ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԻՐԱԽԱԿԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԳՅՈՒՂԵՐԸ

Արդեն երկու տարի է, ինչ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնում աշխատում է մշակութաբան Երազիկ Հայրիյանը: Երկու տարվա ընթացքում շրջանի մշակութային կյանքը կտրուկ փոխվել է: Ինչպե՞ս և ինչի՞ շնորհիվ` մեր հարցազրույցում իր բացատրությունները, գնահատականներն է տալիս Երազիկ ՀԱՅՐԻՅԱՆԸ:

 -Տիկին Հայրիյան, վերջին երկու տարվա ընթացքում Ձեզ հաջողվեց շրջանում փոխել վերաբերմունքը մշակույթի հանդեպ: Ինչպե՞ս և ինչի՞ շնորհիվ:

-Նախ` անմիջական կապ հաստատեցի ժողովրդի հետ: Պետք է կարողանալ մարդկանց հետ մերվել: Եթե դա տեղի չի ունենում, ստացվում է, որ դու իրենց վերևից ես նայում: Օտար ես մնում: Չեմ ասում, որ բոլորին նույն ձևով եմ վերաբերվում: Կան մարդիկ, որ չէին ուզենա, որ ես ղեկավարեմ այդ ոլորտը, և սկզբում շատ էին խանգարում: Հասկանալի է, որ նրանք ինձ համար էլ հաճելի մարդիկ չեն: Բայց եթե անձնականը մի կողմ չդնես ու չզբաղվես միայն գործով, այն ամենով, ինչի կարիքն ունի ժողովուրդը, դու չես կարող լուծել խնդիրներն ու առաջ գնալ: Կամա՛ց-կամաց նման մոտեցումն իր դրական արդյունքները բերեց: Երբ սկզբում երիտասարդների համար միջոցառում էի կազմակերպում, հազիվ հավաքվում էին 10-15, լավագույն դեպքում` մի 20 երիտասարդ: Իսկ հիմա բաժնի կողմից կազմակերպված միջոցառումներին, լինի դա շրջկենտրոնում, թե գյուղերից մեկում, առնվազն 50 հոգի է հավաքվում: Սրտանց և որակով արված գործը բերում է իր պտուղները: Այս երկու տարիներին նրանք հասցրին ճանաչել ինձ, ծանոթանալ իմ գործելաոճին: Եթե մի բան կազմակերպում ենք, ուրեմն դա իսկապես արվում է բոլորի համար: Եվ դա լինում է հետաքրքիր և ուսանելի: Նրանց հետ շփվելուց հետո նոր խնդիրների մասին ես իմանում և փորձում դրանց ընթացք տալ:
-Իսկ մասնագիտական հաստատություններում ինչպե՞ս հաջողվեց փոխել իրավիճակը:
-Մարդկանց մեջ, չգիտես ինչու, շատ խորն է նստած անտարբերությունը: Պետք էր դա կոտրել: Հադրութի արվեստի դպրոցի դեպքում գուցե խստությամբ, պահանջկոտությամբ, բայց կարողացա փոխել վերաբերմունքը, դրդել դասատուներին` ձգտել ավելիին: Քննություններին, լսումներին, ցուցահանդեսներին միշտ ներկա եմ լինում: Դա զգաստացնում է: Բացեիբաց տեղում մատնանշում եմ բացթողումները, դասատուների հետ քննարկում` ինչպես դրանք հաղթահարել: Պատկերացրեք, որոշ բաժիններում արդեն տեսանելի է առաջխաղացումը: Ես կարողացա նրանց համոզել, որ կարևորը աշխատավարձը չէ, այլ գործը, արդյունքը: Թոշակառու ուսուցիչներին չուղարկեցինք տուն, ինչպես դա օրենքով նախատեսված էր, պահեցինք, բայց կես դրույքով: Ազատված ժամերը տրամադրեցինք երիտասարդ մասնագետներին, ինչից նրանք ոգևորվեցին: Արդյունքում, շահեցին բոլորը: Ավագ դասատուները հնարավորություն ունեցան շարունակել զբաղվել սիրած գործով և իրենց փորձը կիսել երիտասարդների հետ: Վերջիններս էլ հնարավորություն ունեցան սեփական փորձը հարստացնել, դպրոցն էլ` լավ առաջադիմության հասնել: Մի խոսքով, ձգտում եմ հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել դպրոցին: Եվ, հուրախություն բոլորիս, սայլը տեղից շարժվում է:
-Հենց ստանձնեցիք պաշտոնը, նախաձեռնեցիք հանրապետական նշանակության նկարչության սիմպոզիում, հաջորդ տարի այն կազմակերպեցիք միջազգային մակարդակով: Նման նախագծեր իրականացնելն ի՞նչ է տալիս շրջանին:
-Այո, սկզբում ոչ միայն սիմպոզիում, այլև բազմաթիվ միջոցառումներ անում էինք շրջանի մակարդակով: Ինչ նախաձեռնում էինք` անում էինք` ձգտելով առավելագույնին: Արձագանքները չուշացան: Ամեն տեղից դրական կարծիքներ էին հնչում: Դա մեզ ոգևորեց: Բացի դրանից, գտնում եմ, որ շրջանն ՙիր յուղում տապակվելուց՚ բացի, պետք է դուրս գա սահմաններից, մշակութային կապեր հաստատի մայրաքաղաքի, մյուս շրջանների, Հայաստանի և, ինչու չէ, այլ երկրների հետ: Ուզում եմ, որ Հադրութի շրջանը, որ հարուստ է իր բնությամբ, պատմամշակութային հուշարձաններով, բարի, հյուրասեր բնակիչներով, լավ ճանաչեն ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Դա թույլ է տալիս լայն մտածել, հետագայում նոր նախագծեր մշակել, ինչն իր հերթին ավելի հետաքրքիր է դարձնում նախաձեռնությունները, ուստի ավելի մեծ լսարան է հավաքում: Այո, այս տարի երկու անգամ կարողացանք միջազգային հարթակ դուրս գալ և կրկին դրական արձագանքներ ստանալ: Արդյունքում ունենք բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից: Իսկ հաջորդ տարի ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը խոստացավ շրջվարչակազմի հետ միասին ոչ թե մասամբ, ինչպես նախկինում, այլ ամբողջությամբ իր վրա վերցնել 2019-ի ՙԴիզակի գույներ՚ սիմպոզիումի ֆինանսավորումը: Մեծ հաշվով շրջանին մեծ արդյունք է բերում այդ ամենը: Նախ` ճանաչելիություն, իսկ տեղացիներին` շփում մեծ արվեստի հետ: Սիմպոզիումի ժամանակ էտյուդներ անելիս նկարիչների շուրջն այնքան շատ երեխաներ էին հավաքվում` հրապուրված այդ մարդկանց աշխատանքով: Արդյունքում, այս ուսումնական տարում թե՜ արվեստի դպրոցի, թե՜ մանկական ստեղծագործության կենտրոնի գեղարվեստական բաժին շատ երեխաներ ընդունվեցին:
-Զբոսաշրջության ոլորտում էլ, ինչքան տեղյակ եմ, նույնպես հաջողվեց փոխել իրավիճակը:
-Այո: Տեսեք, սիմպոզիումի մասնակից նկարիչների կողմից շատ արժեքավոր նկարներ են ստեղծվել և նվիրվել շրջանին: Շրջկենտրոնը, ճիշտ է, դեռ պատկերասրահ չունի` այդ նկարները մշտապես տեղադրելու: Բայց հույս ունենք Տյաք գյուղում, որ պետության կողմից հաստատված պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունի, կհիմնանորոգվի հին առանձնատներից մեկը, որտեղ էլ կտեղակայվի պատկերասրահը: Վերջերս Արցախ եկող զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է: Ստեփանակերտից երեք ուղղությամբ նրանց համար ավտոբուսներ են ուղևորվում: Ուղղություններից մեկը հարավայինն է, բայց որը, ցավոք, եզրափակվում է Տող գյուղում առկա և մերձակա պատմամշակութային հուշարձանների այցելությամբ: Բաժնի աշխատողներս մտադրություն ունենք 2019-ին զարգացնել այդ ուղղությունը, հասցնել մինչև Տյաք և հարավային գյուղեր, որտեղ առկա են մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ:
-Անկախության տարիներին գյուղական ակումբները, մշակութային տները շատ տխուր վիճակում են հայտնվել: Ի՞նչ արվեց նաև այս ոլորտում իրավիճակը փոխելու համար:
-Ոչ թե տխուր, այլ, ես կասեի, աղետալի վիճակում են դրանք: Գրեթե մեռած կառույցներ էին: Ոչ մի աշխատանք գրեթե չէր տարվում: Մեղքը բոլորինն է, բայց դրա մասին գուցե մի ուրիշ անգամ խոսենք: Կուզեմ մատնանշել այն, ինչ արեցինք այդ երկու տարվա ընթացքում: Նախ` բաժինը մշակեց այդ կառույցների անելիքները, պահանջները և պարտադրեցինք կատարել դրանք: Այն ակումբների տնօրենները, ովքեր չդիմացան այս աշխատաոճին, ինքնակամ ազատվեցին աշխատանքից: Նրանց տեղը զբաղեցրին ավելի կարող մարդիկ: Միաժամանակ նրանց օգնություն ցուցաբերեցինք, սեմինարներ կազմակերպեցինք: Իրավիճակը փոխեց նաև այն հանգամանքը, որ միջոցառումները շրջկենտրոնից տեղափոխեցինք գյուղեր` նպատակ ունենալով լուծել մի քանի խնդիրներ: Նախ` այդ գյուղերի ակումբավարներին ստիպեցինք նախապատրաստական մեծ աշխատանք տանել, իհարկե, բաժնի օգնությամբ, և երկրորդ` գյուղի երիտասարդներին ընդգրկել այդ միջոցառումներին` լինի դա ինտելեկտուալ խաղ, ուխտագնացություն, հետաքրքիր հանդիպում, թե անգամ աշխատանքային սեմինարներ: Պատկերացրեք` արդեն ակումբավարներն իրենք են ուզում, որ հերթական միջոցառումն իրենց գյուղում անկացնենք: Կարծում եմ` շրջանի մշակութային կյանքի զարգացման թիրախները պետք է լինեն հենց գյուղերը: Այստեղից պետք է սկսվի գործընթացը: Դա կհանգեցնի շրջկենտրոնի մշակութային կյանքի աշխուժացմանը: Անշուշտ, դժվար է իրականացնել այդ ամենը, հատկապես որ երեքով ենք անում ամբողջ գործը: Ճիշտ է, մեզ օգնող կամավորականների թիվն էլ գնալով մեծանում է: Բայց մասնագետների ավելի մեծ թիմով, համոզված եմ, կկարողանանք ավելի արդյունավետ ու ավելի մեծ թափով նախագծեր կյանքի կոչել:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ