comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՆԿԱՎԱՐԺ ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՎԱՐԺ ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ

ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը վերջերս լույս է ընծայել ՙՄանկավարժի օրագիր՚ վերտառությամբ իր երկրորդ գիրքը: Դա ստեղծագործող ու նվիրյալ մանկավարժի չորրորդ ժողովածուն է:

Ինչպես ուսուցչուհին է խոստովանում` գիրք գրելու մտահղացումը նրա մոտ ծագել է տարիներ առաջ, երբ նպատակադրվեց իր համեստ ներդրումն ունենալ մանկավարժության ասպարեզում, ներկայացնել ուսուցչի բարդ ու պատասխանատու աշխատանքի նրբությունները, որով օգնած կլիներ հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին, ընդհանրապես` մայրենիի նվիրյալներին: Եվ 2013-ին ծնվեց նրա առաջին` ՙՈւսուցչի իմ թղթապանակը՚ մեթոդական ձեռնարկը, որը հրատարակվեց ԼՂՀ ԿԳ նախարարության երաշխավորությամբ ու ֆինանսական միջոցներով:

Հեղինակի գրքերից մեկն էլ նվիրված է մեր հայրենակից գրող Լևոն Ադյանի ստեղծագործություններին:
ՙՄանկավարժի օրագիր՚ երկրորդ գիրքը, ինչպես և առաջինը, արցախյան յուրատիպ տարեգրություն է, որի հերոսները սահմանամերձ բնակավայրի բնակիչներն են` հեղինակի գործընկերները, սաները, հարևանները, հայրենյաց պաշտպանները, նահատակ տղաները, նրանց ծնողները: Ոչ ոք, ոչ մի իրադարձություն, ոչ մի երևույթ դուրս չի մնացել հեղինակի տեսադաշտից: Թվարկենք մի քանի վերնագրեր, և պարզ կդառնա իր երկրի ճակատագրով ապրող մտավորականի հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակը. ՙՍոցցանցն էլ միջավայր է, որտեղ մաքրություն է պետք՚, ՙՄարտակերտ. այստեղ հավերժահույզ մեղեդիներ կան, լուսե երազներ՚, ՙՃիշտ ապրելու իմաստը՚, ՙՀոգետանջ մի հարց. ուսուցիչն ու աշակերտը նո՞ւյն տարածքում չեն՚, ՙՈրտե՞ղ է պոեզիայի մշակույթը՚, ՙԹռիչքի համար կարդալ է պետք՚ և այլն:
Ամեն մի գրառում գեղարվեստական մանրապատում է, հրապարակախոսական ժանրի ստեղծագործություն: ՙՄանկավարժի օրագիր՚ առաջին գրքի մասին ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանն արտահայտվել է հետևյալ կերպ. ՙՄարտակերտում գրել այսպիսի գիրք` իսկապես հերոսություն է: Այն սպասված գիրք է ընթերցողի համար, առանձնանում է իր գործառնական նշանակությամբ: Այս գրքում ոչ միայն մեր հոգսերն ու ցավերն են, այս գիրքը սպեղանի է, ուղեցույց, թե ինչպես պետք է պահել Մարտակերտը, Արցախը, Հայաստանը, ինչպես ընդունել բոլոր արկերը, հարվածները, ինչպես Սարոյանն է ասում, բայց չմեռնել, չընկնել, ապրել հողի վրա և այդ հողը քեզնով ապրեցնել՚:
Մարտակերտում տեղի ունեցավ ՙՄանկավարժի օրագիր՚ երկրորդ գրքի շնորհանդեսը, որը վերածվել էր մանկավարժի մեծարման, գրքի տոնի: Շրջկենտրոնի մշակույթի տանը հավաքվել էին շրջվարչակազմի ղեկավար կազմը, ուսուցիչներ, մտավորական խավի ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից: Հեղինակին առաջին շնորհավորողը շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն էր, որն իր ներդրումն է ունեցել գրքի հրատարակման գործում: Նա բարձր գնահատեց ուսուցչի կատարածը:
Կրթության բաժնի վարիչ Դավիթ Լալայանն ուրախալի փաստ համարեց, որ սահմանամերձ, ռազմավարական նշանակություն ունենցող բնակավայրում` Մարտակերտում, մանկավարժն իր պատասխանատու աշխատանքին զուգահեռ գիրք է գրում և տարիներով կուտակած գիտելիքներն ու փորձը նաև գրքի տեսքով է փոխանցում ներկա և գալիք սերունդներին: Նրա համոզմամբ` այն կխթանի ուսումնադաստիարակչական և հանրային խնդիրներին ճիշտ լուծում տալը:
ՙՆերկայիս խճողված իրավիճակից դուրս գալու համար ամենամեծ բեռը կրթական համակարգի վրա է: Մենք ունենք Նատաշա Պողոսյանի նման ուսուցիչների կարիք, որովհետև բոլորիս է հայտնի, որ ազգի պատմության հիմքերը դրվում են դպրոցում: Մենք ոչ թե պետք է լինենք համակարգի սոսկական բաղադրատարրը, այլ ոգին, տերը, պատասխանատուն: Ն. Պողոսյանը հենց այդ ուսուցիչներից է: Օրագրի ամեն մի էջն ինքնության հանրաքվե է: Նման ուսուցիչների շնորհիվ առողջ է տրոփում կրթության համակարգի սիրտը՚,-ասաց հեղինակի չորս գրքերի խմբագիրը` ԱՀ ԿԳՍՆ մասնագիտական և բարձրագույն կրթության բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը:
Գրքի գրախոսներից բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանի որակումով` դիրքապահ ուսուցչուհի է Ն. Պողոսյանը: Եվ մեծարման միջոցառումը հետաքրքիր երևույթ համարեց այն առումով, որ ՙՈւսուցչի առջև է, որ պետք է բոլորը խոնարհվեն՚:
Գրքի մյուս գրախոս` բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանն ընդգծեց Ն. Պողոսյան մտավորականի այն տեսակը, որն իր գործունեությամբ անաղարտ է պահում հոգևոր դաշտի սահմանները:
Օրեր առաջ բոլորել էր Ն. Պողոսյանի հոբելյանը: Բոլոր ելույթ ունեցողները շնորհավորեցին նրան նաև այդ կապակցությամբ:
ՙԵս չեմ գրում որևէ մեկին հաճոյանալու կամ գովեստի արժանանալու համար: Սա ուսուցչի` ճշմարտության համար մղվող իմ ուրույն պայքարն է: Ես գտել եմ աշխարհը և ինքներս մեզ փոխելու բանալին. դա ճիշտն ու լավը ստեղծելու նվիրումն ու հավատամքն է, ճշտի սկզբունքով աշխարհը նվաճելը, աշխարհին տալն ու վերցնելը… ՚,-ապրելու իր բանաձևն է ներկայացրել մանկավարժ Նատաշա Պողոսյանը:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ