comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԹԵՐԹԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունվարի 24-ին Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ասկերանի շրջանային թերթի` նախնական անունը` ՙԿարմիր դրոշ՚, այնուհետև` ՙԽաչեն՚, ներկայում` ՙԲերդ՚, 40-ամյակին: Հրավիրվել էին թերթի նախկին և ներկայիս աշխատողներ, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ներկա էր ԱԺ պատգամավոր, վաստակավոր լրագրող Վարդգես Բաղրյանը: Միջոցառումը բացեց ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը` շնորհավորելով թերթի հոբելյանը և նշելով, որ Արցախի այսօրվա մեդիադաշտում լուրջ դերակատարություն ունեցող մարդիկ իրենց լրագրողական ճանապարհը սկսել են ՙԿարմիր դրոշ՚ թերթից: Նրա առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից տարբեր տարիների հեռացած թերթի աշխատողների հիշատակը: 

Կիմ Գարբիելյանը, որն ինքն էլ անցել է ՙԿարմիր դրոշ՚-ի բովով, նշեց, որ ինչպես բոլոր աշխատողներն են կարևոր դերակատարում ունեցել թերթի կյանքում, այնպես էլ թերթն է յուրաքանչյուրի համար եղել կարևոր. նրանք այդտեղ են թրծվել, ձեռք բերել մասնագիտական կարողություններ, որովհետև ազատ էին ստեղծագործելու առումով: ԱրԺՄ նախագահը ժուռնալիստների միության պատվոգրով պարգևատրեց թերթին:
ՙԲերդ՚-ի անցած ուղու և այսօրվա խնդիրների ու հեռանկարների մասին խոսեց թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանը, որը, երկու տասնամյակ է` ղեկավարում է խմբագրության աշխատանքները, իսկ գործունեությունն այստեղ սկսել է որպես ֆոտոթղթակից: Ասկերանի շրջանի ստեղծումից կարճ ժամանակ անց (1978թ.) սկսվեց նրա ՙԿարմիր դրոշ՚ թերթի հրատարակումը, որի առաջին համարը լույս տեսավ 1979թ. հունվարի 1-ին: Խմբագիրը արձակագիր Կոմիտաս Դանիելյանն էր: Արցախյան պատերազմի և հետագա տարիներին թերթն ունեցել է մի շարք խմբագիրներ: Հիմնադրման օրվանից այն գտնվել է իր բարձրության վրա` օպերատիվ լուսաբանելով շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ժողովրդի մեջ արթուն պահելով ազգային ոգին: Արցախյան շարժման ընդհատակյա ժամանակահատվածում խմբագրությունը վերածվել էր յուրահատուկ շտաբի: Տարիների ընթացքում փոխվել է խմբագրակազմը, սակայն անփոփոխ է մնացել ավանդույթը` նվիրումը թերթին, մեծ պատասխանատվությունը: Նոր ժամանակները նոր մարտահրավերներ են բերել թերթին, և խմբագիրը խոսեց նաև այդ խնդիրներից, մասնավորապես` թերթի բաժանորդագրության, այն ժողովրդին հասցնելու դժվարություններից: Նշեց, որ ինչքան էլ ցավալի է, թերթի տպագիր տարբերակն իր տեղը զիջում է էլեկտրոնայինին: Շրջանային թերթերի մեջ ՙԲերդ՚-ը առաջինն է ունեցել կայք, որը գործարկվել է 2012թ.: Այսօրվա դրությամբ կայքի այցելությունների քանակն անցնում է մեկուկես միլիոնից: Նա պատվոգրեր հանձնեց թերթի այսօրվա երկու լրագրողներին:
ՙԿարմիր դրոշ՚ թերթից է իր լրագրողական կարիերան սկսել նաև ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը: Հիշելով այնտեղ աշխատած ժամանակահատվածը` նա ասաց, որ դա բավականաչափ փորձառություն է տվել իրեն և ամենագլխավորը համարեց գյուղաշխարհի հետ իր շփումները, որը շատ կարևոր է լրագրողի կայացման համար: Իր այսօրվա հաջողությունների հիմքում նա տեսնում է շրջանային թերթում աշխատած տարիները: Հանրապետական թերթի անունից Ն. Գասպարյանը պատվոգիր հանձնեց ՙԲերդ՚/Խաչեն, Կարմիր դրոշ/ թերթին` մամուլի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի և գործունեության 40-ամյակի առթիվ:
ՙՍտեփանակերտ՚ թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանը Ասկերանի թերթի հոբելյանը շնորհավորեց իր իսկ հեղինակասծ չափածո շնորհակալագրով:
Յուրաքանչյոր թերթի ծնունդ տքնանք, նվիրում է, այդ առումով լրագրողների աշխատանքն ուրույն առաքելություն է: ՙԿարմիր դրոշ՚թերթի առաջին աշխատողներից նրա պատասխանատու քարտուղար այսօր ՙՀայաստանի Հանրապետություն՚ թերթի թղթակից Դավիթ Միքայելյանն իր հուշերը ներկայացրեց այդ կապակցությամբ:
Պատերազմական շրջանի Ասկերանի թերթի աշխատողներից էր ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի տնօրեն Մհեր Հարությունյանը: Նրա խոստովանությամբ` ՙԽաչեն՚ թերթում իր աշխատանքը լավագույն դպրոց էր, իր լրագրողական գործունեության համար` շատ կարևոր մի հանգրվան: Անդրադարձավ գործընկերներին հուզող` տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային թերթ, մտահոգություններին: Նրա կարծիքով` դրա համար պետք է կողնորոշվել թերթի գործառույթների մեջ. այն տեղեկատվության խնդի՞ր է լուծում, թե՞ ավելի լայն սպեկտրի հարցեր և ըստ այդմ էլ կազմակերպել աշխատանքները:
ՙԿարմիր դրոշ՚ թերթի լրագրող, այսօր Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Ծովինար Գրիգորյանն արժևորեց թերթի հայրենասիրական, ազգային-մշակութային ճանաչողական ուղղվածությունը դեռ Արցախյան շարժումից առաջ: Թերթի աշխատողները նաև առաջինների շարքում ստորագրեցին Մոսկվա ուղարկված խնդրագրի տակ, երբ դեռ շատ քիչ մարդիկ էին հանդգնում նման բան անել: Հիշեցրեց, որ խմբագրությունը եղել է Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմական հավաքատեղին, որտեղ շատ նախաձեռնություններ են ծնունդ առել:
ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի համոզմամբ` եթե այն չափանիշով ենք մոտենում լրատվամիջոցին, թե որքանով է կարողացել լուսաբանել մեր Ազատամարտը և լինել ժողովրդի կողքին, ապա ներկա հոբելյարի հունձքը շատ է: Ինչ մնում է տպագիր, թե էլեկտրոնային թերթին, պետք է երկուսն էլ ունենալ:
Ասկերանի շրջվարչակազի անունից թերթի հոբելյանը շնորհավորեց աշխատակազմի ղեկավար Վահագն Առստամյանը և ասաց, որ հնչած բոլոր կարծիքները, առաջարկները հաշվի կառնեն` աջակցելու խմբագրության խնդիրների լուծմանը:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ