comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արամե. ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ ՏԱԼ ԳԻՏԵ, ԱՅԼ ՆԱԵՎ ԿԱՐՈՏԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

Արամե. ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ ՏԱԼ ԳԻՏԵ, ԱՅԼ ՆԱԵՎ ԿԱՐՈՏԵԼ

Արցախյան բեմի լույսերը վառվում են, դահլիճը ոգևորված ծափահարում է՝ ողջունելով հայկական էստրադայի ամենասիրված երգիչներից մեկին։

 Այս անգամ գուցե տևական էր ընդմիջումը արցախյան հանդիսատեսի ու ՀՀ վաստակավոր արտիստի երկուստեք սպասված հանդիպման, բայց դրական լիցքերով հագեցած զգացողությունները գերազանցեցին նախորդներին։ 

Արցախի նորաստեղծ ՙA.M. production՚ ընկերությունն իր գործունեությունը մեկնարկել է Արամեի (Արամ Եղիազարյան) արցախյան համերգային շրջագայության կազմակերպմամբ, որն իրագործվեց հունվարի 15-22- ին՝ Մարտունիում, Ճարտարում, Մարտակերտում, Հադրութում, Շուշիում, Պաշտպանության բանակի զորամասերում, նախատեսված մեկի փոխարեն երեք մենահամերգ էլ՝ Ստեփանակերտում։
Հատկանշական է, որ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած մենահամերգին, ի թիվս Արամեի երգարվեստի երկրպագուների, ներկա էին նաև Պաշտպանության բանակի նորակոչիկներ, զինվորներ։
-Մեծ հպարտություն է ելույթ ունենալ հայ զինվորի համար։ Ավելին, երբ դահլիճը ծափահարում է, ես որսում, գտնում ու տարբերում եմ զինվորի խրոխտ ծափողջույնը, նրա ափերի զարկը, որի ռիթմերը ոգեշնչող երաժշտություն են ինձ համար,-ասում է երգիչը։
Արցախցի հանդիսատեսը ոգևորությամբ, ջերմությամբ ու սիրով ընդունեց Արամեին, որն այնքան ակնառու էր ինքնաբուխ պարով, չդադարող ծափողջույններով, երբեմն էլ երգչի ու հանդիսատեսի անմիջական երկխոսությամբ։ Հանդիսատեսը համերգի ընթացքում թերևս ապրեց Արամեի երգերի հաղորդած բարի, լուսավոր, սիրառատ զգացողությամբ։
Անկեղծության ու անմիջականության տրամադրող զրույցի ընթացքում անդրադարձանք նաև երգչի անցած ճանապարհին։
Ներկայում ՀՀ վաստակավոր արտիստի ու ճանաչում վայելող երգիչ Արամեի մուտքը երգարվեստ, նշանավորվեց 2006 թվականին, Ավ. Իսահակայանի ՙՄի տխրիր՚ բանաստեղծության տողերով գրված երգով, որ սիրվեց երաժշտասեր հանրության կողմից։ Արդեն 2007 թվականին Արամեն արժանացավ ՙՏարվա լավագույն երգիչ՚ մրցանակի։
-Չնայած պարբերաբար թարմացվող երգացանկիս, բոլոր երգերն էլ հոգեհարազատ են, սակայն կցանկանայի առանձնացնել ՙՔեզ կարոտել եմ՚ երգը, որը վերջերս ձայնագրեցի, ՙԻմ արև՚, ՙԱրմենիա՚ երգերը, որոնք միշտ երգացանկում են ու իմ հանդիսատեսի շուրթերին,- ասում է Արամեն ու մի տեսակ ափսոսանքով ու անպայման վերադառնալու լուռ խոստմամբ է նշում Արցախից հեռանալու պատճառը. պատրաստվում է հյուրախաղերի մեկնել Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։
Ի հավելումն նաև կասեի, որ Արամեի երգացանկում հատկանշականներից է ՙՄամա՚ երգը, որի տեսահոլովակը հիմնված է որդի եւ մայր հարաբերությունների վրա։ Ռեժիսոր Ս. Կոդաբաշյանի խոսքով, ով, ի դեպ, Արամեի հետ էր արցախյան համերգների ընթացքում, նշում է, որ յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իր պատմությունը։ Արամեն տեսահոլովակում ոչ միայն երգիչ է, այլ նաև որդիներից մեկը։
-Արցախյան բեմը ոչ միայն սիրել տալ գիտե, այլ նաև կարոտել։ Արցախցի հանդիսատեսը զգացմունքային է, հաղորդակից՝բեմում կանգնածի ապրումներին, որը ոգեշնչող է երկուստեք։ Միշտ դժվարությամբ ու կարոտով եմ բաժանվում սիրելի արցախցիներից։ Այստեղից ինձ հետ տանելու եմ արցախյան այսքան բնորոշ մարդկային ջերմության ապրումը, անմոռանալի հուշեր, և իհարկե՝ ժենգյալով հաց,-ժպիտով ասում է Արամեն։
Համերգն ավարտվեց, բուռն ծափահարությունների ներքո Արտիստը ի նշան հարգանքի ու սիրո՝ խոնարհվում է, մի վեջին սիրո խոստովանությամբ իր հանդիսատեսին. ՙԵս Ձեզ սիրում եմ՚։

 

 
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ