comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՐԻՆ ՏԱԿ. ԿԱՏԱՐՎԵԼԻՔԸ ԵՎՍ ՔԻՉ ՉԷ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՐԻՆ ՏԱԿ. ԿԱՏԱՐՎԵԼԻՔԸ ԵՎՍ ՔԻՉ ՉԷ

Տարեցտարի արցախյան որոշ գյուղերում, հիմնականում բարերարների աջակցությամբ, կառուցվում են համայնքային նոր կենտրոններ։

Արդեն երեք տարի է` Շուշիի շրջանի Քարին տակ գյուղն ունի համայնքային նոր կենտրոն, որտեղ էլ միավորված են համայնքի կարևորագույն ենթակառուցվածքները։ Այստեղ առաջին հարկում տեղակայված է ակումբը, որի վարիչ Ալվարդ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք համայնքի մշակութային կյանքի, երիտասարդների կենսակերպի, զբաղվածության, միջոցառումների մասին։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ակումբի նախկին շենքը կիսավեր ու խոնավ վիճակում էր: Այժմ հարմարավետ պայմաններում կարողանում են և՜ ներկայացումներ կազմակերպել, և՜ ֆիլմեր ցուցադրել, ինչպես նաև այլ զբաղմունքներով ու նախասիրություններով փորձում վարակել դպրոցականներին ու երիտասարդներին։ Տարվա ընթացքում հիշարժան տոների կապակցությամբ իրագործում են զանազան ծրագրեր, մասնավորապես՝ հունվարի 26-ը՝ գյուղի հերոսամարտի օրը նշում են հանդիսավորությամբ։ Ա. Գասպարյանի պարզաբանմամբ՝ գյուղում նշում են նաև եկեղեցական տոներ, հատկապես՝ Տեառնընդառաջը, երբ առանձին ուշադրության են արժանացնում ավանդական խաղերն ու ծիսակատարությունները։ Ամանորի նախօրեին համայնքում անց է կացվում տոնական միջոցառում, որի շրջանակներում կազմակերպվում է վիճակախաղ, խրախուսվում են գյուղացիները։ Ակումբի ինքնագործ խմբի շնորհալի սաները ասմունքում, երգում ու պարում են, ինչպես նաև մասնակցում Շուշիում և Ստեփանակերտում անցկացվող մշակութային ծրագրերին ու ինտելեկտուալ խաղերին։ Նորակառույց համայնքային կենտրոնում գործում են նաև ուլունքագործության և պարի խմբակներ։ Պարապմունքներն անց են կացնում շաբաթական 2-3 անգամ՝ Շուշիից այցելող մասնագետների կողմից։ Իսկ ակումբի հին շենքում երիտասարդներն ազատ ժամերին բիլիարդ են խաղում։ Բացի դրանից, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երիտասարդներից 60-70 հոգի աշխատում է Շուշիում, իսկ մնացածները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաներով։ Ա.Գասպարյանն ասաց, որ մշակութային կյանքն ինչ¬որ տեղ աշխուժացնելու համար իրենց անհրաժեշտ են նաև երաժշտական գործիքներ, սարքավորումներ. ակումբում առկա դաշնամուրն ու մյուս գործիքները շատ հին են։ Շուշիի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անահիտ Եսայանը պարբերաբար այցելում է Քարին տակ և տեղում ծանոթանում առկա խնդիրներին, փորձում հնարավորության սահմաններում ընդառաջել ակումբավարի առաջարկներին։ Տարվա ընթացքում Շուշիի, Ստեփանակերտի, ինչպես նաև հայաստանյան մշակութային տարբեր խմբեր համայնքում հանդես են գալիս համերգային ծրագրերով։ Գյուղի 8 հոգուց բաղկացած ինքնագործ խմբի անդամները մասնակցում են տարաբնույթ միջոցառումների, սակայն, ինչպես խոստովանեց մեր զրուցակիցը, համայնքի մշակութային կյանքն այնքան էլ աշխուժ չէ, ինչպես նախկինում։ Դպրոցականներն ու երիտասարդները հիմնականում շատ ժամանակ են անցկացնում համակարգիչների մոտ, համացանցի միջոցով տեղեկանում իրենց հետաքրքրող հարցերին: ՙԻհարկե ժամանակները փոխվել են, յուրաքանչյուր սերունդ իր մարտահրավերներն ունի, մենք էլ փորձում ենք կազմակերպվող միջոցառումների օգնությամբ միավորել մատաղ սերնդին։ Բնականաբար, եթե նախկինում համագյուղացիները հավաքվում էին ակումբում հետաքրքիր ֆիլմ դիտելու, այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում իրենց հարկի տակ հնարավորություն ունեն ցանկացած ֆիլմ դիտել կամ հետաքրքիր տեղեկատվություն ստանալ։ Համայնքի բնակիչների շրջանում առանձին հետաքրքրություն էր առաջացրել միայն Քարին տակի հերոսամարտին նվիրված ֆիլմի ցուցադրությունը. բոլորը մեկ մարդու պես ակումբում էին՚,¬ ասաց Ա.Գասպարյանը։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ