ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ՝ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

Ավանդույթի համաձայն` Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացած հանդիսավոր արարողությունը ԱՀ հանդբոլի հավաքականի հերթական հաղթանակի առթիվ էր։ Երկու տարի անընդմեջ Արցախի հանդբոլիստները ՀՀ առաջնությունում զբաղեցնում են 1-ին հորիզոնականը։ 


 Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի քաղաքապետ, ԱՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանն ընդունեց և խրախուսեց հավաքականի մարզիկներին և մարզիչներին։ Նա ջերմորեն շնորհավորեց մարզաձևի ներկայացուցիչներին ձեռքբերումների համար և կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեր հանդբոլիստները, հատկապես մինչև 16 տարեկան աղջիկներն ու տղաները, ցուցաբերում են լավ արդյունքներ՝ ՀՀ մրցաշարերում զբաղեցնելով առաջնային տեղեր։ Ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ ոչ մի հաղթանակ հեշտությամբ չի տրվում։ Դա  տքնաջան աշխատանքի արդյունք է։ 

Ներկայում հանրապետության դպրոցներում և մարզադպրոցներում ձևավորվել են հանդբոլի խմբեր, և մարզիչներն անում են հնարավորը` պարապմունքները լիարժեք անցկացնելու համար։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր մարզիչներին, ովքեր ջանասիրաբար աշխատում են պատանիների հետ և փորձում այս գեղեցիկ մարզաձևը զարգացնել Արցախում, իսկ մարզիկներին հորդորեց երբեք չինքնահանգստանալ։ Նա նաև վստահեցրեց, որ կաջակցի շնորհալի մարզիկներին ու կերաշխավորի նրանց սովորել ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ հանդբոլի ուղղությամբ։ 

Ստեփանակերտի քաղաքապետարանի ԿԳՍ բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով հանդբոլիստներին, նշեց, որ ՙառողջ ոգի` առողջ մարմին՚ փիլիսոփայությունը մեկ անգամ ևս հավաստեցին հաղթանակած մարզիկները։ Նրա խոսքով՝ հանդբոլը, ինչպեսև մյուս մարզաձևերը, ունեն դաստիարակչական մեծ նշանակություն. մարզիկներն ավելի կազմակերպված են լինում, կայացած, զգոն։ Բոլոր մարզաձևերն էլ պետք է դարձնել զանգվածային, որպեսզի սպորտը դառնա բոլորի կենցաղը, ապրելակերպն ու առօրյան։ Իսկ ԱՀ հանդբոլի հավաքականի կրկնակի հաղթանակը փաստում է մարզիկների քրտնաջան աշխատանքի և մարզիչների նվիրումի մասին։ 

Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանը պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրեց ԱՀ հանդբոլի մինչև 16 տարեկան աղջիկների և տղաների թիմերի մարզիկներին ու մարզիչներին։ 

Ֆեդերացիայի աղջիկների թիմի մարզիչ Մարիետա Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ձգտելու են նշաձողը միշտ բարձր պահել, իսկ հանդբոլի մարզիչներին  ու մարզիկներին կոչ արեց լինել կուռ` հաղթանակները ձեռքից բաց չթողնելու համար։ 

ՙՇնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ բոլոր փորձությունները մնան հին տարում, իսկ Նոր Տարին բերի միայն նորանոր հաջողություններ ու հաղթանակներ՚,- վերջում հավելեց Մ. Հովհաննիսյանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ