ԱՄԱՆՈՐԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀՆՈՒՑ Ի ՎԵՐ

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ, Կաղանդ՝ այս բոլոր անվանումները տարբեր ժամանակաշրջաններում խորհրդանշում էին Նոր տարին: Ինչո՞վ են պայմանավորված նման բազմաանվանակոչությունները, ճշտեցինք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

 Ըստ Լ. Հովհաննիսյանի՝ մատենագրական աղբյուրներից հայագիտության մեջ պարզաբանված են հին հայկական ամիսների անվանումները, որոնք սկսվում էին Նավասարդից, ինչը նշանակում է հենց նոր տարի: Այն դեռևս վաղնջական ժամանակներում նշվում էր մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, որը բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Դա պայմանավորված էր նրանով, որ հին ժողովուրդներն առաջնորդվում էին լուսնի օրացույցով: Տոնն այդ կոչվում էր նաև Ծաղկըմուտ: Այդ օրը նշվում էր Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Արեգակնային տոմարին անցնելուց հետո լուսնայինը դեռևս գործածվում էր: Այն, որ Նավասարդը տոնվում էր գիշերահավասարի օրը, նշված է գիտական աղբյուրներում, մասնավորապես Պոլսի Հայոց պատրիարք, աստվածաբան, հայագետ, պատմաբան Մաղաքիա Օրմանյանի, պատմաբան, աշխարհագրագետ, հայագետ Ղևոնդ Ալիշանի աշխատանքներում: Արեգակնային տոմարը, ըստ Օրմանյանի և տոմարագետ Սեմյոնովի, հաստատվել է Ք.ա. 460 թվականին, և այդ տոմարով նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին օրը, որը համապատասխանում էր արդեն օգոստոսի 11-ին:

Նավասարդի տոնը փոխկապակցված է Հայկ Նահապետի 2492 թվականին Տիտանյան Բելի հանդեպ տարած մենամարտի հետ, որը համարվում է հայ ազգի ինքնության, կազմման տարին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ նոր տարվա սկիզբ էին համարում իրենց պատմության կարևոր իրադարձությունները: Բացառություն չէին նաև հայերը:

Նավասարդի տոնը ենթարկվեց փոխակերպումների և սկսվեց նշվել (հատկապես գյուղական շրջաններում, Արցախում) նոյեմբերի վերջին շաբաթը, այսպես ասած, նախրաթողի օրը, երբ նախիրը սարերից, ամառային արոտավայրերից իջեցնում էին գյուղերը: Ըստ ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի՝ անգամ մինչև 1920-ականները միայն շուշեցիներն էին հունվարի 1-ին իրար շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ:

Ամանորը (ամ՝ տարի և նոր) հայոց Նավասարդ ամսի սկզբում կատարվում էին ամանորի (նոր տարվա) տոնախմբություններ: Այն նվիրված էր հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, ՙնոր պտուղների ամենաբեր՚ համարվող Ամանոր աստծուն: Տոնախմբություններում հիշատակվում էր նաև նրա եղբայր` հյուրընկալության աստված Վանատուրը: Նոր տարին էլ նվիրված էր Ամանորին և Վանատուրին:

Կաղանդը փոխառություն է հունարեն, լատիներեն լեզուներից և նշանակում է ամսագլխի օր, ամսամուտ: Այն տարածված էր հիմնականում Արևմտյան Հայաստանում:

Երբ Ք.ա. 45թ. շատ երկրների կողմից ընդունվեց հուլյան տոմարը, որով նոր տարին տոնում էին հունվարի 1-ին, որը նշանակում է ծնունդ, որով և առաջնորդվում էին մինչև 1582թ., հայերը նոր տարին տոնում էին համաձայն սեփական տոմարի օրացույցի: 1582-ին ընդունվեց գրիգորյան տոմարը, և մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունվեց աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդների կողմից:

18-րդ դարից ի վեր, կաթողիկոս Սիմեոն Երևանցու ջանքերով, հայկական մշակույթ մուտք գործեց ձմեռային ամանորը: Այդ տոմարագիտական ռեֆորմն ի զորու եղավ փոխելու դարերով եկած կենցաղն ու սովորությունները:

Ամանորի կարևոր սովորույթներից (որը մինչ այժմ մասամբ պահպանվել է) բնակարանի, բնակավայրի, մարդու մարմնի ու հոգու մաքրման ծիսակատարությունն էր: Մեծ նշանակություն էր տրվում ծիսական ուտեստներին և այցելություններին: 

Մաքրման ծիսակատարությունից հետո սկսվում էր տունը զարդարելու արարողությունը: Զարդարանքները ոչ միայն այն, որ գեղագիտական էին, այլ նաև չարխափաններ: Շատ կարևոր սկզբունք էր (որը, ցավոք, կորցրել ենք) նոր տարուց առաջ պետք էր բոլոր գժտվածները հաշտվեին: Անգամ գժտված գերդաստաններն էին ենթարկվում այդ չգրված օրենքին, հաշտեցնողներն էլ գյուղի հեղինակավոր մարդիկ էին: Դրա հետ մեկտեղ պետք է ազատվեին պարտքերից, որպեսզի տարին բարեբեր լիներ: Այդ սովորույթները հարգի էին նաև Արցախում:

Ծիսական ուտեստները բուսական ծագում ունեին, քանի որ քրիստոնեական Ամանորը համընկնում էր պահոց շրջանին: Սեղանին պետք է դրված լինեին պահոց ուտելիքներ, կենդանական ծագման ուտեստները չէին դրվում սեղաններին: Իսկ որպես հիմնական խորհուրդ` սեղանին դրվում էին սերմ պարունակող ուտեստներ, օրինակ` ընդեղեն, ընկուզեղեն, հացահատկի տեսակներ, կանաչի: Այսինքն` պարտադիր պետք է լիներ սերմը կամ հատիկը, բույսը և նրա արդյունքը` պտուղը: Հիմնական ուտեստները պետք է պատրաստվեին այս երեք բաղադրիչներից: Օրինակ` այսօր հայտնի է շուրջ 40 տեսակ պասուց տոլմա: Արևելյան Հայաստանում տարածված ոսպով, սիսեռով, բրնձով, ձավարով պատրաստվող պասուց տոլմայի բաղադրիչները հենց այդ սերմերի խորհուրդն ունեն: Իսկ Արցախում, Սյունիքում, Տավուշում պատրաստում էին նաև լոբուց ուտեստներ, քանի որ այդ շրջաններում շատ հարգի էր այդ սերմը: Պարտադիր էր աղանձը: Եվ ճաշակելով այդ սերմերը` մարդիկ ակնկալում էին պտղաբերություն` նոր տարվա ողջ ընթացքում: Կարևոր էին նաև քաղցրավենիքի տեսակները, գաթան պարտադիր էր, մի մասն էլ պետք է նմանվեր երկրագործական գործիքների: Բոլոր ուտեստները կապված էին պտղաբերության խորհրդի հետ, և նույնիսկ գուշակություններ էին արվում այս թեմայի շուրջ: Օրինակ Տարեհաց էր՝ ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց էր թխվում, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղյա դրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան կամ տարվա ամիսների քանակով և ում որ բաժին էր հասնում հատիկը, նրանից էլ ակնկալում էին տարվա հաջողությունները: Չգրված կանոնների համաձայն՝ ուտեստների, չրեղենի, մրգերի տեսականին պետք է հասցնեին 7-ի, որը հին ու նոր ժամանակներում առանցքային խորհրդանիշ էր՝ կապված աստվածների հետ: Կենդանական ուտեստներին անցնում էին միայն Սուրբ Ծննդյան տոնից հետո: Խորհրդային տարիներին հակակրոնական քաղաքականությունը նպաստեց, որ Ամանորը հագենա ավելի աշխարհիկ ծիսակարգերով: Այն դարձավ համախորհրդային մշակույթի մաս: Փոխվեցին ուտեստների տեսականին, ծիսակատարությունները. կրոնական ծեսը վերափոխվեց աշխարհիկի: Օրինակ` մինչխորհրդային շրջանում ընդունված էր, որ ընտանիքը Նոր տարին եկեղեցում դիմավորի, որից հետո միայն տեղափոխվում էին տուն և սկսում խնջույքը: Խորհրդային շրջանում այն դարձավ ավելի կոլեկտիվ մշակույթ:

Կարևոր էր նաև միմյանց այցելելը, Ամանորը շնորհավորելը: Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին՝ իրենց հետ տանելով միրգ, գինի, չրեղեն: Վերջինս էլ սեղան էր գցում տան առաջ և հյուրասիրում ժողովրդին: Հետո գնում էին գյուղի ավագանու անդամների տները, ստանում Ամանորի բարեմաղթանքները:

Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու, կաղնու պաշտամունքը: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ: Շատ էին պատրաստում հասկերով ծառեր: Այդ ծառերը խորհրդանշում էին դրախտի Կենաց ծառը: Մրգերով, չրերով, ընկուզեղենով, լոբով, այսինքն՝ կրկին պտղաբերության խորհրդանիշերով զարդարված Կենաց ծառը տանում էին եկեղեցի, քահանան օրհնում էր, որից հետո այն բերվում էր տուն:

Ամանորի եղևնին կյանք է մտել Եվրոպայում միայն 16-րդ դարում՝ Մարտին Լյութերի նախաձեռնությամբ:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ