comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Logo
Print this page

ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի 80-ամյակին նվիրված գիտական ընթերցումներն 

ու ՙԱՐԲԱՆԷ՚ գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում

Օրերս ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հոթելի կոնֆերենս-դահլիճում կազմակերպվել են ծննդով արցախցի, ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի 80-ամյակին նվիրված ՙԻրավագիտության արդի հիմնախնդիրներն ու ակադեմիկոս Վ. Ներսեսյանցը՚ թեմայով գիտական ընթերցումներ։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ վաստակավոր իրավաբաններ, դատավորներ, հյուրեր Հայաստանից, դասախոսներ, ուսանողներ։

Բացման խոսքով հանդես է եկել միջոցառման նախաձեռնող, ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը՝ նշելով, որ դեռևս 5 տարի առաջ իրենց նախաձեռնությամբ առաջին անգամ Արցախում կազմակերպվել էին գիտական ընթերցումներ՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 75-ամյակին, որի տրամաբանական շարունակությունը սույն գիտական ընթերցումներն են։ Այն նպատակ է հետապնդում մի կողմից հայկական իրավաբանական հանրույթին և, ընդհանրապես, հասարակության տարբեր շերտերի ներկայացնելու Ներսեսյանցի մեծությունն ու թողած ահռելի գիտական ժառանգությունը, իսկ մյուս կողմից` հանրայնացնելու բարդագույն իրավական հիմնախնդիրների վերաբերյալ նրա գաղափարներն ու մոտեցումները, որոնք նոր շունչ են ստանում ինչպես ռուսական ու հայկական, այնպես էլ արտասահմանյան մասնագիտական շրջանակներում՝ դրանով իսկ արժանին հատուցելով մեր հանրաճանաչ հայրենակցին։ Նրա խոսքով՝ նման միջոցառումների կազմակերպումը և հանրայնացումը լիովին տեղավորվում է Կազմակերպության հռչակած այն նպատակի մեջ, ըստ որի՝ գիտության միջոցով Արցախը պետք է ճանաչելի դառնա արտասահմանում։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր խոսքում կարևորեց նման բնույթի միջոցառումների կազմակերպումը՝ դրանք դիտարկելով նաև որպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման գործիք։
Հարկ է նշել, որ 2018թ. հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում կազմակերպվել են 13-րդ ներսեսյանցական գիտական ընթերցումներ, իսկ 2018թ. նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ սահմանադրականության հիմնախնդրի վերաբերյալ գիտաժողով, որոնք նվիրված էին ակադեմիկոս Ներսեսյանցի 80-ամյակին։
Ստեփանակերտյան միջոցառման կազմակերպիչները լիահույս են, որ այդօրինակ քննարկումների հաջող ընթացքը բնականոն ճանապարհով կհանգեցնի նրան, որ ամեն տարի ակադեմիկոսին նվիրված գիտական ընթերցումներ կամ գիտաժողով կկազմակերպվի մեծ գիտնականի Հայրենիքում, որը միջազգային հնչեղություն ունենալու հավակնություն պետք է ունենա՝ դրանով իսկ արժանին հատուցելով մեր մեծ հայրենակցին՝ գիտական մեծ ժառանգության համար և հանրայնացնելով նրա իրավափիլիսոփայական գաղափարները:
Միջոցառման սկզբում ականավոր գիտնականի կյանքն ու գիտական ժառանգությունը ներկայացրել է ԱրՊՀ մագիստրանտ Վաչագան Դադայանը. ՙՆերսեսյանցը ծնվել է 1938թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ Դեռ մանուկ հասակից նա մեծանում է առանց հոր, քանի որ վերջինս այդ ժամանակ առկա բռնաճնշումների զոհ է դառնում, 1941թ. ձերբակալվում է և գնդակահարվում։ Ներսեսյանցի որոշ կենսագիրներ գտնում են, որ իրավունքի փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը, և արդյունքում իրավունքի ընկալումը որպես ազատության չափ, մեծ ազդեցություն է թողել նրա հոր ձերբակալությունը և որպես հայրենիքի դավաճան որակելը՚։
Այնուհետև զեկուցումներով հանդես են եկել ԱՀ գերագույն դատարանի դատավոր, ԱՀ դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը (ՙԻրավունքի և պետության արժեքը՝ ըստ Վլադիկ Ներսեսյանցի հայեցակարգի՚), ԱԵԳՄՄ հիմնադիր, ՄՄՀ դասախոս, ի.գ.թ. Սիրանուշ Պետիկյանը (ՙՎ. Ներսեսյանցի ցիվիլիզմի հայեցակարգի արդիականությունը մեր օրերում՚), ՀՀ ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը (ՙՑիվիլիզմի մանիֆեստը և XXI դարի կորպորատակրատիան՚), ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (ՙԱկադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի իրավունքի փիլիսոփայությունը՚) և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակից, ԱրՊՀ մագիստրանտ Լուիզա Ներսիսյանը (ՙՁևական հավասարության, ազատության և արդարության գաղափարն ակադեմիկոս Ներսեսյանցի մշակած հայեցակարգում՚)։
Զեկուցումներից հետո ելույթներով հանդես եկան և ակադեմիկոս Ներսեսյանցի մեծությունը գնահատեցին արցախյան շարժման ակտիվիստ Գրիգորի Աֆանասյանը, Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
Գիտական ընթերցումների վերջում մասնակիցները դիտել են Ալեքսանդր Գորդոնին Վլադիկ Ներսեսյանցի տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա ներկայացնում է իր մշակած հայեցակարգի էությունն ու առավելությունները։
Գիտական ընթերցումների ավարտից հետո նույն դահլիճում տեղի է ունեցել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Տարոն Սիմոնյանի ՙԱՐԲԱՆԷ՚ գրքի շնորհանդեսը: Այն երրորդն էր Երևանից ու հեղինակի հայրենի Վանաձորից հետո:
Գրքի մասին տպավորություններով կիսվել են ԱԵԳՄՄ անդամ Անուշ Դոլուխանյանը, Ավետիք Հարությունյանը: Վերջում հեղինակը պատասխանել է ներկաների հարցերին։
Հեղինակը քաղաքակրթության զարգացումը պայմանականորեն բաժանել է 9 մակարդակների և կարծում է, որ Հայաստանը գտնվում է միջին՝ պետականության վերականգնման մակարդակում։
Կազմակերպիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Վալլեքս Գարդեն հոթելի ղեկավարությանը՝ երկու հրաշալի միջոցառումները կոնֆերենս-դահլիճում կազմակերպելու հնարավորության ապահովման համար։

Արմինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.