ՆՈՐԱՀԱՅՏ ՎԻՇԱՊԱՔԱՐ

Պատմական Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի մեծ մասն այժմ մտնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեջ, որի Միրիկ գյուղի հանդամասերում ամռանը կատարվեցին ճանապարհաբարեկարգման աշխատանքներ։

 Միրիկ և ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղերի սահմանում կա 2 լճակ, որոնք գոյանում են ձնհալից։ Այս լճակներից քիչ հեռու՝ արտի մեջ, քարակույտեր կան, որոնք հնադարյան դամբարաններ են հիշեցնում։ Սակայն պարզվեց՝ խորհրդային տարիներին կատարված մելիորացիայի արդյունք են։ Քարակույտերի մեջ ընկած էր բազալտե երկարավուն մի քար, որի մի ծայրն անմշակ է, իսկ մյուս ծայրը նման է ձկան: Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանին ուղեկցեցի այստեղ՝ հաստատելու, որ գտածոն վիշապաքար-հուշարձան է։ 2մ 36սմ երկարություն ունեցող քարի մշակված մասում նաև կլորավուն աչք կա քանդակված։ Մոտ 35սմ հաստություն ունի քարը՝ քիչ կորաձև։ Ըստ հնագետի` սա տարածքի համար բացառիկ հուշարձան է այն առումով, որ Հայոց արևելյան կողմում նման հուշակոթող չկա։ Վիշապաքարերն ունեն 150-550 սմ երկարություն, պատրաստված են տեղական նյութից (հիմնականում` բազալտ) և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` 1. ցլակերպ 2. ձկնակերպ, 3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները)։ Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով։ Երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի պոչից, ինչն ակնհայտորեն վկայում է, որ դրանք նախապես եղել են կանգնած վիճակում։ Վիշապը մեգալիթյան հուշարձան-քարակոթող է՝ մեկ կտորից, ներհատուկ է Հայկական լեռնաշխարհին: Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ։ Այս հսկան խորհրդանշել է տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն ու առատություն: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ՝ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կես)։ Գտնվում են հիմնականում բարձր ալպիական գոտում։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նշված հուշակոթողը նույնպես մոտ 2000 մ բարձրության վրա է: Սկզբնական շրջանում, հավանաբար, եղել է քիչ վերևում գտնվող լճակների մոտ, որտեղ նաև հնադարյան դամբարաններ կան ու ամրոցատեղի։


Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր