ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ՝ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ

-ՙԳետեզրի մեծ քարը, որի վրա մայրս իր լվացած բուրդն էր ջրաքամում, հարյուր տարի սպասում է իմ լվացած բրդին։ Ժամանակը խարխլել է դիմագիծս...՚։ Քո տողերն են, ու ավելին են, քան մանկության հուշ։

 

- Բանաստեղծության նշածդ տողերին նախորդում են ՙԺամանակի հոսքի մեջ ծանոթ դեմք չկա։ Որտե՞ղ մնացին ժամանակակիցներս՚ տողերը։ Կյանքի հարափոփոխությանը մարդ միշտ չէ, որ հաշտությամբ է համակերպվում։ Մարդու բարոյական արժեհամակարգը դանդաղ է փոփոխության ենթարկվում, ինչը ներքին հակամետ զգացողությունների պատճառ է դառնում։ Անցյալը միշտ գունազարդված է ներկայանում, անգամ՝ դժվար անցյալը։ Մարդու ապրած ժամանակի մեջ ամենավառը նրա մանկությունն է։ Այն, ինչ մանկության հետ է կապված, գունագեղ է՝ որևէ այլ ժամանակի հետ համեմատության եզրեր չունեցող։ Քաղաքակրթական ձեռքբերումները, որքան էլ նրանք առաջընթաց նշանակեն, աղավաղում են մաքրության, անմիջականության, մարդկային փոխհարաբերություններում ազնվության մեր պատկերացումները։ Մեզնից յուրաքանչյուրը կյանքի շարժի մի մասնիկն է։ Ու տեղի է ունենում ներքին արժեհամակարգի և արտաքին տեղաշարժերի բախում։ Սա երևույթական չէ։ Մարդկային ներքին դրամատիզմն ամենուր է։ Իմ պարագայում այն տեղափոխվում է բանատող, որը սոսկ բառերի կույտ չէ, այլ հակասական հոգեվիճակների բառականացում։ Մի դեպքում չես կարող դուրս մնալ կյանքի ընթացքից։ Երևույթի մյուս կողմում կորուստներդ են՝ ուղղակի և անուղղակի իմաստով։ Նորն այնքանով է լավ, որ թարմ է, բայց միշտ չէ, որ որպես բարոյական հակակշիռ մրցունակ է հնի հետ։ Մեր ազգային արժեհամակարգում կորուստներ ունենք, որոնք ուղղակի աղավաղում են մեր դիմագիծը համաշխարհայնացման այս մրցավազքում։ Թանկ արժեքների կորստի դրամատիզմն է այն ավելին, որ զգացել ես նշած բանաստեղծությունն ընթերցելիս։
-Ի՞նչ բանաստեղծություններ են ընդգրկված ժողովածուում, թեմատիկան...
-ՙՓակագծից դուրս՚ ժողովածուում ընդգրկված են վերջին 6-7 տարում գրած բանաստեղծություններս։ Գիրքը կազմված է երկու բաժնից՝ ՙՓակագծից դուրս՚ և ՙԾովի օրենքով՚։ Այս բաժանումը պայմանական է։ Երկու բաժնում էլ իմ կենսափիլիսոփայության, աշխարհընկալման բևեռացումների, անձնականի և անանձնականի հակադրամիասնության գեղարվեստականացումն է։ Տարիների մեջ զուլալվում ես, անցողիկն ու մնայունը հիմնավորապես զանազանում իրարից, ի վերջո՝ հանդարտվում՝ փրփուրն ափ նետելով։ Երբ գիրքը ներկայացրի Արցախի ԳՄ՝ տպագրության, Վարդան Հակոբյանն այն իմ ստեղծագործության մեջ որպես նոր մակարդակ որակեց։ Տպագրվելուց ՙՓակագծից դուրս՚-ը արժանացավ գրողների միության ՙԼավագույն պոեզիա՚ մրցանակի։ Ասեմ, որ ժողովածուն խմբագրել է իմ լավ բարեկամ, գրքերիս անփոփոխ խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը։ Երբեմն դժվար է լինում չհամաձայնել նրա նուրբ դիտողություններին։ Մեծ շնորհակալությունս նրան՝ տողերս մանրազնին քննելու և, ուրեմն՝ նաև իմ առաջին գրախոսը լինելու համար։ Գիրքը տպագրվել է պետպատվերով։ Տեղն է նշեմ Արցախի ԳՄ գրահրատարակչական կազմակերպված գործունեության մասին, ինչի շնորհիվ այստեղ ապրող գրողներս հնարավորություն ենք ունենում մեր ստեղծագործությունները հանձնել ընթերցողների դատին։
-ՙԼեռդ եմ գրկում ծռված ողնաշարս կարգի բերելու համար, հող իմ՚...
-Բանաստեղծություններիս մեջ լեռը մշտնջենականության, ամրության, հաստատունության, վսեմության խորհրդանիշն է, և եթե այն զուգակցվում է ՙհող՚ հասկացությանը, դառնում է անտրոհելի պայմանը մեր գոյության։ Հողից ուժ առնելու իմաստասիրությունը մեզ հետ է մեր առասպելական ժամանակներից։ Այն առավել վառ գույներով չենք կարող արտահայտել, քան արված է մեր ժողովրդական բանահյուսության ժանրերում։ Շապուհը Արշակ արքայի հավատարմությունը փորձելու համար Հայաստանից բերել տված հողն է օգտագործում։ Եվ գերյալ Արշակը, ոտք դնելով հայրենի հողին, ուժ է առնում ու պատասխան տալիս Շապուհին։ Դարերի մեջ ոչինչ չի փոխվել։ Մենք ամուր ենք և արմատակալած, եթե ոտքերով հենված ենք հայրենի հողին։ Իսկ լեռները մեր բուժարաններն են, մեր փրկության դռները, ձգտումների մեր սահմանները։ Լեռան կարոտը մեր արյան մեջ է՝ Հայկ Նահապետի ժամանակներից սկսած, և հավերժելու է այնքան, որքան հավերժ է մեր ազգը։
-Քո և ընթերցողական լսարանի հարաբերությունը։
-Մեր ժամանակներում հարաբերական է ՙընթերցողական լսարան՚ հասկացությունը։ Այն շոշափելի չես կարող ներկայացնել։ Պոեզիան և գրականությունն ընդհանրապես այսօր զանգվածաբար չեն ընթերցվում։ Գրականությունն էլիտար հասկացություն է և շատերին չէ, որ հասու է։ Մեր գրքերը հրատարակվում են 250 տպաքանակով։ Հեղինակիս հատկացված բաժինը ես սովորաբար նվիրում եմ հիմնականում ընթերցող մարդկանց։ Արձագանքներ լինում են։ Վերջերս Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում (տնօրեն` Մ. Խաչատրյան) կազմակերպվեց իմ հանդիպումն ընթերցողի հետ։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էր քեզ վերադարձվում քո գրողական ինքնատիպ դիմանկարը։ Միշտ չէ, որ հաշտ եմ լինում ինքս ինձ հետ։ Այդ պահին ինքնագնահատման մի տեսակ հաճելի զգացման մեջ էի։
-ՙԵրիցս համոզվում եմ, որ մարդախիտ այս աշխարհում մարդս մենակ է...՚,- հոռետեսության ի՞նչ ակունքից են ծնվել այս տողերը։
-Այստեղ հոռետեսություն չկա։ Կորստյան մեծ ցավի գեղարվեստականացումն է։ Բանաստեղծությունը նվիրված է մորս։ Որ տարիքում էլ լինես, և որ տարիքում էլ լինի մայրդ, նրա կորուստը մի ողջ տիեզերքի մարում է քեզ համար։ Այդ ցավը չի մարսվում ժամանակի մեջ։ Որբության զգացողությունը չի լքում քեզ։ Նաև ասեմ, որ մենակության զգացումը ժամանակ առ ժամանակ այցելում է գրեթե բոլոր արվեստագետների։ Այդ պահերի մեջ են գուցե արարվում արվեստի լավագույն արժեքները։
-Ո՞րն է այն պատը, որին հենվում ես ՙինքնությանդ ազնվությունը փրկելու համար՚։
-Միանշանակ չէ այդ ՙպատը՚։ Այն նախևառաջ ամեն առավոտ լուսաբացի դիմավորումն է։ Աշնան գունագեղությունն ու ձմռան փաթիլի ճերմակ հեզությունն է, հորդ իմաստուն ծերությունն ու զավակներիդ խոհուն ջահելությունն է, թոռնիկներիդ անմեղ չարաճճիություններն են։ Խաղաղ երկինքն է քո գլխավերևում և աշխարհիդ վրա։ Քո ժողովրդի դիմացկունությունն ու վաղվա հանդեպ անկոտրում հավատն է։ Այս շարքը կարելի է լրացնել ու լրացնել։ Կյանքը պարգև է՝ տրված մարդուն։ Եվ այն պետք է ապրել լցված սիրով առ Արարիչն ու առ Արարում։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Քայլերս այնտեղ եմ ուղղում,
ուր ամեն ինչ անսովոր է
ինձ համար։

Տարօրինակ է՝
այսքան ժամանակ լողում ենք
անորոշությունում
ու չենք խորտակվում։

Հայրենի՜ք, միակ ձգտումս
կերպարդ աղավաղումից փրկելն է։

Մտքերս կախվում են
հուշերի պարանից՝ ծայրից ծայր,
իրականում ես ներկայում չեմ,
կամ այնքան եմ այնտեղ,
որքան քեզ համար
ընկած տղաները։

Ուրվական եմ,
թափառում եմ անձավներում,
ուր ասքեր են նիրհում
ընկածների մասին։

Հողը աղակալում է
սպասման ճանապարհին:

Մայրաքաղաքում
բարձրացող շքեղ պալատները
անբնակիչ են,
ամեն իրիկուն
նրանց պատուհաններին
մոմեր եմ վառում,
որ բոցավառվի
սպասման հույսը:

Խտացած գույներում
ամենաշնչահեղձը ես եմ:
Ամենաշատը ես եմ սպասում
տղաների վերադարձին:

***
Ե՜ս եմ զոհը։

Չեմ կարողանում
փարատել
պարապուրդը ներսի
ու սահմանազատել
լինել-չլինելու
պարագծերը։

Որպես վերջին պահի
ցանկություն՝
արձակե՜ք կապկպած
ձեռքերս,
որ փաթաթվեմ
մի տարածք հողիս,
ում կարոտում եմ
անսահմանորեն
նաև ներսից,
և ինձնով փրկում
նրա անունը
աղավաղումից։

Ի՛նչ ափսոսանք։

Չեմ կարողանում
անջատ մնալ
եղծված գույներից
ու վրաս եմ առնում
մրուրը ժամանակիս։

***
Երկրի կեղևի ներսում
շառաչը ենթարկվում է
ահեղ զսպման.

Շարժումը, որ կարգավորում է
գույների հաջորդականությունը,
դադարում է։

Ես, որ հատել եմ
հավատի և անհավատության
սահմանը,
գիտակցում եմ,
թե որքան ցանցկեն են
ափերս
նպատակիս կորագծում։

* **
Աշնան անձրևոտ
առավոտի մեջ
տատրակները չերգեցին։

Կարապները
երկար շարանով
լքեցին տարածքը։

Հին մի պատմություն
արձագանքեց
հիշողությանս մեջ
ու պատեց ներշնչանքս։

Բոլոր պարապ երգերը
մոռացա։

Աշնան մեջ ներծծված
գույների սիմֆոնիան
խազագրեցի։
Որ փարատեմ
միապաղաղությունը
կրկնվող օրերի։
***
Օրերն անցան։

Անհիշելի ժամանակներից
տեղափոխվեցի ներկա։

Նայեցի սիրո
լայն բացած
աչքերին։

Ափսոսացի
իզուր վատնած
ժամանակս։

Տխուր է։

Սիրո ժամանակից
ոչ մի ուրախ հուշ
չմտաբերեցի։

***
Ինչ էլ ասեմ, թվալու է՝
մոռացել եմ ամենակարևորը։

Այն փնտրելու եմ
լռությանս մեջ
ու մնալու եմ ձեռնունայն։

Տեր իմ, մի՜ աղավաղիր
կերպս,
հաշտեցրո՜ւ ինձ
պահի հետ։

Ասես ձուլված եմ
անորոշությանը,
և ինձ լքել են ելքի
դռները։

Կեցության ձևս
ինքնակրկնությունն է։

Անուն առ անուն
հիշում եմ բոլոր նրանց,
ում շատ սիրեցի
ու մնացի չսիրված։

;