comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԿԱՏՈՒՆ ՇԻԿԱՑԱԾ ՏԱՆԻՔԻՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՏՈՒՆ ՇԻԿԱՑԱԾ ՏԱՆԻՔԻՆ՚

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիայից ընտրել է հետաքրքիր հեղինակի՝ ամերիկացի հռչակավոր դրամատուրգ Թեննեսի Ուիլամսի ՙԿատուն շիկացած տանիքին՚ երեք գործողությամբ պիեսը, որը գրվել է 1955 թվականին։ 

 Առաջնախաղը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին, որից հետո թատրոնը գնացել է արձակուրդի։ Բեմադրությունը իրարամերժ է, տեղիք է տվել հակասական կարծիքների: Ներկայացումները վերսկսվել են աշնանը: Նոյեմբերի 24-ին այն խաղացվել է չորրորդ անգամ։ Օրն այնքան սառն ու մառախլապատ էր, բայց դահլիճում հավաքված երիտասարդական լսարանը ջերմության էր տրամադրում դերասանական կազմին ու տնօրինությանը։ 

...Նախկին ֆուտբոլիստը, որ ստիպված է եղել թողնել սպորտը, իրեն տվել է հարբեցողության։ Ամուսինների՝ Բրիկի և Մարգարետի հարաբերությունները լարված են։ Բրիկի շատ մտերիմ ընկերը՝ Սքիփրը, որպես գործող անձ չի մասնակցում գործողություններին, բայց պիեսի և ներկայացման ողջ ընթացքում խոսակցությունները պտտվում են նրա և Բրիկի ընկերության շուրջ՝ մերթ բամբասանքի, մերթ` բացառիկ, անկեղծ բարեկամական հարաբերությունների ձևով։ Այդ մտերմիկ հարաբերությունները պատճառ էին դարձել ամուսինների գժտության, խոր սառնության, որը ջերմացնելուն ուղղված Մարգարետի բոլոր ջանքերը զուր էին անցնում։ Կինը խանդում էր ամուսնուն և այդ հողի վրա սիրախաղ է սկսում Սքիփրի հետ, որի ինքնասպանությունը դառնում է Բրիկի հոգեկան ողբերգության պատճառ, վերջնական հիասթափություն կնոջից, և փորձում է անդորր ու խաղաղություն գտնել խմիչքի բաժակի մեջ։

Մեծ Հայրիկը (Հարվին) մեծ կարողության՝ կալվածքների, բամբակի պլանտացիաների տեր է, որը կուտակել է միայնակ, մեծ ջանքերով, չարչարանքով։ Նրա ծննդյան 65¬ամյակի օրը, պարզվում է, որ նա քաղցկեղ ունի։ Ժառանգությանը, հարստությանը տեր դառնալու շուրջ սկսում են շրջանառվել զավակների ու հարսների խոսակցությունները, վեճերն ու գործողությունները։ Հարվին հասկանում է, որ շրջապատը սպասում է իր մահվանը, որ ընտանիքի անդամները ձգտում են տնօրինել իր հարստությանը, և նա կյանքի վերջին օրերն իրեն նվիրում է կրտսեր որդու ընտանեկան խնդիրները պարզելու վրա, և նրան հաջողվում է ստիպել Բրիկին հաշտության քայլ անել կնոջը՝ Մեգիին։ Այն միջավայրում, որտեղ սովորական է կեղծելը, ստելը, քծնելը, և որից ինչ¬որ չափով օտարված են հայր ու որդի, փորձում են հասկանալ իրար։ Մեկ ընտանիքի  պատմությամբ պիեսի հեղինակը վեր է հանում 20-րդ դարի երկրորդ կեսին ամերիկյան հասարակության իրական պատկերը։ 

Ներկայացումը հենված է դերասանական խաղի և գործողությունների (ու հակագործողությունների) սուր ընթացքի վրա, որը տանում է դեպի բեմադրության գերխնդրի լուծմանը` անհատի ողբերգությունը, անհատի և հասարակության փոխհարաբերությունները, հասարակություն, որ ախտահարված է։ Կեղծիքն ու սուտը մի ողջ համակարգի անբաժան բաղադրիչներ են, համակարգ, որի մեջ ապրում են հերոսները։ Ճշմարտության երեսին նայելու համարձակությունը նվազել է։ Ինչպես ասում է գործող անձերից մեկը՝ Մեգգին, ՙլռությունից, իրար չհասկանալուց աճում է թարախապալարը, հասունանալով դառնում չարորակ՚։ Ընտանիքի երկու հարսները, ճանկերը սրած կատուների պես, բզկտում են իրար` ավելի մեծ ՙպատառ՚ ձեռք բերելու համար։ Տան ավագ որդին՝ Գուփրը, չի թաքցնում հրճվանքը հոր ժառանգությանը տիրանալու հեռանկարից։ Մարդկային հարաբերություններում մաքուր ու ազնիվ շատ քիչ բան է մնացել։ 

Մարիամ Խաչատրյանը խաղում է հրապուրիչ կնոջ՝ Մեգիի կերպարը, ով ծայրահեղ հոգեվիճակների մեջ է։ Աղքատ ընտանիքում մեծացած, սոցիալական վիճակից քծնելուն, կեղծելուն վարժված աղջիկը չարությունը, նախանձը չի կարողանում զսպել, երբ խոսքը վերաբերում է տեգրին ու կնոջը, որ սպասում են վեցերորդ երեխային։ Մեգգիի բարդ ու հակասական էությունը դերասանուհին կարողանում է հասցնել հանդիսատեսի հոգուն ու մտքին։ Հատկապես նախանձ, խանդոտ կին խաղալու տեսարանները դիտվում են հետաքրքրությամբ։ Եսամոլ, նենգ, ճարպիկ կնոջ հետաքրքիր կերպար է ստեղծել երիտասարդ դերասանուհի Մարիանա Գրիգորյանը։ 

ՙՇիկացած տանիքին նստած կատվի՚ պատկերը` որպես խորհրդանիշ ու խոր ընդհանրացում, որ կա Ուիլյամսի պիեսում, բեմադրիչը կարողացել է ստեղծել ու կարմիր թելի պես տանել ներկայացման ողջ ընթացքում՝ շեշտելով այն հերոսների բեմական խոսքում։ Մեծ Հայրիկը զարմանքով հարցնում է, թե ինչու են երկու հարսները նման կատվի։ Մեգգին իր հոգեվիճակը մեկնաբանում է այսպես. ՙԵս ինձ միշտ շիկացած տանիքին նստած կատվի պես եմ զգում՚: Մյուս հարսը՝ Մեյին, հարցնում է. ՙՄեգգի, ինչո՞ւ ես կատվի պես ճանկռում՚։ Տղամարդկանցից մեկն ասում է. ՙՆրանք պարզապես երկուսով նույն վանդակն են զբաղեցնում՚։

Հարվիի կերպարը, որ խաղում է ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը, միագիծ չէ։ Նա շրջապատի ախտերին, կեղծավորությանն ու բամբասանքին համակերպվել է... չհամակերպվելով, հոգում պահպանելով մի մաքուր անկյուն. դա աշխատողի, քրտինք թափողի հոգու խորքում պահած ազնվությունն է։ Պիեսում Մեծ Հայրիկն ավելի կոպիտ, ավելի ողբերգական է, քան խաղում է Քաջիկ Հարությունյանը։ Այնուամենայնիվ, և բեմադրիչի, և դերասանի ստեղծած ինքնատիպ կերպարը համապատասխանում է պիեսի կերպարի ներքին էությանը։ 

Բրիկի հրապուրիչ, թվացյալ անտարբեր, հոգեկան ներքին անհանգստություններն ու տվայտանքները զուսպ խաղով ներկայացնում է երիտասարդ շնորհալի դերասան Գենադի Առուշանյանը։ 

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչները (Քաջիկ Հարությունյան` Մեծ Հայրիկ, Արմելա Առաքելյան` Մեծ Մայրիկ, Սամվել Մկրտչյան` Սպասավոր, Էդուարդ Դավթյան` Գուփր):

Մեր այն հարցին, թե հանդիսատեսն ինչպես է արձագանքել, բեմադրիչ Մարիա Կարապետյանն ասաց. սա այն ներկայացումը չէ, որ լիքը դահլիճ ապահովի, սրա հանդիսատեսը ուրիշ է, բայց՝ կա։ Կարևորն այն է, որ խաղացանկում կա դասական գործ, ներկայացում, որ խորհելու տեղիք է տալիս։ 

ՙԿատուն շիկացած տանիքին՚ ոչ մեծ լսարանի համար է, բայց ունենք հանդիսատես, որ գալիս է։ ՙԱմերիկյան դասականի շոշափած խնդիրներն արդիական են,¬ զրույցի ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը։  -Այսօր թատրոնը տարբեր ժանրերի ներկայացումներ է մատուցում, և հանդիսատեսը ընտրելու հնարավորություն ունի, թե ինքը ինչ է ուզում բեմում տեսնել։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ