ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ԱրՊՀ է այցելել ԱՀ Նախագահի խորհրդական, տ.գ.թ. Արայիկ Հարությունյանը և բուհի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողության մասնակցությամբ անցկացրել աշխատաժողով։


Նա հանդես է եկել բանախոսությամբ՝ ՙԱՀ տնտեսության զարգացման ուղին, մարտահրավերները՚ թեմայով, որից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։

Բացելով հանդիպումը՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն  հայտնելով Ա. Հարությունյանին՝ ԱրՊՀ այցելելու և բանախոսությամբ հանդես գալու համար։ ՙԱրայիկ Հարությունյանի հասարակական-քաղաքական, տնտեսական գործունեությունը ներկայացնելու կարիք չկա։ Բոլորս ծանոթ ենք ԼՂՀ վարչապետի պաշտոնում տասը տարի, այնուհետև պետնախարարի պաշտոնում  ծավալած նրա գործունեությանը։ Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև ԱրՊՀ խորհուրդը տարիներ շարունակ նրա կողմից ղեկավարելը, Արցախի մայր բուհի շրջանավարտ լինելը, որոնցով պայմանավորված` նա մշտապես  ցանկացած հարցի տվել է  օպտիմալ լուծումներ՚,-ասել է մայր բուհի ղեկավարը։

Ա. Հարությունյանն ուսանողներին է ներկայացրել  Արցախի տնտեսության հիմնական ցուցանիշները, ապագայի տեսլականը։ Բանախոսությունն սկսելով  Ղարաբաղյան հիմնախնդրից՝ նա ընդգծել է հատկապես  հիմնախնդրի վրա ունեցած ադրբեջանական նավթային գործոնի դերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում առաջնահերթ համարելով տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու հանգամանքը, որն էլ իր հերթին ենթադրում է մարտունակ բանակ,  դինամիկ զարգացող տնտեսություն, ժողովրդագրական դրական աստիճան։ ՀՀ և ԱՀ տնտեսությունների զարգացումը տարանջատելով՝ բանախոսը հանգամանորեն ներկայացրել է ԱՀ տնտեսության անցած ճանապարհը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։ Խոսելով ԱՀ տնտեսության աճի երկնիշ ցուցանիշի մասին՝ նա հատկանշել է, որ ոլորտում առկա աճը համաչափ անդրադառնում է կյանքի որակին՝ փաստական տվյալներ ներկայացնելով Արցախի բոլոր ոլորտների ուղղություններով, այդ թվում՝ առողջապահության, կրթական հաստատությունների, սպորտի, ենթակառուցվածքների և այլ ուղղություններով։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտից՝ Ա. Հարությունյանը նշել է, որ տարեցտարի բարձրանում է աշխատանքների արդյունավետությունը։ Հանրապետությունում ստեղծված են բոլոր նախադրյալները ոլորտը զարգացնելու  համար։ Նրա խոսքով՝ առաջիկայում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը, իսկ շարժիչը լինելու է նռան արտադրությունը՝ հաշվի առնելով մրցակցային պայմանները։ ՙՆուռը պետք է դառնա Արցախի բրենդը՚,-նշել է նա՝գյուղատնտեսության ճյուղերում կարևորելով նաև անասնապահության ոլորտը, ձկնաբուծության խթանումը։

Հանքարդյունաբերություն, էներգետիկա, ենթակառուցվածքների,  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, զբոսաշրջություն, պատմամշակութային հուշարձանների պահպանում և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող մյուս ոլորտների վերաբերյալ ուսանողներն իրազեկվեցին Ա. Հարությունյանից՝ ստանալով նաև հետաքրքրող հարցերի պատասխաններ։

Ի պատասխան հնչած հարցի՝ բանախոսը վստահեցրել է, որ հէկերի  զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առաջիկայում գոհացուցիչ արդյունքներ են խոստանում՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն բնավ չի սպառնում էկոլոգիական անվտանգությանը։

ՙԱրցախի Հանրապետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերը տնտեսական աճն է։ Այսօր ունենք միջինը 10 տոկոսից ավել տնտեսական աճ։ Մենք պետք է շարունակենք աճի առաջիկա տեմպերը և կարողանանք պահպանել տարեկան միջինը նույնքան աճի մակարդակ՚,-ասել է նա։

Վերջում Ա. Հարությունյանը ուսանողների շրջանում գործարարությունը խթանելու նպատակով խոստացավ նրանց կողմից ներկայացրած լավագույն երեք բիզնես-ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներ գտնել։

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ