ԹՈ՜Ղ 2019-Ը ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ

 

 

 

Արցախի մարզական տարին ամփոփում է ԱՀ ԿԳՍՆ սպորտի վարչության պետ, սամբոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 

 

-Պարոն Դանիելյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին Արցախի մարզաշխարհի համար:

-Եթե համեմատենք 2017-ի հետ, 2018-ն ավելի արդյունավետ տարի էր: Այդ մասին նաև տարեվերջին ԱՀ Նախագահի կողմից պարգևատրված մարզիկների  քանակն է խոսում, հաղթանակներ բերած մարզաձևերի բազմազանությունը: Բերենք մի քանի տվյալներ. այս տարի Արցախի մարզիկները մասնակցել են աշխարհի շուրջ 20 առաջնության տարբեր տարիքային խմբերում: Մասնակիցների քանակը` 76, ունեցել ենք մեկ 1-ին, տասնմեկ` 3-րդ, երկու 5-րդ տեղ: 75 մարզիկ մասնակցել է  Եվրոպայի 25 առաջնությունների. ունենք հինգ 1-ին, տասնմեկական` 2-րդ և 3-րդ տեղեր: 39 անգամ` 238 հոգի մասնակցել է միջազգային տարբեր մրցաշարերի, ունենք երեսուն 1-ին, քառասունմեկ` 2-րդ, քսանյոթ 3-րդ տեղ: Իսկ ՀՀ  125 առաջնություններին մասնակցել է 1438 հոգի: 1-ին տեղում ունեցել ենք 116 հոգի,  2-րդ` 87, 3-րդ` 97: Կարող եմ ասել, որ տարեցտարի ավելանում է մեր մարզիկների  և սպորտով պարապողների թիվը: Եվ դա շատ ողջունելի է, որպեսզի մեր հանրապետությունում կարողանանք առողջ ապրելակերպ սերմանել: Առողջ ապրելակերպը մանուկ հասակից պետք է սովորեցնել երեխային, որպեսզի նա այդ տարիքից  գիտակցի` ինչ է  պայքարելը, դժվարությունները հաղթահարելը,  հաղթանակի բերկրանքը: 

- Նշեք  ճանաչված մարզիկներից մի քանիսին: 

- Այս տարի մենք ունեցանք մեծահասակների  Եվրոպայի և աշխարհի չեմպիոն կիոկուշին կարատե մարզաձևից` Արթուր Առուշանյան, պատանիներից` Վարդան Ղալայան, երիտասարդներից  Եվրոպայի չեմպիոն Միքայել Մխիթարյան` կարատե,  իսկ ուշուից  աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն` Արսեն Բաղրյան, սամբոյի գծով Եվրոպայի գավաթակիր Սերգեյ Կարապետյան:  Տարին եզրափակեցինք չեմպիոններով: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցանք աշխարհի և Եվրոպայի 3 չեմպիոն: 

-Ամփոփենք. ո՞ր մարզաձևերից են մեր մարզիկները պարգևատրման արժանացել, ավելի շատ ո՞ր մարզաձևերն են տարածված Արցախում:

-Կարելի է ասել`  գրեթե  բոլոր մարզաձևերից ունենք արդյունքներ. կիոկուշին կարատե, ուշու, օլիմպիական կարատեից այս տարի ունեցանք Հայաստանի չեմպիոն: Սամբո մարզաձևից ամենից շատ արդյունքներն ունենք և՜ մեդալների, և՜ մարդկանց քանակով: Խառը /MMA/ մենամարտերից ունենք,  մուայ թայից, ուժային եռամարտից, երկար տարիներից հետո այս տարի բռնցքամարտից ունեցանք Եվրոպայի մրցանակակիր (Քերթ գյուղից` Մանվել Պետրոսյան), շախմատից, ձյուդոյից ևս ունենք: Հայաստանի  առաջնություններում էլ ապահովել ենք արդյունքներ` թաեքվոնդո, սեղանի թենիս, աթլետիկա: Տղամարդկանց վոլեյբոլի հավաքականը 1-ին տեղ գրավեց Հայաստանի առաջնությունում, նույնը և` բասկետբոլի թիմը: Հանդբոլի տղամարդկանց թիմը 2-րդ տեղը գրավեց, իսկ  կանանց վոլեյբոլի թիմը` 3-րդ տեղը: 

-Ի՞նչ կասեիք մարզադահլիճների, մարզահրապարակների մասին:

-Տարեցտարի դրանց քանակն ավելանում է: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցին հարող բակերից մեկում այս տարի հանդբոլի դաշտ է կառուցվել: Առաջիկայում պիտի կառուցվեն նոր մարզադահլիճներ, կառուցվում է մարզամշակութային համալիրը ՙՏաշիր գրուպ՚-ի հովանավորությամբ: Շրջաններում ևս ունենք լավ մարզակառույցներ, ճիշտ է, ոչ ամեն տեղ, բայց ավելի լավ, քան կան մայրաքաղաքում: Ուղղակի մենք հիմա մասնագետների պակաս ունենք,  հատկապես մարզիչների կարիք է զգացվում  շրջաններում: Օրինակ, նախանցյալ տարի Ճարտար և Գիշի համայնքներում կառուցվել են մարզադահլիճներ, սակայն Ստեփանակերտից են մասնագետները գնում, պարապմունքներն անցկացնում: Հուսով ենք, որ արդյունքները շուտով կերևան, և այդ համայնքները սեփական մարզիչներ կունենան: 

- Ֆեդերացիաների մասին: 

-Ֆեդերացիաներն Արցախում 22-ն են, դրանք պետությունից ստանում են աջակցություն: Նոր ֆեդերացիաներ չեն ստեղծվել, ավելի շատ ուշադրությունն ուզում ենք ուղղել օլիմպիական մարզաձևերին, որովհետև ցանկացած երկրում ավելի շատ տեղ են տալիս դրանց,  պետությունն ավելի շատ ճանաչվում է դրանցով: Ունենք մարզաձևեր, որոնք այս տարի ՄՕԿ-ի կողմից ժամանակավոր ճանաչում են ստացել: Մենապայքարային մարզաձևից  ըմբշամարտը, ձյուդոն օլիմպիական մարզաձևեր են, իսկ մուայ թայը, սամբոն, քիք բոքսինգը ժամանակավոր ճանաչում են ստացել ՄՕԿ-ի կողմից, երևի 2020թ. կորոշվի դրանց ապագան: 

- Օլիմպոսն անկասկած բոլորի երազանքն է … 

- Ամեն տարի մեր մարզիկները պարգևատրվում են, բայց, ցավոք, օլիմպիական  մարզաձևերից բարձր նվաճումներ դեռ չունենք: Մեր երազանքը  դա է, և  մեր աշխատանքները տանում ենք այդ ուղղությամբ: 

Վստահ եմ`  մեր երազանքն իրականանալու է. եթե ոչ օլիմպիական չեմպիոն, օլիմպիադային մասնակից ունենալու ենք: Պետությունն էլ աջակցում է: Դա տեսանելի է թեկուզ  պարգևատրվողների քանակից. այս տարի ԱՀ Նախագահի և կառավարության կողմից պարգևատրվել է 136 հոգի: Նրանց մեջ նաև  բարձր նվաճումներ արձանագրած մարզիկների մարզիչներն են: Դրամական այդ պարգևները  մեծ խթան են: Տարիներ առաջ  մարզիկներին հղված շնորհավորանքը միայն բարոյական էր, իսկ հիմա նաև նյութական բովանդակություն ունի: Մարզիկը հիմա գիտի, որ բարձր տեղ գրավելն  իր համար նաև գումար վաստակելու միջոց է: 

- Այս տարին  հիշարժան էր նաև նրանով, որ ստեղծեցիք Արցախի մարզիկների միություն` ԱՄՄ: 

- Դա  նույնպես խթանելու է  սպորտի զարգացմանը, մարզիկների սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր մարզիկներից  ոմանք բանակում ծառայությունն ավարտելուց  հետո չեն շարունակում սպորտը հենց այդ պատճառով.  ընտանիք կազմելով` չեն հասցնում հոգալ  կարիքները: ԱՄՄ հիմնական գործառույթը դա պետք  է լինի: 

- 2018 թվականը  նաև Ձեր անձնական հաջողության տարի էր. երեք դստրիկներից հետո ունեցաք որդի…

 - Իմ կարծիքով,  արցախցու ընտանիքում պետք  է առնվազն 4 երեխա լինի: Յուրաքանչյուր արցախցի պետք է նաև մտածի, որ  երեխան միայն իրենը չէ, նաև Հայրենիքինն է: 

-Ի՞նչ  կմաղթեք մարզիկներին, մարզասերներին և ընդհանրապես` հանրությանը:

-Նոր տարում  բոլորին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ամենակարևորը` առողջություն. մանավանդ մարզիկի համար դա ամենակարևորն է: 

Թող 2019-ը լինի միայն հաղթանակների տարի: