comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐԻ

ԱՀ ԿԳՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է հանրակրթական դպրոցներում առաջին կիսամյակի արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները: Նշենք, որ այն դպրոցներում անցկացվում է տարին երկու անգամ, որի նպատակն է կրթության որակի ուսումնասիրությունը, վիճակի շտկման համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրի ներկայացումը: Արդյունքների շուրջ զրուցեցինք ԳԹԿ տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ: Նա տեղեկացրեց, որ ԳԹԿ-ի կողմից դպրոցներում արտաքին գնահատում իրականացվում է 2010-2011 ուսումնական տարվանից: Այդ տարիներին արդյունքների վերլուծություն է կատարվել:

 Արձանագրված ուշագրավ փաստերից է այն, որ տոկոսային հարաբերությամբ արդյունքները գրեթե չեն փոխվել: ՙԴա նշանակում է, որ մեր դպրոցներում վիճակն այն միջակայքում է, որը ո՜չ դեպի դրականն է, ո՜չ դեպի բացասականը՚: ՙԲացասական չեմ կարող ասել, քանի որ մենք ունենք շատ լավ դասարաններ: Բայց դասարաններ էլ կան, որ շատ թույլ են: Դա տարրական դպրոցից է գալիս: Այնտեղ բաժանումը սխալ է կատարվում: Այդ երևույթը հիմնականում մայրաքաղաքում է տարածված՚: 

ՙԿրթության մասին՚ օրենքով պարտադիրը հիմնական դպրոցն է: Յու. Քարամյանն այն կարծիքին է, որ փոքր դպրոցներում 10-11-12-րդ դասարաններ պահելն անիմաստ է, և դպրոցները պետք է կենտրոնացվեն, իսկ աշակերտների և ուսուցիչների տեղափոխումը կատարվի տրանսպորտով: ՙԵթե արհեստագործական կամ միջին մասնագիտական հաստատություններում սովորողները կարող են մի վայրից մյուսը գնալ, ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) աշակերտը չի՞ կարող գնալ ենթաշրջանի ավելի մեծ դպրոց, չէ՞ որ նրանք նույն տարիքի են,-նկատել է տալիս նա:-Կարող են լինել դեպքեր, երբ գյուղի աշխարհագրական դիրքի պատճառով աշակերտների տեղափոխումը դժվար է: Բայց դպրոցների առնվազն 80 %-ի դեպքում դա հնարավոր է: Եթե ունենանք ուսումնական հաստատություններ, որտեղ ավագ դպրոցը նորմալ աշխատի, համալսարանն էլ է նորմալ լինելու, մասնագետներն էլ: Դպրոցների օպտիմալացումն անխուսափելի է: Հակառակ կարծրատիպը պետք է մի օր կոտրել՚: ԳԹԿ տնօրենը համաձայն չէ այն մտքի հետ, թե գյուղը դրա հետևանքով կդատարկվի: ՙՀիմա է դատարկվում գյուղը: Ծնողը տեսնում է, որ քաղաքում իր երեխան ավելի որակյալ կրթություն կարող է ստանալ, նրան ուղարկում է, հետո էլ ընտանիքն է տեղափոխվում: Մենք պետք է ենթաշրջանային մեծ դպրոցներ ստեղծենք, որ երեխան չհասնի Ստեփանակերտ կամ շրջկենտրոն, մնա իր գյուղում, սովորի բարձր կարգի դպրոցում. որտեղ կհավաքագրվեն լավագույն մասնագետները: Եկեք մտածենք` մեզ ինչ է պետք. դպրոցը սոցիալական խնդիրնե՞ր լուծի, մեկ աշակերտով ավագ դպրո՞ց պահի, թե՞ որակյալ ուսուցում տա՚,-հարցնում և որպես պատասխան ներկայացնում է կատարած վերլուծությունից մի քանի փաստեր, համաձայն որոնց և՜ հիմնական դպրոցում, որտեղ գնահատվող առարկաների ընտրությունը կատարվել է ԳԹԿ-ի կողմից, և՜ 11-րդ դասարանում ցածրագույն միավորները հավասար են: Բայց այդպես չպետք է լինի. 11-րդում ավելի բարձր պետք է լինեն արդյունքները, չէ՞ որ աշակերտն ինքն է ընտրում այն առարկան, որից ավելի ուժեղ է:
Յու. Քարամյանը փարատում է ոմանց այն մտավախությունը, թե օպտիմալացումը վերաբերում է նաև հիմնական դպրոցին: Ամեն գյուղում հիմական դպրոց պետք է լինի, ավագ դպրոց` 10-12-րդ դասարաններ ունեցող ուսումնական հաստատությունների մասին է խոսքը, դրանք են կենտրոնացում պահանջում: Բայց որպեսզի դա լինի, միջին մասնագիտական և արհեստագործական ցանցը պետք է ընդլայնվի: ՙՊետք է միջին մասնագիտական կրթությամբ մարդկանց համար աշխատաշուկա ստեղծել, որպեսզի առաջին կարգի, առաջատար և հատուկ դեպքում` գլխավոր մասնագետի պաշտոններում կարողանա աշխատել միջին մասնագիտական կրթությամբ մարդը՚,-ասաց նա` այդ առնչությամբ նաև անդրադառնալով հեռակա կրթությանը: ՙՀեռական հենց այդ մարդկանց համար պետք է լինի, որ աշխատում են և ուզում են պաշտոնի բարձրացում ունենալ և ոչ թե 12-րդ դասարանն ավարտածների, որոնք միասնական քննությունից դուրս են մնում: Մասնագետը, որի գործառույթն ընդամենը մի քանի թուղթ լրացնելն է, անպայման պետք է բարձրագույն կրթությո՞ւն ունենա: Մեր պրոբլեմը նաև այդտեղ է, դրա համար էլ բոլորը համալսարան են ընդունվում, որ փաստաթուղթ ունենան, բայց կարևոր չէ, թե ինչ գիտելիք ունեն՚,-այս կարծիքին է ԳԹԿ տնօրենը` վերջում հավելելով, որ այն, ինչի մասին ասվեց, պետք է կատարել համալիր ձևով:


Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ