ՄԵԿ ՇԱԲԱԹ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Վերջերս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կայացավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որը նախաձեռնեց և իրականացրեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)-ՀԷԸ ՙԽօսնակ՚ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը։ Միջոցառմանը հրավիրված էին արցախցի լրագրող Բելլա Լալայանը և տողերիս հեղինակը:

 Միջոցառման մեկնարկը տրվեց իմ գեղանկարների ցուցադրությամբ, ապա ողջյունի խոսքով հանդես եկավ ՙԽօսնակ՚-ի գլխավոր խմբագիր Հ. Մարտիրոսյանը, որից հետո Արցախի ներկայացուցիչներիս պարգևատրեց ՙԽօսնակ՚ պաշտոնաթերթի պատվո նշանով։ Այնուհետև կարճ ֆիլմաշար ներկայացվեց Ղարաբաղյան շարժման և Արցախյան պատերազմի ընթացքից։ Ֆիլմից հետո Բելլա Լալայանը ներկայացրեց Արցախի ներկայիս իրավիճակը, պատմեց պատերազմի տարիներին Արցախում ապրող հայության ուժեղ բնավորության մասին։ Դաշնակահար Նաիրուհի Անտոնյանի կատարումների ներքո ասմունքով և հայրենասիրական ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ-ականներ Ավետիս Դիբանը, Լեոն Թութունջյանը, Մարալ Թալաթինյանը: Նրանք կարևորեցին նման հանդիպումները՝ հատկապես Արցախում ապրող և ստեղծագործող անձանց հետ։ Բեյրութ այցի մեր հաջորդ նպատակը ծանոթությունն էր տեղի հայ համայնքի հետ, որն իր անմիջական և սիրալիր վերաբերմունքով ցույց տվեց հայ մարդու սերը և կարոտն առ հայրենիք։ 

Հաջորդ օրերին կազմակերպվեցին այցեր Բեյրութի տեսարժան վայրեր, ծանոթացանք տեղաբնակների ապրելակերպին և մշակույթին: Մեծ Եղեռնի ժամանակ տեղահանվելով` հայերը եկել են Բեյրութ և ամուր պահել իրենց հայկականությունը։ Լավ օրնակ է Բուրջ Համուդը։ Բեյրութի արևելյան թաղամասում են հիմնականում բեյրութահայ ազգային կառույցները, եկեղեցիներն ու վարժարանները։ Ժամանակին հենց այստեղ են պատսպարել Եղեռնից փրկված հայերին։ Ներկայումս շատ բան է փոխվել այստեղ, սակայն դեռ մնում է հայերի արհեստավորական թաղամասը՝ վաճառակետ- կրպակներով, արհեստանոցներով. տեղացիներն այն համարում են Երկրորդ Հայաստան, որտեղ ամեն քայլի հայեր են, հայկական գրություններ, դրոշներ, հայկական եկեղեցիներ։ Լիբանանի Ջբեյրլու քաղաքում է գտնվում կարևոր հայկական կետրոններից մեկը, որը կոչվում է ՙԹռչնոց բույն՚, այն ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները։ Ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին այստեղ է կերակրել ՙՄամա՚-ն` դանիուհի Մարիա Յակոբսենը, որի շիրիմը նաև ուխտավայր է։
Թանգարանը բաղկացած է 3 մասից՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին։ Ներկայումս էլ այնտեղ հայ որբ մանուկներ կան։ Հաջորդ հայկական կարևոր կենտրոնն է Զմմառի Սուրբ Տիրամոր վանքը՝ հիմնադրված 1749 թվականին՝ Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելք, Քեսրուանի լեռան լանջին։ Այստեղ են պահվում բազում հայերեն ձեռագրեր։ Թերևս գլխավոր կառույցը համարվում է Անթիլիաս արվարձանում գտնվող` 1930-ին հաստատված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, որը Հայ Առաքելական Եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկն է։ Այն իր պատմության ողջ ընթացքում ներգրավված է եղել հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային և սոցիալական կյանքում։
Գլխավոր տաճարի կողքին է գտնվում Հայոց ցեղասպանությանը նվիրված կոթող-հուշարձանը, որի ներսում զետեղված են ցեղասպանության ժամանակ զոհ գնացած հայերի ոսկորները։ Նույն տարածքում է գտնվում ՙԿիլիկիա՚ թանգարանը. այստեղ է պահվում կրոնական գանձերի մեծ մասը, որոնք բերվել են 1915-ին, երբ կաթողիկոսությունը ստիպված է եղել հեռանալ Սիսից։ Թանգարանը բաժանված է 3 մասի. առաջին հարկն ամբողջությամբ հատկացված է Սիս կաթողիկոսարանին, ցուցադրված առարկաները Սիս գանձարանի մաս կազմող իրեր են, ծիսական հագուստներ, խաչեր։ 2-րդ հարկում պահվում են հայկական մշակույթի անբաժանելի մաս կազմող ձեռագիր մատյաններ, հազվագյուտ գրքեր և հին հայկական, հռոմեական, բյուզանդական դրամներ։
Նույն հարկում են գտնվում նաև հնագիտական հավաքածուներ, ինչպիսիք են ուրարտական արվեստի նմուշները, գորգերը, ձեռագործ թաշկինակները... 3-րդ հարկում ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններն են (Ժանսեմ, Գառզու, Փանոս Թերլեմեզյան, Հակոբ Հակոբյան, էդգար Շահին և ուրիշներ)։ Կան հին թաղամասեր, որոնք ավելի կոլորիտային և ավելի հարազատ են թվում, հին քաղաքից պահպանված կտորներ, հին նավահանգիստ և, իհարկե, Միջերկրական ծովը, որի հենց շուրջն էլ տարածված է բազմազգ, բազմակրոն, բազում խնդիրներով, առավելություններով, ուրախ-տխուր, իրար սիրող, չսիրող, իրար հանդուրժող, բայց իրենց սովորական առօրյայով ապրող մարդկանցով լի Բեյրութը։

Անահիտ ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր-Բեյրութ-Բերձոր