comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵՌԱՑԱ, ՈՐ ՄՆԱՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՌԱՑԱ, ՈՐ ՄՆԱՄ

2006 թվականի օգոստոսի 24։ ՙԿիլիկիան՚ անցել էր Եվրոպայի շուրջ յոթ ծովերով։ Վերջին նավահանգիստը Սոչին էր։ Մենք որոշեցինք մնալ այնտեղ երկու-երեք օր։ Ուզում էինք խոնարհվել այն քաղաքին, որտեղ երեք տարի առաջ մենք բժշկել էինք մեր բոլոր կոտրվածքները, հոդախախտերը, վնասվածքները, որ ստացել էինք ուղևորության սկզբում Փոթիի փոթորիկի ժամանակ։

 Բայց բանը դրան չհասավ։ Նավահանգստի դարպասներին մոտենալիս ՙԿիլիկիան՚ հրահանգ ստացավ. ՙԴեպի խարսխակայան։ Սպասե՜ք լրացուցիչ տեղեկությունների՚։ Շուտով մենք իմացանք նման անսպասելի հրահանգի պատճառը։ Պարզվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այստեղ՝ Սոչիում, հաջորդաբար ընդունում էր ԱՊՀ երկրների պաշտոնատար անձանց։ Ծանոթ իրավիճակ էր։ Նույնը տեղի էր ունեցել ավելի վաղ` Սանկտ Պետերբուրգում, երբ Ռուսաստանի նախագահը հավաքել էր իր շուրջը ՙՄեծ ութնյակի՚ ղեկավարներին։ Եվ ահա Սոչիում կրկնվում էր նմանատիպ իրավիճակ։ Ինձ համար շատ ավելի կարևոր էր ավարտական գծում, նախևառաջ, ավանդույթի համաձայն, կապ հաստատել Սիլվայի և Սոսի հետ, ովքեր ամենից շատ ու ամենից հաճախակի էին կապի դուրս գալիս մեզ հետ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած ՙԵվրոպայի շուրջ՚ մեր ուղևորության ընթացքում։ 

Ոչինչ հնարավոր չէր անել։ Մենք կոփված մարդիկ ենք։ Մարզված։ Մենք լուռ անում ենք այն ամենը, ինչ մեզ ասվում է։ Քանզի վաղուց արդեն հաշտվել ենք այն ամենի հետ, ինչն անխուսափելի է։ Այնպես որ, մենք դանդաղ ընթանում էինք դեպի այն տակառը, որը մեզ հատկացրել էին կայանման համար։ Կարևորը, մեր սրտերում տոն էր։ Սակայն հենց այդ պահին ինձ զանգահարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ Արդեն նրա ձայնից ես հասկացա, որ դժբախտություն է պատահել։ Լևոն Անանյանը ցավալի լուր հայտնեց. մահացել էր Սիլվա Կապուտիկյանը։ Ի վերջո, կարելի էր ասել, որ նրանք Սոսի հետ միասին թիմի անդամ էին։
Նավապետն անմիջապես հրաման տվեց իջեցնել բոլոր դրոշները։ Մինչ խարսխակայան հասնելը, մենք դեռ ժամանակ ունեինք։ Փչում էր հյուսիսային քամին՝ բերելով առավոտյան սառնություն։ Որքան դանդաղ էր ընթանում ՙԿիլիկիան՚, այնքան ուժեղ էր այն ճոճվում՝ նետվելով կողքից կողք։ Մեզ անընդմեջ զանգահարում էին ընկերներ, որոնք պետք է մեզ դիմավորեին նավահանգստում։ Նրանք հետաքրքրվում էին ուշացման պատճառով։ Ես բոլորին պատասխանում էի նույն բառերով. մենք այստեղ մենակ չենք։ Եվ իրոք, մոտենալով տակառին՝ մենք տեսանք մի զբոսանավ, որի վրա գեղեցիկ տառերով նշված էր գրանցման նավահանգիստը՝ ՙՍոչի՚։ Սոչիի մարզիկներն էին, ովքեր վերադարձել էին Վառնայի միջազգային մրցաշարից ոսկե մեդալներով։ Նրանց նույնպես սպասում էին հարազատներ և բարեկամներ, լրագրողներ։ Նրանց սպասում էր նվագախումբը։ Բայց արդեն երկրորդ օրն էր, որ նրանք կանգնած էին խարսխակայանում՝ սպասելով այդ նույն ՙլրացուցիչ տեղեկություններին՚։
Որոշեցի Սոչիում Հայաստանի հյուպատոսի միջոցով Երևան մեկնող չվերթի տոմս պատվիրել։ Պարզվեց, որ հաջորդ չվերթը միայն երեք օր հետո էր։ Այնուամենայնիվ, տոմսը պատվիրեցի։ Համենայն դեպս, ով գիտե, ինչ կլիներ։

Սկսեցի թերթել Սիլվայի բանաստեղծությունների ժողովածուն՝ նրա նվերը ՙԿիլիկիայի՚ անձնակազմին։ Երեք տարի առաջ նա իր մանր ձեռագրով արշավախմբին մաղթել էր իր ցանկությունները. ՙԹող ձեր երիտասարդ խելահեղությունը երիտասարդություն բերի մեր հինգհազարամյա ալեհեր ազգին և աշխարհին ցույց տա, որ մեր կիլիկյան նախնիների ոգին դեռ ապրում է մեր մեջ, որ մենք դեռ կապրենք, կստեղծագործենք և կյանքի կկոչենք մեր արդար ցանկությունները։ Բարի նավարկություն և շուտափույթ վերադարձ՚։
Ես հանկարծ հասկացա, թե ինչ պետք է անեի մեզ համար տխուր այս պահին։ Նախևառաջ անձնակազմի անունից պետք էր հրաժեշտի խոսք գրել։ Խոսք, որում կհիշատակվեր Սիլվայի հենց այդ մաղթանքը ՙշուտափույթ վերադարձի՚ մասին։ Եվ սկսեցի տպել գրամեքենայի վրա. ՙԵվ ահա մեր արշավի ավարտին, երբ մենք այդքան մոտ էինք տանը, երբ շուտով պիտի, ըստ ավանդույթի, անպայման այցելենիք մեր բարի հովանավորին, մեր իրական թալիսմանին... նա հանկարծ հեռանում է՚։
…Դուք կարող եք լինել Սիլվա Կապուտիկյանի նման բանաստեղծ, բայց, կրկնում եմ, չեք կարող դառնալ։ Նա մի տեսակ անհարմար էր զգում այն փաստից, որ շատ է գրում և կարծես արդարանում էր՝ ասելով. ՙԵս նման եմ սերմնացանի, ով մեծ քանակությամբ սերմ է ցանում, գիտակցելով, որ ոչ բոլորն են ծիլ տալու՚։ Նրա մեջ ամեն բան բանաստեղծական էր՝ նրա աչքերը, նրա ձայնը, նրա ժպիտը և նրա անունը։ Եվ մի բան էլ. Սիլվան Ղարաբաղի մեջ տեսնում էր ոչ այնքան այսօրյա Ղարաբաղը, որքան վաղվա Հայաստանը։
Խնդրեցի, որ նավապետն ինձ բերի Սիլվայի հատորյակը, որն ուղևորության առաջին օրվանից պահվում էր նավի վրա։ Բացեցի պատահական էջ։ Եվ այ քեզ բան, ասես Աստծո մատը խառը լիներ։ Բացվեց հենց այն էջը, որտեղ Սիլվան, ինչպես պարզվեց, վաղուց արդեն պատասխան էր տվել իմ հարցին՝ արդյոք նա հավատում է Աստծուն։ Չէ՞ որ շատերն ասում են. ՙԱստված իմ մեջ է՚։ Բայց նա դա արեց հմտորեն։ ՙՄայրը միայն մայր չէ, այլև տուն... Նա ինձ հետ էր տանը, իմ կողքին։ Հիմա նա իմ մեջ է, իմ հոգու մեջ...՚։ Ես կարդում էի բանաստեղծությունների հին ժողովածուն և տեսնում նրան իմ առջև՝ կենդանի։ Նա գիտեր, թե ինչ գիրք նվիրեր անձնակազմին։ Դրա մեջ շատ տողեր կային ծովի մասին, նույնիսկ օվկիանոսի մասին։ Հարցին, թե ՙՈրտե՞ղ է օվկիանոսը՚, նա պատասխանում է առանց մտածելու. ՙԱյն նավաստիների աչքերում է, նավաստիների աչքերում՝ մեծն օվկիանոսը՚։
Եվ որքան կարդում էի, այնքան համոզվում էի, որ Սիլվան թերևս աթեիստ չէր։ Պարզապես, նա առանձնահատուկ հարաբերություններ ուներ Աստծո հետ։ Ասես նա հաճախ Աստծո հետ պայմանագրեր էր կնքում՝ ամեն անգամ վախենալով խախտել դրանք։
Երեք անգամ ՙԿիլիկիայի՚ նավարկության հերթական փուլից առաջ անձնակազմն այցելել էր Սիլվային։ Եվ երկու անգամ էլ մենք նրան հյուրընկալել էինք անմիջապես հերթական փուլի ավարտից հետո։ Ես հաճախ հեռախոսով խոսում էի նրա հետ։ Վերջին անգամ զանգահարեցի նրա որդուն՝ իմ մեծ բարեկամ Արայիկ Շիրազին, և խնդրեցի նրան գնալ հիվանդանոց և կապ հաստատել իր մոր հետ, ով նախօրեին, բոլոր դժբախտություններից բացի, կոտրել էր ոտքը։ Շուտով Արայիկը զանգահարեց հիվանդասենյակից և հեռախոսը փոխանցեց մորը։ Դա իմ վերջին զրույցն էր Սիլվայի հետ։ Նա ասաց, որ ուշադիր հետևում է ՙԿիլիկիայի՚ ճանապարհորդությանը և անհամբերությամբ սպասում է անձնակազմի հետ հանդիպմանը։ Եվ հաղթահարելով ցավը՝ ավելացրեց. ՙԿարևորը, Աստված վկա, ես շրջեցի աշխարհով մեկ, հաճախ մտածելով, թե կոնկրետ որ ճանապարհը կլինի վերջինը ինձ համար։ Եվ դու գիտես, թե դա որ ճանապարհն է...՚։ Ես գիտեի, թե ինչ ճանապարհի մասին էր խոսքը։ Վերջին տարիներին, մահճակալին գամված, նա հաճախ էր հիշում այդ ճանապարհը։ 2002 թվականի ամռանը մենք միասին մեկնեցինք Արցախ։ Նա անսովոր եռանդով լի էր, հաճույքով հիշում էր Ղարաբաղ կատարած իր բազմաթիվ ուղևորությունների մանրամասները, հաճախակի ետ էր շրջվում, որ ինձ լավ լսեր։ Հանկարծ ես զգացի, որ նրա լեզուն կապ է ընկնում։ Մի պահ հետո նա ընդհատեց ինքն իրեն ասելով, որ ձեռքը կարծես թմրել է։ Մենք հասցրել էինք անցնել ճանապարհի մեկ քառորդը և արդեն մոտենում էինք Եղեգնաձորին։ Ես շտապ դարձա վարորդին և ասացի. ՙԱրագ և աննկատ շրջվեք և քշեք Երևան՚։
Գլխուղեղի կաթված էր։

Մեկ ամսից ավել նա բուժվում էր Բակունցի հիվանդանոցում։ Կարծես վիճակը բարելավվեց։ Սակայն դրանից հետո Սիլվան մնաց միայն տանը։ Առանց ճանապարհի։ Ժամանակ առ ժամանակ նա հիշում էր իր վերջին՝ հիվանդությունից առաջ անցած ճանապարհը։ Երբեմն, առողջ ձևանալով, նա դուրս էր գալիս՝ փայտը ձեռքին։ Ի միջի այլոց, փայտի մասին։ Մի անգամ, նենգորեն աչքերը կկոցելով, նա ասաց. ՙԳոնե սրանով ես հիշեցնում եմ վարպետին՚։ Միևնույն ժամանակ, նա ամեն անգամ կրկնում էր. ՙԵս բողոքելու պատճառ չունեմ, ես արդեն վերապրել եմ Ավետիք Իսահակյանին՚։
Կյանքում բախտս բերել է ընկերների հարցում, հատկապես մարտական։ Մասնավորապես, Սիլվային միշտ այդպես էի անվանում՝ ՙմարտական ընկեր՚։ Նա ընդունում էր դա։ Սիլվան ղարաբաղյան շարժման հերոսներից էր։ Քիչ մարդիկ գիտեին, որ նույնիսկ շարժման սկզբից (1988 թվականի փետրվարի 20) դեռ շատ առաջ նա երկու տասնամյակ շարունակ անխոնջ գրում էր ընդարձակ մեղադրական նամակներ, որոնք մենք թարգմանում էինք ռուսերեն և անգլերեն և ուղարկում բոլոր ատյաններով։ Ստեփանակերտում և Երևանում փետրվարյան հրաբխի ժայթքումից անմիջապես հետո, երբ հնարավորություն ունեցա հանդիպել ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի անդամ Ալեքսանդր Յակովլևին, իսկ հաջորդ օրը` գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, զանգահարեցի Սիլվային Մոսկվայից։
Չհաջողվեց գտնել նրան։ Զանգահարեցի կնոջս՝ Նելլիին, պատվիրեցի հանդիպել Սիլվային և ասել, որ պետք է շտապ թռչել Մոսկվա։ Ինչպես հետագայում իմացա, մարտական ընկերս նույնիսկ չէր հարցել՝ ՙԻնչո՞ւ՚։ Նա գիտեր՝ այդպես էր պետք։
Նա սիրում էր ՙզինվոր՚, ՙռազմիկ՚ բառերը։ Նա ասում էր, որ բանաստեղծը զինվոր է համարվում, քանի որ չի կասկածում հաղթանակին.

Դու՝ հայ բանաստեղծ, ի՞նչ էլ որ լինի,
Վերջին զինվո՞րն էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես...

Իհարկե, Սիլվան աշուղ էր, ով գտնվում էր ղարաբաղյան շարժման հերոսական սերունդ դաստիարակողների փառահեղ թվում։ Նրա հետ միշտ չէ և բոլորը չէ, որ ամեն հարցում համաձայնվում էին, այդ թվում՝ իր մարտական ընկերները։ Բայց դա չէր խանգարում մարտական բարեկամությանը։ Քանի որ մենք գիտեինք մեծն բանաստեղծի սկզբունքի մասին.

Թող էլ ո՜չ ոք ճիշտս ու շեղս չիմանար,
Չփորփրեր, գույնս ու ցեղս չիմանար.
Թողնեի՜ն ինձ՝ ինքս ինձ հետ ու երկնի,
Հեռանայի, ոչ ոք տեղս չիմանա՜ր։

Եվ հետո, անցնելով բոլոր իր ճանապարհները, չնայած ոչ մինչև վերջ, նա որոշեց հեռանալ։ Ինչո՞ւ։ Ո՞ւր։ Մեզ հասու չէ դա իմանալ։ Նա որոշեց այդպես։ Որոշեց և վերջ։ Չնայած չէր սիրում սեթևեթել։ Եվ շատ լավ գիտեր՝ ուր էլ գնար, միշտ մնալու է։ Մնալու է, ինչպես ինքն է գրել. ՙՄեզ հետ, մեր մեջ, մեր հոգիներում...՚։ Նա հեռացավ, որ մնա։


Զորի ԲԱԼԱՅԱՆ