ իրավագիտակցության հիմնախնդիրը ցանկացած  հասարակության մեջ հրատապ է: Առանց իրավագիտակցության երկրում իրավական ճգնաժամ կլինի, ինչն էլ հանգեցնում է իրավական նիհիլիզմի, որից էլ` հանցագործությունների թվի աճի: Այս հարցն է, որ կարմիր թելի պես անցնում էր գրքով: Հեղինակները քննության են առել դպրոցական միջավայրում իրավագիտակցության աստիճանը, բայց իրավագիտակցությունը նույնիսկ ավելի վաղ է ծագում մարդու մոտ` նրա ծննդյան պահից, մոր կաթի հետ, երբ մայրը, դաստիարակելով երեխային, սովորեցնում է` ինչն է կարելի և ինչը չի կարելի, նկատեց փորձառու իրավաբանը: Նա բարձր գնահատեց հեղինակների աշխատանքը` նշելով, որ Արցախի իրավաբանական աղքատիկ գրադարանը հարստացավ ևս մեկ  գրքով:

Գիրքն արժևորեց նաև ԱՀ նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու,  վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը: 

Նա պարադոքս համարեց, որ այն պայմաններում, երբ հանրապետությունում գործող  երեք բուհերը ամեն տարի թողարկում են բավական թվով իրավաբաններ և չափազանցություն չլինի ասել` գրեթե ամեն ընտանիքում իրավաբան-մասնագետ կա,  հարցումների արդյունքներով պարզվել է, որ սովորողների իրավագիտակցության մակարդակը բարձր չէ: Այս առումով նա կարևորեց  երիտասարդների իրավագիտակցության բարձրացմանը միտված ԱԵԳՄՄ նպատակը, նրա ներկայացրած առաջարկները: Լավ կլինի, որ պետական մարմիններն ուշադրություն դարձնեն այս խնդիրներին: Գիրքը կարող է դառնալ հետագա վերլուծությունների հիմք:  

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանն ասաց, որ  իրավագիտակցության բարձր մակարդակը քաղաքացիական հասարակության ձևավորման հիմքն է: Իրավագիտակցության բարձրացումը բոլորի շահերից է բխում` թե՜ հասարակության անդամների և թե՜ իրավակիրառողների: Գրքում հավելվածների, գծապատկերների, աղյուսակների միջոցով  մատչելի  ներկայացված նյութը  հետաքրքրություն է ներկայացնում  ուսումնասիրության և պրակտիկ առումով: 

Մենագրության շուրջ իրենց կարծիքը հայտնեցին դասավանդող լրագրող Սեյրան Կարապետյանը,  ԱԵԳՄՄ անդամ, տնտեսագիտության թեկնածու Եվգենյա Հայրիյանը: Վերջինիս համոզմամբ`  իրավագիտակցության հիմնախնդիրն առկա է ամենուրեք. ունենալով իրավագիտակից քաղաքացի, կունենանք զարգացած պետություն:  Գիրքը լավ ուղեցույց կլինի նաև ոչ մասնագետների համար: 

Վերջում հանդես եկան գրքի համահեղինակները: Լուսինե Բարխուդարյանը տեղեկացրեց, որ դա  հիմնախնդրի շուրջ սոցիոլոգիական հարցում անցկացնելու առաջին փորձն է: Ընդհանրապես ոչ մի երկրում չկա մոդել, որով հնարավոր լինի բացահայտել իրավագիտակցության մակարդակը և խնդիրները: Գրքում վերհանված խնդիրների շուրջ իրենք զրուցել են դպրոցներում ՙՀասարակագիտություն՚ դասավանդող ուսուցիչների հետ: Հետաքրքրականն այն է, որ նրանք գտնում են, որ առարկայի նյութերը վերանայման կարիքն ունեն: Համահեղինակների ներկայացրած առաջարկություններից  մեկն էլ վերաբերում է  ուսուցիչների վերապատրաստմանը: Գաղտնիք չէ, որ այդ առարկան դասավանդում են ոչ մասնագետներ:

Համահեղինակի փաստմամբ`  մեր սովորողները բավական մեծ հետաքրքություն ունեն իրավունքի նորմերի նկատմամբ և ցանկալի է, որ գործող մասնագետների կողմից էլ  միջոցներ գործադրվեն ուսումնական ծրագրերով միջոցառումներ կազմակերպելու և մեր ազգաբնակչության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Շնորհանդեսն ամփոփեց ԱԵԳՄՄ նախագահ, գրքի համահեղինակ Ավ. Հարությունյանը: Նա նշեց, որ  գիրքն Արցախի գիտական կենտրոնում  երկամյա գիտական թեմայի շրջանակներում իրականացված աշխատանքի արդյունք է և նվիրված է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: 

Սոցիոլոգիական հարցումներն իրականացվել են Արցախի բոլոր շրջկետրոններում, ընդգրկել են 35 դպրոց` 475 աշակերտ, դրանից բացի`  239 երիտասարդ: Հետազոտության արդյունքը պարզելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ` թրենինգներ, դասընթացներ,  1-ին անգամ դպրոցական օլիմպիադա` ՙՍահմանադրություն և իրավունք՚ թեմայով, որը պետական մարմինների աջակցության դեպքում կլինի շարունակական: Ծրագրի իրականացման համար համագործակցել են տարբեր իրավական և գիտական շրջանակների հետ, մասնավորապես, անչափահասների հանցավորության  հետ կապված` ոստիկանության, դպրոցների և համալսարանների հետ: Քննարկվել են ուսանողների իրավաբանական կրթության հիմնախնդիրները, անդրադարձել նաև ուսանողների իրավական ակտիվությանը, ինչպես նաև իրավական ժխտողականությանը: Գրքի համահեղինակները շատ ուրախ կլինեն, որ նմանատիպ ուսումնասիրություններ իրականացվեն  հասարակության մյուս շերտերում: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ