comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ՔՆԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՅՍՈՎ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ՔՆԱՐ

Հունվարի 22-ին լրանում է բանաստեղծ-գրականագետ 

Սոկրատ ԽԱՆՅԱՆԻ ծննդյան 89-ամյակը

Սոկրատ Խանյանի համար Ղարաբաղի երգը մարտնչող զինվոր է, որն անպարտելի է, ինչպես հայրենի լեռները, անուշ, ինչպես աղբյուրի ջուրը, բեղուն, ինչպես արցախյան հողը: Եվ այդ երգը մղում է պայքարի, խիզախումների ուղեծիր բացում հայրենի պոեզիայի ճոխ անդաստանում: ՙԱրցախի սիրտը՚,-այսպես է վերնագրել հեղինակն իր բանաստեղծությունների և պոեմների ընտրանին, որ հրատարակվել է պետպատվերով: ՙՂարաբաղ ՚ բանաստեղծության մեջ, որ գրվել է Հադրութում 1955 թվականին, բանաստեղծը կերտել էՙբուրումնավետ դաշտերի՚ երազը, մայրական կաթով սնվող օրերը դարձրել պատկերավոր մտածողության կտավներ:

Բանաստեղծի համար կյանքի դուռը սերն է, որ բացվում է դեպի անհայտը, ուր գաղտնիքի եռք է, ծիածանի հմայք, գույնի շնչառություն: Տարիների հեռվից նայելով իր կյանքի ճանապարհին, բանաստեղծը խորհում է, որ մոր օրորում հասկերով ու վարդերով են հյուսվել իր քնարն ու ճակատագիրը: Իսկ եթե ինքը ծնվեր ոչ թե 1930 թվին, այլ մեր օրերում, մտածում է բանաստեղծը,
ի՞նչ պիտի փոխվե՛ր…
Ոչինչ չէր փոխվի իմ երակներում,
Կապրեի կառչած Արցախա հողին,
Սեղանիս վրա վարունգը թթու,
Ժենգյալով հացը և գիժ թթօղին:
Հաստատուն այս հավատից են սկիզբ առել բաբախուն այն տողերն ու բանաստեղծությունները, որ ընդգրկված են ՙՀայրենական՚ շարքում: ՙՂարաբաղի երգը՚ բանաստեղծությունը մի յուրօրինակ օրհներգ է` հղված այսօրվա և վաղվա ընթերցողին: ՙՍեր և կարոտ է հեղեղել՚ այդ երգը, միաժամանակ ազատության դուռ բացելով ՙկիսաարդար մեր այս դարում՚.
Կարկաչել է, չի խոնարհվել,
Պայքարի է մարդկանց տարել,
Հայաստանով թևավորվել
Երգը Ղարաբաղի:
ՙՀայրենի տուն՚ բանաստեղծության մեջ բառ առ բառ հյուսվում է հիշողության քարտեզը, հայրենիքը սկսվում է հայրենի տան պատկերից և ամբողջանում ծիծառի երգով: Բանաստեղծի ականջը որսում է անտառի երգը, լսում աղբյուրների համերգը.
Աղբյուրներից մեկն ասես ՙԵրազ՚ է երգում,
Մեկը երգում է ՙԿռունկ՚, մեկը` ՙՅար արի՚,
Այս երգերից հմայված իրար են թեքվում
Ու ծափ զարկում հիացքով ծառերն անտառի:
Այսպես տող առ տող հյուսվում է Կոմիտասի կերպարը: ՙՄինչև երգեր գրելը, երևի մի օր//Կոմիտասը եղել է մեր Արևսարում՚: Իսկ երբ հայրն է վերադառնում տուն, բակը լցվում է բուրմունքով դաշտի: Հոր ներկայությունը վստահություն է հաղորդում տան ջերմ ու բուրումնավետ մթնոլորտին:
Ես շրջում եմ մեր բակում, մեր փոքրիկ բակում,
Ու թվում է, թե տերն եմ ողջ տիեզերքի…
Բակը տիեզերքի կենտրոնն է, ուր հյուսվում են մանկության անկրկնելի օրերը: Մանկության ոտնահետքերը հարատևում են մայրական սիրով: Իսկ երբ հասկանում է, որ հողի վրա պապերի լեզվով քարերն են խոսում, պատանու կյանքում նոր էջ է բացում ստեղծագործական ակնթարթը.
Ծառը թեքվել առվի վրա
Ու կարկաչն է լսում անվերջ,
Առուն կարծես թոռն է նրա,
Թոթովում է օրոցքի մեջ:
Ի՛նչ հրաշք է ծնված այստեղ`
Մայր բնության անտես ձեռքով…
Տեսեք ո՛նց են փարվել իրար
Պապն ու թոռը` հողի երգով:
ՙՂարաբաղյան նվագներում՚ կերպավորվում են առավոտը, թթենին, ամպը, արտերը, ամառը, տանիքը… Կարծես պատկերը ազատվելով բառերի պատյանից, միանում է իր ներքին լույսին.
Հին դարն ապրած մեդալի պես,
Մոռացվել են
Մեր կալերը,
Ցորենի գուռ,
Ապրուստի դուռ
Մեր կալերը:
Ի՞նչ է անձրևը բանաստեղծի համար: Բյուրեղյա ուլո՞ւնք է, թե՞ սրտից բխած… երգ: Իսկ ձյո՞ւնը: Շոյող ձե՞ռք է, թե՞ տաքուկ գիրկ.
Մռովսարի ձյունը ելել
Ու հասել է սեգ Քիրսին,
Քիրսից դեպի դաշտ է քշում
Ձմեռը իր ճերմակ ձին:
Արցախյան գոյապայքարը նոր նկարագիր ու ոգի է հաղորդել Սոկրատ Խանյանի տողերին: Ըմբոստ լեռների կանչը մղել է բանաստեղծին ձեռքն առնել պայքարի ու մաքառումի քնարը: Նահատակներին ձոնված երգերը հավատամքի ու լինելության հանգրվաններ են, ուր հաղթանակը, որպես արև, լուսավորում է կյանքի ճանապարհը: Մեծ Հայրենականում եղբոր կորուստ տեսած բանաստեղծը, քայլերով Արցախյան գոյապայքարի ճանապարհներով, իր տողերը դարձրել է ջահ, ոգին` ըմբոստության կամուրջ, որով անցնում են հայ հերոսները` Նիկոլ Դումանը, Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Աղբյուր Սերոբը… և միանում Արցախյան գոյամարտի քաջերին: Ոգի է դառնում բառը: ՙԽոհերիս հետ՚ շարքի վերնագիրը բացում է մի այլ հոգեաշխարհ: Բանաստեղծի հայացքը նժարի պես կշռում է տարածության խորհուրդը և ընդհանրացնում. ՙՁգտումներս շատ, իսկ կյանքս շտապ, // Մեկը գտնում եմ, մյուսը կորցնում՚:
Բանաստեղծի խոհերի նժարին դրվել է մարդու ճակատագիրը. ՙՄիայն մարդուց վերք ստացա,// Էլի երգս` մարդը մնաց՚: Սոկրատ Խանյան բանաստեղծի մեջ մեծ է մարդու նկատմամբ հավատը: Սերն է առաջնորդում նրան ստեղծագործական ճանապարհին.
Արյունս երգ, տենչս երգ,
Երգս դարձած ծիածան,
Քայլում եմ ես հերկից-հերկ,
Դարձած երգի սերմնացան:
Բանաստեղծի քնարի բաբախուն լարերից մեկը սիրերգությունն է: Ամբողջ կյանքում նա այդ աղբյուրից ջուր է խմում ու մնում… ծարավ: Այս զգացումն է նրա որոնումներին հաղորդում կորով ու տենչ: Աչքը հառած Անհասի շողուն աստղին` նա իր սիրաշունչ տողերն է հղկում և ձգտում կատարյալին: Սիրո շշուկը առեղծվածի լույսի պես ջերմացնում է նրա հոգին, պարուրում քնարերգուի տողերը հուսաթրթիռ դողով: Խաչմերուկների աշխարհ է նրա կյանքը, մերթ դժվարին, մերթ` լուսե ուղի է անցել, ինչքան էլ դաժան է եղել ճակատագիրը, այնուամենայնիվ, ոգու խաչմերուկներում նա միշտ երազել է սեր.
Աճեցրել եմ ընձյուղներ վարդի,
որ սոխակը իր երգերը երգի,
որ սիրողները հանդիպեն վարդով
Ու վարդերի մեջ հիանան կյանքով…
ՙՍ. Խանյանը,-գրել է բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը,- բանաստեղծներ Գ. Սարյանի, Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի, Վ. Դավթյանի զարմից է: Նույնիսկ թվում է, թե Արցախյան հողի վրա քնարական չլինել հնարավոր չէ: ՙԳանձ՚ բանաստեղծության մեջ, մասնավորապես, Սոկրատ Խանյանը մատնանշում է վիպապաշտ գեղարվեստական իր ընկալումները` կարոտ, ՙկանաչ-կարմիր՚ առօրյա, երազայնություն, սիրտը շոշափելու ՙսովորություն՚, և այսպես շարունակ դեպի բանաստեղծի սիրտը տանող կածաններ՚…
Անց են կենում օրերս
Կանաչ-կարմիր շորերում,
Թռվռում են լորերս
Իմ կարոտի ձորերում…
Հետ բերելու հույս չկա,
Ձեռք մեկնելու ի՛նչ իմաստ,
Շոշափում եմ իմ սիրտը,
Երազներն իմ արևկա…
Սոկրատ Խանյանի բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ ու պատկերավոր մտածողությամբ: Նրա պոեզիան գնահատել և գրախոսություններով արժևորել են Նաիրի Զարյանը, Մկրտիչ Արմենը, Դավիթ Գասպարյանը, Սուրեն Դանիելյանը, Նորայր Ադալյանը, Սևակ Արզումանյանը, ուրիշներ:
ՙԻնչ վերաբերում է իմ անցած տարիներին,- խոստովանել է բանաստեղծը,- ապա շտապեմ նշել, որ դրանք հնչում են իմ հոգում որպես երազի ու կարոտի, որոնումի ու գտնումի, կորուստների ու ձեռքբերումների, ցավի ու սփոփանքի, դժվարությունների ու խիզախումների համանվագ: Դա կյանքի գրված ու չգրված օրենքների հրամայականն է, որ վերջին հաշվով ծիածանվում է ու հոլովվում ժողովրդական կենսափիլիսոփայության երանգներով՚:
Հենց այդ ժողովրդական կենսափիլիսոփայության երանգներն են արտահայտվել բանաստեղծի քառյակներում, հայրենի հող ու ջրին նվիրված գողտրիկ բանաստեղծություններում:
Կռունկների երամից մի մայր կռունկ ընկավ ցած,
Կարծես երկնի վզնոցից ճերմակ ուլունք ընկավ ցած,
Նրա վերքը ես տեսա, մորս մահը հիշեցի,
Արցունքներս այրվելով ուլունք- ուլունք ընկան ցած:
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ