comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՆԱՐԵՐԳՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆԱՐԵՐԳՈՒՆ

Հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին էր նվիրված հունվարի 22-ին ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լյուտովիկա և Յակոբ Այնթապլյան կենտրոնում տեղի ունեցած միջոցառումը, որը բացեց ԱՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։

 Անցյալ դարի 1950¬1960թթ. ասպարեզ իջավ տաղանդաշատ մի սերունդ. Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Մարո Մարգարյան, ովքեր նոր մոտեցումներ, նոր ընկալումներ բերեցին և հսկայական քայլերով առաջ մղեցին հայ գրականությունը։ Այդ սերնդի կարկառուն ներկայացուցիչն է Ս. Կապուտիկյանը, ով դեռևս իր կենդանության օրոք դասական էր համարվում։ Քսանչորս տարեկանում գրած նրա ՙԽոսք իմ որդուն՚ բանաստեղծությունը դարձավ պատգամ, դարձավ սփյուռքահայության հիմնը, որով առայսօր սերունդներ են դաստիարակվում։ Այդ բանաստեղծությունը գրվեց մի շրջանում, երբ դեռևս զգալի էին ստալինյան բռնաճնշումները։ Բանաստեղծուհին ճանաչում ուներ նաև Խորհրդային Միությունում, հատկապես ռուս մտավորականության շրջանում. նրա 20-ից ավելի գրքեր թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով, և առաջին հայ բանաստեղծուհին էր, որ արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ Ս. Կապուտիկյանը հետաքրքիր անհատականություն էր, երևույթ, որի հետ շատ անգամներ շփումներ ունենալու առիթ է ունեցել Վ. Հակոբյանը։ Արցախի ԳՄ նախագահը բանաստեղծուհու 80-ամյակին ձեռնարկել էր նրա մի փոքրիկ գրքույկի հրատարակությունը, որը նոր հանդիպումների առիթ էր դարձել։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ բանաստեղծուհու հոբելյանի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Պանթեոն, հարգանքի և հիշատակի տուրք մատուցել` այդպիսով ձևավորելով հոգևոր¬գրական արժեքներին տեր կանգնելու մշակույթ։

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը բանաստեղծուհուն որակեց որպես համահայկական երևույթ՝ ընդգծելով, որ պարտավոր ենք մշտապես հիշել նրա կապը Արցախի հետ։ Նրա ելույթները Ղարաբաղյան շարժման տարիներին Երևանի հանրահավաքներում և Արցախում ոգեշնչում էին մարդկանց. իր գործունեությամբ նա Արցախի ձայնը փորձում էր լսելի դարձնել խորհրդային Կենտրոնին և աշխարհին։ ՙԳանձասարի մորմոքը՚ գողտրիկ բանաստեղծության մեջ ազգային¬ազատագրական պայքարի, ժողովրդական զարթոնքի արձագանքները կան։ Կապուտիկյանը նկատել է, որ Արցախը դարձել է ազատության խորհրդանիշ։ Մեծ է եղել բանաստեղծուհու հետաքրքրությունը և սերը Ղարաբաղի հանդեպ, որի բարբառին ձոնել է հրաշալի մի բանաստեղծություն։ 1958-1960-ականներին գրողն այցելեց Ճարտար, և այն ժամանակ հայտնի ՙԿոմունիզմ՚ կոլտնտեսության մասին ակնարկ գրեց։
Բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Կիմ Գաբրիելյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Արկադի Թովմասյանը, ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանն անդրադարձան բանաստեղծուհու հասարակական¬քաղաքական գործունեությանը, մանկական ստեղծագործություններին, հրապարակախոսությանը, հայրենասիրական քնարին։
Սիլվա Կապուտիկյանի սիրերգության մասին խոսեց բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ բանաստեղծուհու պոեզիան խիստ հետաքրքրական է կանացի հոգու ենթաշերտերը բացելու, հոգու խորքերը վերծանելու, բացահայտելու առումով։ Բանատողերում իշխողն անթաքույց հույզն է, անկեղծ պոռթկումը, սիրո նախազգացման հրճվանքը, հուսահատության ու տառապանքի, տխրության ու տագնապների վեհությունը։ Կապուտիկյանի պոեզիայում կինը ներկայացված է հակասական իրավիճակների և իրարամերժ պատկերների տիրույթում։ Քնարական հերոսուհու տարբեր զգացողությունների հակասությունները խորանում են, հակադիր սկզբունքների ներքին պայքարը դառնում է նրա զարգացման էությունը, որից էլ ծնվում է ճշմարտությունը։ Բանաստեղծուհին ոչինչ չի թաքցնում, քանի որ սիրո բոլոր նրբերանգները մարդկային են, լուսավոր, նրան խորթ չեն նաև ինքնահեգնանքի, սեփական հույզերն ու երազները երգիծելու հակումը, որն այդ աշխարհը դարձնում է հարազատ ու սիրելի։
ՙՍտեփանակերտ՚ թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանն անդրադարձավ բանաստեղծուհու ուղեգրություններին՝ ՙՔարավանները դեռ քայլում են՚, ՙԽճանկար հոգու և քարտեզի գույներից՚, ՙՔարավանները հեռանում են՚, ՙԻմ կածանը աշխարհի ճանապարհներին՚։ Կապուտիկյանը խորապես մտահոգվել է սփյուռքահայերի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրով, հայապահպանության խնդիրներով։ Ուղեգրությունները մեծապես նպաստել են սփյուռքահայության միասնությանը, ներքին հոգևոր կապերի պահպանմանը։ Կապուտիկյանն այն հեղինակավոր մտավորականներից էր, ում խոսքը հունդ էր մարդկանց հոգիներում, ում գնահատում և արժևորում էին բոլոր ատյաններում։
Ցուցադրվեց տեսանյութ բանաստեղծուհու կյանքի, գրական գործունեության մասին։ Հնչեց ՙԹե աչերս քեզ որոնեն՚ երգը (տեքստը՝ Ս. Կապուտիկյանի)՝ Հարութ Փամբուկչյանի կատարմամբ։
ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը կարդաց Ս. Կապուտիկյանի ստեղծագործություններից։


Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ