comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

 

Հայ ժողովուրդը դարեր շարունակ կուտակել է հարուստ մշակույթ:

Այն պահպանվել և հասել է մեր օրերին և առ այսօր սնում է սերունդներին: Սակայն, ինչպես ցանկացած ասպարեզում, կան խնդիրներ նաև մշակույթի ոլորտում: Որո՞նք են դրանք: Ինչպե՞ս լուծել դրանք: Ի՞նչ հույսեր են գալիք տարում կապվում ոլորտի զարգացման հետ: Այս և այլ հարցերի շուրջ ընթացավ զրույցը Արցախի պետական երգչախմբի ղեկավար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:-Տիկին Գրիգորյան, Արցախյան պատերազմից հետո ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կառուցում ենք նորանկախ մեր պետությունը, ձևավորում երկրի մշակութային ոլորտը: Հիշենք` այդ տարիների ընթացքում ստեղծվել են ստեղծագործական նոր կոլեկտիվներ, վերաձևավորվել են հին խմբերը, հիմնադրվել են արվեստի նոր դպրոցներ, ստեղծագործական կենտրոններ, այլ մշակութային օջախներ, նախկինում գործող երաժշտանոցները վերափոխվել են արվեստի դպրոցների: Հանրապետությունում պարբերաբար կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ: Սակայն չլուծվող խնդիրներ դեռ կան: Ըստ Ձեզ, որո՞նք են դրանք:

-Կուզենայի կանգ առնել մի կարևոր հարցի վրա: Նկատի ունեմ դպրոցականների համար դասական համերգներ կազմակերպելու ավանդույթը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում է Հայաստանում: Մոտ 32 մլն դրամ է հատկացվում հանրակրթական դպրոցների աշակերտների համար դասական երաժշտության համերգներ կազմակերպելու նպատակով: Ինչո՞ւ եմ դա կարևորում: Երբ երաժշտական, նկարչական կամ մեկ այլ ունակություններով օժտված երեխան հաճախում է մասնագիտացված դպրոց, նա, բնականաբար, խորանում է իր ընտրած ուղղության մեջ, դրանով իսկ հարստացնում է իր ներաշխարհը: Բայց նման երեխաների թիվը շատ փոքր է: Եվ ստացվում է, որ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաների մեծ մասը չի ընդգրկվում գեղագիտական զարգացում ապահովող այդ դարբնոցներում: Արդյունքում նրանք կտրված են մնում ազգային, համաշխարհային արվեստի ցանկացած ճյուղից: Այո, 1-5-րդ դասարաններում ՙերաժշտության հիմունքներ՚, ՙնկարչություն՚ առարկաների դասավանդումը կոչված է լրացնել այդ բացը: Սակայն, ցավոք, այդ

առարկաները դասավանդում են մեծամասամբ ոչ պրոֆեսիոնալներ, պատահական մարդիկ, և ջանքերն այդ իզուր կորչում են: Նշածս ծրագիրը Հայաստանում շատ արդյունավետ է գործում: Կենդանի, գեղեցիկ կատարումներով ծրագրում ընդգրկված երաժիշտները հիանալի կերպով երեխաներին ծանոթացնում են դասական, ազգային, համաշխարհային երաժշտության հետ: Մենք պետք է ընդօրինակենք այդ փորձը:

-Ինչպե՞ս դա պետք է տեղի ունենա:

- Մշակույթի նախարարությունը պետք է ընդունի, հաստատի նման ծրագիր և երկրում գործող նվագախմբերի, երգչախմբերի միջոցով այն իրականացնի: Հասկանալի է, քիչ բնակչության համար քիչ էլ ծախսեր են պետք: Երբ մեր երգչախումբը դեռ 1998-ին Ֆրանսիա հյուրախաղերի էր մեկնել, Կան քաղաքում, որտեղ ելույթ ունեցանք, հենց նման մի ծրագիր էր իրականացվում: Մեզ առաջարկեցին միանալ ծրագրին և ևս մի քանի համերգներ տալ հանրակրթական հաստատություններում սովորող երեխաների համար: Մեծ սիրով ընդունեցինք հրավերը, դարձանք այդ ծրագրի անմիջական մասնակիցները և մեծ հաճույքով հանդես եկանք երեխաների առջև: Մեծ է ծրագրի դերը երեխաների գեղագիտական դաստիարակության գործում, ուստի նորից եմ դիմում վերադաս պետական կառույցների ղեկավարներին, բարերարներին. եկեք իրականություն դարձնենք այն` ի շահ մեր երեխաների:

-Շարունակելով թեման, ի՞նչ կասեք գյուղերում արվեստի դպրոցների գործունեության մասին:

-Կարծում եմ, այդ քաղաքականությունը` ուղղված գյուղական վայրերում գեղագիտական ուսում և դասիարակություն իրականացնող մասնագիտացված հաստատությունների հիմնմանը, շատ ճիշտ էր ու արդարացված: Արդարացված եմ համարում նաև շրջաններում դեռ խորհրդային ժամանակներից գործող երաժշտական դպրոցների վերափոխումն արվեստի դպրոցների: Շնորհիվ այդ հաստատությունների` ստեղծվել են բացառիկ պայմաններ գյուղերում ապրող երեխաների համար: Տեղյակ եմ` այդ արվեստի դպրոցներն ավարտած շատ պատանիներ շարունակում են կատարելագործվել երաժշտական քոլեջում, իսկ լավագույններն արժանացել են նորաստեղծ ազգային նվագարանների նվագախմբում աշխատելու պատվին: Համոզված եմ` մշակութային այս ռազմավարությունը շատ ճիշտ է և պետք է շարունակություն ունենա: Նման դպրոցների ցանց պետք է ստեղծվի ողջ հանրապետությունում: Երբ խոսում եմ պրոֆեսիոնալիզմի տարածման, հասարակության մեջ գեղագիտական ճաշակի բարձրացման մասին, դրան հասնելու կարևոր ուղիներից մեկն էլ հենց այդ դպրոցների գործունեությունն եմ համարում: Եվ ինչքան շատ շրջաններում, գյուղերում ապրող երեխաներ անցնեն այդ մշակութային դարբնոցներով, այնքան հեշտ ու արդյունավետ կլուծվի խնդիրը, և մենք համեմատաբար շուտ կունենանք գեղագիտական նուրբ ճաշակ ունեցող հասարակություն: Իսկ ցանկացած զարգացած երկրի հիմքը կիրթ, բարձրաճաշակ հասարակությունն է: Հայ ժողովուրդը հարուստ մշակութային ժառանգություն ունի: Մենք պետք է այդ ժառանգության ոչ միայն կրողները լինենք, այլև շարունակողները, նորը ստեղծողները: Եվ այսօր էլ պետք է աշխարհին ներկայանանք որպես հարուստ մշակույթ ունեցող ազգ:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ