comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՆՀՈՒՅԶ ՏՈՂԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ Է ԿԵՍ ՃԱՄՓԻՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆՀՈՒՅԶ ՏՈՂԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ Է ԿԵՍ ՃԱՄՓԻՆ՚

Արձակագիր Նվարդ Ալեքսանյանը կարծես ուշ մտավ գրական շրջանակներ...

 

-Ես երբեք էլ նման մտադրություն չեմ ունեցել, ասեմ` ինչու, հավանաբար նրա համար, որ լրագրողիս տողի պատկերը, իմ կարծիքով, միշտ էլ արձակի տարրերով է ամբողջացել։ Այս երեսուն տարիների ընթացքում մշտապես ձգտել եմ իմ գտած բառի նրբերանգի, ղողանջի նոր ելևէջն ու աչքից հեռու պահված լույսն ու ստվերը տեսնել։ Այնպես որ` մտադրություն չկար արձակագրի հայտ ներկայացնել, այսինքն` երևալ, քանզի, որպես լրագրող, ինձ զգում էի այդ միջավայրի յուրայիններից։ Ուստի, նաև բնականոն պետք է համարել լրագրության հարևանությամբ առանձին պատմվածքների հայտնությունը։ Եվ, եթե դու, սիրելի Նվարդ, իբրև իմ լավագույն ընթերցողներից մեկը, իմ ոչ այնքան ստվարաշար պատմվածքները գնահատում ես որպես մուտք` արձակ, թեկուզև` ուշացած, ապա, դա ինձ ուրախացնում է կրկնակի։
-Լրագրողի մեջ ի՞նչն եք գնահատում։
-Ամենից առաջ երևույթն իր աներևույթ կողմերով տեսնելու ունակությունը, ինչն էլ ենթադրում է հետաքրքրությունների լայն շրջանակ, գիտելիքների ու տեղեկացվածության բավարար մակարդակ, ստեղծագործելու աստվածատուր շնորհք։ Այս առումով տվյալ լրագրողը միշտ էլ աչքի է ընկնելու ուշագրավ գործերով։ Գնահատում եմ նաև իր աշխատանքում ներքին կանոնակարգ ու սկզբունք ունենալու պահանջը, քանզի լրագրության տարերքն էլ համանման բոլոր երևույթների պես այդ ենթատեքստն ունի։
Գերագնահատում եմ լրագրողի սրտացավությունն իր հայրենիքի ճակատագրի, հոգսերի նկատմամբ և նրա տողերի սրտազարկը։ Անհույզ, անհաղորդ տողը միշտ մնում է կես ճամփին...

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ա Յ Ց

 

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ կանգառում նա երթուղային տաքսի մտավ և հայտնվեց իմ կողքին: Վրաս սևեռված հայացքը, ասես հատվածաբար, զննում էր ինձ` ոտից գլուխ, ոնց որ երկար ժամանակ չէր տեսել, և աչքերը կարոտել էին հարազատ դեմքին, և հիմա ուզում է համեմատել իր մտապատկերում պահածն ու իրականում եղածը: Առաջին միտքս այն էր, որ կողքիս հայտնվել է ցանցառ մեկը, այն էլ` աներես: Իր կարծիքով երևի ծանոթանալու սեփական ձև է հնարել և հայացքով ողողելուց հետո հիմա կասի` ձեր դեմքն այնքան ծանոթ է... որտե՞ղ ենք հանդիպել...
ՙՀիմարի մեկը, փորձիր լեզուդ չարչրկել, դու դեռ չգիտես, թե ում կողքին ես նստել՚,- մտածեցի ես: Բայց նա, թեև տեսավ իր ներկայությունից թթված դեմքս, անսպասելիորեն հարգալից բարևեց և շատ տնավարի ու մտերմիկ հարցրեց` ինչպե՞ս ես, ու խորը, շատ խորը նայեց աչքերիս, ասես կամենալով տեսնել այն, ինչ ինքս անգամ չեմ ուզում տեսնել:
ՙՏես է, դու-ով է խոսում հետս՚,- դեմքս մի մեծ հարցական դարձավ, սակայն ընդամենը թռուցիկ, բայց շանթոտ ակնարկ չփփացրի նրա երեսին` ի պատասխան, իսկ մտքումս ծայր առավ փնտրտուք` գուցե վաղուցվա ծանոթ է, ախր, մի կողմից էլ ամոթ է, պատերազմ է եղել, ծանոթ-բարեկամներ այստեղից գնացել են հեռուները, իսկ այնտեղից էլ եկել են նորերը: Մեկ-մեկ իմ հին ընկերների կարոտը մեղմելու համար նմանություններ եմ փնտրում և ձևացնում, թե գտնում եմ նոր ծանոթների մեջ, որ կարողանամ պահել մշտապես սիրելիներով բնակեցված փոքրիկ ու հարազատ աշխարհը:
- Ինձ ես փնտրո՞ւմ քո մտքում, ուզո՞ւմ ես հիշել, - կրկին անծանոթն է, իսկ հետևի նստարանին նստած տիկինն արդեն փոքր-ինչ հակվել է դեպի մեզ և շնչում է հենց իմ ծոծրակին: Հետաքրքրասերիս տեսեք` մինչև տեղ հասնելն ուզում է նաև զվարճալի տեսարան վայելել: Կա-չկա տնային տնտեսուհի է, խոհանոցում ամանները շրխկացնելով հարևանուհուն կպատմի, թե` այսպես-այսպես, երկար տարիներ հետո, երթուղային տաքսում, պատահաբար, տղամարդը հանկարծ տեսել է վաղեմի ընկերուհուն, վայ թե` նախկին սիրածին, սա էլ երևի արդեն մարդատեր է և չի ուզում խոսել հետը, նազ անելով` թե իբր քեզ չեմ հիշում: Աղջի, որ չես հիշում, ինչո՞ւ ես գողեգող տնտղում մարդուն:
Իսկապես, փոքր-ինչ խոնարհած հայացքով, ես կողքից դիտում էի նրան: Արծվաքիթ, նիհար դեմք, փոքր-ինչ ցցուն այտոսկրեր, խորն ընկած, բայց ոչ մանրիկ աչքեր, գունատ մաշկ: Հագուստ-կապուստը աղքատիկ է, ձմեռային բաց մոխրագույն վերարկուն մոդայիկ էր տասնյակ տարիներ առաջ, բայց, չգիտես ինչու, մաշված չէ, ասես գնել է ժամանակին ու պահել սնդուկում, դեռ նույն կտորից էլ կեպի ունի գլխին: Թվաց, թե նույնիսկ խոնավության հոտ առավ քիմքս: Վայ թե խեղճ մարդն այսքան տարի բանտ է նստել, և շորերը մնացել են տանը, հիմա վերջապես հայտնվել է ազատության մեջ և ճարը կտրած պետք է հագնի ունեցածը: Դրա համար էլ շորերն անկարկատան են, մաքուր, բայց` հին:
Կրկին թվաց, թե շորահոտի խոնավությունն իր անդուրությամբ զարկեց ինձ:
ՙԲայց, լսիր, քո ինչ գործն է, որ վարկածներ ես հնարում անծանոթ մեկի կյանքի համար: Ախր, դու կարևոր գործ ունես, անգործ մարդ ես, մտածիր քո մասին՚,- սաստեցի ինքս ինձ ու փորձեցի խուփ դնել մտքերիս վրա և խորասուզվել այն հարցում, թե այս անգամ տեսնես աշխատատեղ փնտրողիս ինչ կպատասխանեն: Նախորդ անգամ, հիմնարկի ջահել պետն ինձ ընդունել է իր հետճաշյա հանգստի ժամին` հազիվ զսպելով զկռտոցը, կոպերն էլ ծա՛նր-ծանր էին վեր ու վար անում, բեռնված վերելակի պես: Ասաց, որ գիտե ինձ, կարդացել է գրածներս թերթերում, ամսագրերում, դեմ չէ, որ աշխատեմ իր հիմնարկում, այդպես էլ ասաց` ՙիմ հիմնարկում՚: Գրասեղանին խաչբառ էր, աչքիցս չվրիպեց` ընդամենը մի քանի վանդակ լրացված: Մեկ էլ անսպասելիորեն, թե` լրացրեք այս խաչբառը և աշխատանքի կընդունվեք, համարեք ասածս պայման և խաղ:
-Այ քեզ տխմար,-մտածեցի,-իսկույն երևում է, որ կրկնուսույցի մոտ ես սերտել դասերդ և հարցն ես լսել, և պատասխանը` առանց խելքիդ զոռ տալու: Հիմա խաչբառը դրել ես սեղանիդ, բայց կրկնուսույցդ չկա, որ պատասխանը հուշի: Իբր, որ ես հանկարծ մի կորած-մոլորված ֆուտբոլիստի անուն չիմանամ, դրանով սահման կհատվի՞ իմացածի ու չիմացածի միջև:
Վիրավորանքից զգացի, որ շառագույն խփեց դեմքիս, բայց նայելով նրա պարարտ վզին, որոշեցի ընդունել խաղի պայմանն ու խաղալ: Ասացի` լավ, հետո երկթերթանոց խաչբառը կիսեցի, կեսը պահեցի ինձ, իսկ կեսը տվեցի իրեն:
- Դե որ առաջարկում եք խաղալ, խաղանք` երկուսով:
Տեսա, թե ինչպես աշխուժացավ երեխայի պես, ճիշտ է, հետճաշյա քունը խանգարեցի, բայց իր համար հետաքրքիր առիթ կա այստեղ ևս ցույց տալու, որ ինքը երբեք չի պարտվում: Բարեբախտաբար, նրա նախընտրած խաչբառն այնպիսի մակարդակ ուներ, որ փակ աչքերով էլ կարելի էր լրացնել: Իսկ իր իմացածը... հենց այնպես էլ մնաց` մի քանի վանդակում:
- Գիտեք,-ասացի` ժպտալով,-ավելի լավ է` ես գնամ: Շնորհակալ եմ լավ ընդունելության համար:
Բերանը մնաց բաց, հորանջն անհետացավ, գույն առավ, գույն տվեց, շուրթերով կափկափեց, բայց բառերն էլ իր նման քնատ էին ու փակվեցին իրենց ներսում:
- Հա, գիտեմ, վիրավորվել ես էն ջահել, երես առած ՙպետիկի՚ պահվածքից, չնայած փոշմանել ես` հետո, ախր, աշխատավարձդ բավական բարձր կլիներ, բայց դու կողդ հաստացրիր:
ՙԱստված իմ, այս սատանան որտեղից գիտե այդքանը, ես ոչ մեկին բան չեմ ասել, նույնիսկ հիմա էլ ոչ մեկը չգիտե, որ կրկին աշխատանք եմ փնտրում՚:
- Ես քո մասին ամեն ինչ գիտեմ, իսկ դու մի զարմացիր, քանի տարեկան էիր, որ գելխեղդ շունը քեզ գզեց: Կյանքիդ համար պարտական ես ձեր տարեց հարևանին, կարպետը գլխին գցեց, սողալով մոտեցավ քեզ ու ազատեց շան բերնից: Գիտեմ, երբ մեծացար, սկսեցիր փող վաստակել, որոշել էիր տապանաքար դնել փրկարարիդ անտեր գերեզմանին: Ինչո՞ւ չես արել... Մի բերան ասեիր` հայրդ կաներ: Դե, գոնե մի բան գրեիր այդ համեստ դերձակի մասին, նրա հուշարձանը բառերով ստեղծեիր...
Այս անգամ ես իսկապես վախեցա իմ կողքին նստած տղամարդուց. աշխարհում ինձնից բացի ոչ մեկը տեղյակ չէ իմ մտադրությանը, և ահա այսպիսի գորշ մի օր իմ կողքին պատահական հայտնված մեկը թերթում է մտքիս էջերն ու աչքս խոթում եղած-չեղածը:
- Դու քեզ ձախորդ ես համարում, բայց հրա՞շք չէր, որ քեզ նման լողից հեռու մարդն անվախ մտել էր ջրամբարը ու փրկվել խեղդելուց, դու որ կարող էիր նույնիսկ առվում խեղդվել... Համա, թե համառն ես, հա՛, որ դրանից հետո էլ շարունակում ես քեզ ձախորդ համարել: Իսկ պատերազմի ժամանակ... գործի էիր գնում և երբեք նկուղ չիջար, տեղյակ եմ` ցածր առաստաղը քեզ ճնշում է, այդպիսի հիվանդություն կա, որ նաև իբր հիվանդություն չէ: Իսկ երբ ծանր ռումբերն ընկած ձեր թաղամասում, վիրավորվելդ անգամ չիմացար, սարսափը մեծ էր, որն իր սոսկալի երախով ուզում էր քեզ կուլ տալ: Զգում էիր` ինչ-որ տաք բան հոսում է դեմքդ ի վար, բայց վախի կուրացած աչքերը չէին թողնում տեսնել, որ սեփական արյունդ է լցվում աչքերդ: Վազեվազ եկած ընկերներդ մազերիդ միջից հանեցին ապակու կտորները, վիրակապ դրին: Մինչև հիմա էլ գլուխդ ցավում է օրվա նույն պահին, երեկոյան դեմ` ճիշտ ռումբերն ընկնելու ժամին, ու չգիտես, իրոք, գլխացավ է դա, թե պատերազմի ծանր հիշողությունն է նվվում` մոռացվել չուզենալով...

Հետևի նստարանին նստած կինն արդեն տմտմբացնում է գլուխն ու հոգոց հանում, մոռացել է երևի իջնել իր կանգառում, ախր, քանի գնում, այնքան հետաքրքիր կեռմաններ են հայտնվում տղամարդու խոսքում: Ուզում է տեսնել վերջն ինչ պիտի լինի, ես զենքերս վար կդնեմ ու կխոստովանեմ, որ ճանաչում եմ տղամարդուն, թե՞ առաջվա պես զույգ ոտքս մի չմշկում կպահեմ:
- Հիշո՞ւմ ես, ռումբերը, որ ընկան` մեծերի հետ նաև երեխաներ զոհվեցին, երկուսը` դեռ խանձարուրներում: Բոլորի համար լաց եղար, իսկ մի մանչուկի համար, որին շատ էիր սիրում` սգացիր: Մայրը ջահել էր, պատերազմին ջգրու կրկին տղա ունեցավ և քո խորհրդով զոհված երեխայի անունով կոչեց: Դու այդ երեխային էլ էիր սիրում, բայց աչքիդ առաջ մյուսն էր` բզկտված փոքրիկ մարմնով: Լավ, լավ, այդ մասին էլ չեմ խոսի, տեսնում եմ աչքերդ թացանում են, ի սեր Աստծո, լաց չլինես...
Ինձ հետ այս ամենը լսող կինն արդեն աղմկով քիթն է մաքրում և ինչ-որ բառեր մրմնջում` աղջի, մարդը իրեն ճղակոտոր է անում, ինչո՞ւ չես պատասխանում: Ես հասկանում եմ, որ նրա հանդիմանանքն ինձ է վերաբերում, որ պիտի խոսեմ, չէ, ի՞նչ խոսել, պիտի գոռամ այս ինքնակոչի երեսին, թե ի՞նչ ես կպել, ի՞նչ ես ուզում, ո՞վ ես դու, որ իմ կյանքը պատմում ես ու հետն էլ աներեսաբար հարցնում` հիշո՞ւմ ես... Ուրեմն, անտիկվար խանութից փախած խրտվիլակ, դու իմ կյանքն ինձնից լավ գիտե՞ս ու ինձնից էլ լավ ես հիշո՞ւմ, ախր, ո՞վ ես դու... սատանայի մեկը...
- Ուզում ես գոռալ երեսիս, չէ՞: Լավ էլ կանես: Բայց քո նախկին կոլեկտիվի ժողովի մուռը, խնդրում եմ, ինձնից չհանես: Այնտեղ խոսեցիր, ոնց խոսեցիր... այն էլ աշխատանքի որակի մասին: Թե իբր լավ աշխատանքով պիտի առանձնանա յուրաքանչյուրը: Քեզ հանգիստ լսեց վերադասը, բայց մտքում ծիծաղում էր վրադ: Դու էլ գիտեիր, որ այդպես է լինելու, բայց կեռումեռվել չսովորեցիր, թե չէ` մի քիչ խելք կունենայիր և բոլորի պես կլինեիր: Աշխատանքի որակն ի՛նչ զահրումար է, որ գլուխդ ես մտցրել և չես ուզում բոլորի պես նորովի մտածել: Կարևորը պլանի պես մի բան կատարելն է, իրենից վերև եղածի աչքին թոզ փչելը, իսկ որակն ուր ուզում է` թող կորչի: ժողովի ողջ ընթացքում մի գլուխ փառք էիր տալիս Աստծուն, որ խնայել է ժողովրդին ու նման մարդկանց պատերազմ չի ուղարկել: Ուղարկած լիներ, դժվար թե հաղթանակ ունենայինք, սրանք առաջին գծո՞ւմ: Իսկ նա` վերադասը, թքած ունի քո կարծիքի ու դրա նման կարծիքների վրա, այնպես է թքել, որ նույնիսկ չի էլ կարող իր թուքը լիզել, քանզի գիտե, որ այն թունավոր է: Ինքն իր բարձր աշխատավարձի, փափուկ աթոռի և սիրունիկ քարտուղարուհու տերն է, քեզ նման մեկն էլ թող որակի մասին խոսի, դրանից իրեն ի՞նչ վնաս... Գիտեմ, դու էլ թքած ունես նրա վրա և թողել ես աշխատանքդ... մնացել անգործ... Հենց դրա համար եմ եկել քեզ տեսության... որ չխեղճանաս...
Հետևի կինն այս անգամ արդեն բարձրաձայն խառնվեց տղամարդու խոսքին`ամեն տեղ էլ էդպես է, իմ խեղճ տղան էլ է իր աշխատանքի տեղում հակառակ խոսել ու հիմա անգործ է, ամոթից էլ տնից դուրս չի գալիս: Կնոջ ձայնը նույնիսկ տամկացավ, նա թաշկինակը տարավ աչքերին:
ՙՏեր Աստված, այդպես էլ չհիշեցի` ո՞վ է սա, որ անգիր գիտե ամեն ինչ: Ախր, գոնե մեկ անգամ եթե հանդիպած լինեի, կհիշեի: Սպասիր, գուցե, սա... իմ պահապան հրեշտա՞կն է... հը՞... Ընկերուհիս` գրբաց-ֆալչու պես ամեն անգամ սուրճիս բաժակում պահապան հրեշտակ է տեսնում...՚:
Զգացի, թե ինչպես իմ մտքերից զարհուրած կախ ընկավ ծնոտս: ՙՎայ իմ օրին, կողքիս նստած այս... աղքատ ազգականի նման մե՞կն է, ուրեմն, պահապան հրեշտակս, տատիս ասած` մաշված-մաքրված, հին շորերով: Բայց, ինչո՞ւ է տարիքով, ախր, պիտի որ ջահել լինի, սրանք, ախր, չեն ծերանում: Բայց ինչ իմանաս, քանի դար է այս պաշտոնին: Թե՞ ինձ նմանի հրեշտակը դառնալուց հետո է այսպես տարիքոտվել` այս օրն ընկել: Գուցե երկնքում նա ամենագեղեցիկ հրեշտակն է, բայց այսպես է երևում երկրում, որ չարակամներն աչքով չտան, ես էլ լակոտի տեղ չդնեմ իրեն և հավատամ, դե, այստեղ գալու ճամփին էլ ինչ պատահել է` հագել է՚: Իսկ մեղավոր մտքերս շարունակվում են. ՙ... Տեսնես երկրի վրա ապրողներիս մակարդակո՞վ են երկնքում մեզ հրեշտակներ կարգում, այնտեղ էլ հրեշտակների խավեր կան` հարուստների և ոչ...
... Մեղա, մեղա, Տեր, այս ինչեր եմ ասում: Բայց, ախր, մի կողմից էլ մեղավոր չեմ, թե` սա հրեշտակ է, ապա ինչո՞ւ է այսքան երկրային, վայ թե` երկրի մեղսավորությունն այնքան է մեծացել, որ հասել է մինչև երկնքի դռները...՚:
Մեկ է, ես խղճացի իմ հրեշտակին, բա հրեշտակին այսպես կպահեն և չկարողացա ինձնից վանել այն միտքը, թե ինչպիսին են հաջողակ և հարուստ մարդկանց պահապան հրեշտակները, երևի` զուգված-զարդարված, շողշողուն: Դե, իհարկե, իմ հրեշտակն էլ այսպիսին կլինի և ակամա հայացքս գցեցի թիկունքին` տեսնելու թևերն ինչպես է ծալել, որ ընդամենը դրանից մի փոքր կքվել են ուսերը:
ՙՏես է, ինձ համար թևերը խնամքով ծալծլել ու քողարկել է, եկել, նստել կողքիս, ես էլ շնորհակալ լինելու տեղ զուգված-զարդարված հրեշտակ եմ ուզում, փոխանակ փառք տալու Աստծուն, որ ինձ չի մոռացել և թեկուզ այսպիսի հրեշտակ է կարգել` ինձ պաշտպանելու համար: Չէ՞ որ կյանքի պես թանկ է Տիրոջ կողմից նկատվելը...՚:
- Ժպտացի՞ր, դա արդեն լավ է: Քո տեղ վճարել եմ, կիջնես...
Բայց ես միայն հետևի նստարանին նստած կնոջ իջնելը տեսա, ով ոտքը հարթակին դնելուց առաջ հայացքը երկար պահեց վրաս, որ հարևանուհուն պատմելու ժամանակ հնարավորինս գունեղ նկարագրի ինձ: Սակայն, երբ իմ կանգառում ես էլ իջա, վարորդը սպասողական չնայեց ինձ: Ուրեմն, նա էլ է տեսել իմ հրեշտակին...

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ