comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻ ՉՆԿԱՏՎԱԾ... ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻ ՉՆԿԱՏՎԱԾ... ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

-Դուք ավելի շատ ընթերցողներին ճանաչելի եք որպես արձակագիր։ Ձեր արձակը գնահատվել է։ Բայց ունեք հրատարակված 170 բանաստեղծություն` ավելացրած 102 քառյակ։ Այս անգամ անդրադառնանք Ձեր բանաստեղծությանը...

-Իմ պոեզիան մնում է անարձագանք թե՜ հարցազրույցներում, թե՜ այլ անդրադարձումներում. միայն Կիմ Գաբրիելյանն է թեև թռուցիկ, բայց անկեղծ ու իմաստալից խոսք ասել ՙԹախծոտ մեղեդի՚ ժողովածուիս մասին։ Ապրած երկար տարիքս մտածել է տալիս, որ իմ ժամանակը պիտի ներառեր ոչ երևի երեք գիրք-հատոր։ Ուրեմն` ստեղծելու ներուժս այդքան է զորել։ Տասնամյակների քչագրությանս ընթացքում ոսկե մի հնար եմ վաստակել. տառ-տառ հետևում էի բառի, տողի, մտքի որակին։ Մեր լեզուն վարձատրում է, եթե տքնաջան որոնում ես։ Հաջողության ատաղձը կատարյալ հայերենն է, լեզվական կատարելությունը միայն քերականական ճշգրտությունը չէ. կառուցիկ տողը հոգու ելևէջը պիտի հնչեցնի։ Հետևապես վստահ եմ, որ բանաստեղծությունս բարձրարժեք է։
Իմ բանաստեղծական տարածքը ծննդավայրս է։ Այն ուրույն եզերք է՝ բոլոր բարեմասնություններով, բազում պատմական հուշարձաններով` Գտչավանքով, իշխան Աբու-Մուսեի զորանոց-բերդով, ձյունապատ լեռնագագաթներով, Իշխանագետով։ 5-6 տարեկան էի, երբ նայում էի այս արարչությանը, մնում զարմացած...Եվ երևի այս հմայվածությունն էր, որ սրտում անթեղվածից զատվելով, 67 տարեկանում, տառադարձվեց սրան. Լույս առավոտի պարզ ցնծություն էր...
Բանաստեղծի ներշնչանքն անվերջ ակունք է առնում մանկության ընկալածներից։ Ճիշտ է նկատված, որ բուն բանաստեղծականը չբռնվող, չվերլուծվող հնչյուն է` բխած հոգու խորքից։ Բանաստեղծները միշտ են բռնված եղել համաշխարհային վշտի մտահոգություններում։ Մեծ բանաստեղծներն անցավ շղարշով չեն պանծացրել Աստծո աշխարհը, որը միշտ է հասանելի-անհասանելի մնացել նրանց ստեղծագործող մտքին։ Մանկության մի օր իմ գրական հերոսը մոլորվել-մնացել էր Իշխանաձորի մութ անտառում, լալիս էր անզոր ու անձուկ, երբ մեկ էլ երկնքից ծորում, շողք է արձակում իր հարազատ աստղը, և մոլորվածը գտնում է դեպի տուն կածանը։ Այսպես, քո բանաստեղծությունը քեզ ճամփորդ դարձրած ուղեկցում է հայրենի երկրի ու երկնքի հմայքները՝ հոգու ուրախ-տխուր ելևէջումներով։
Իմ բանաստեղծությամբ մի անգամ էլ համոզվեցի , որ հայերենը ստեղծագործության լեզու է՝ եզակի, զարմանալի, կատարյալ՝ հառած խոր հնադարից։ Դժվար է լինել հայ լավ բանաստեղծ։ Առավել դժվար է այսօր, երբ համայն աշխարհը վաղուց հետևում է թողել ավանդական-դասականը։ Հանգն ու վանկը ժպիտ ու հեգնանք են պատճառում մոդեռնի, հետմոդեռնի տերերին։ Նրանց ստեղծածին քիչ թե շատ ծանոթ, որով հեղեղված է նաև մեր հայ միջավայրը, այնուամենայնիվ, ընտրեցի հին փորձված կածանը...
Իմ ավանդականը հին ձևի մեջ նոր խոսք է՝ հար և նման միայն ինքն իրեն։
Ընթերցողի դատին ենք ներկայացնում Արտաշես Ղահրիյան բանաստեղծին։
ՙԱԱ՚

 

ԻՆՉՊԵ՞Ս ՉՀՅՈՒՍԵՄ...

Գիշերվա անքուն փնտրտուք... ինչի՞,
Ողջ տիեզերքում՝ համակ լռություն,
Գերյալը եղած անհույս ոչնչի՝
Ես ինչպե՞ս հյուսեմ բանաստեղծություն։

Անքնության մեջ արթնացող ծեգի,
Ողջ տիեզերքում՝ լույս ու ցնծություն,
Սուզված դեռ հոգուս մրուրը մեգի՝
Չհյուսե՞մ, արդյոք, բանաստեղծություն։

Նորեն ելնում է Աստծո աշխարհը՝
Մեր հոգուն ծանրած որպես մեղսություն,
Սակայն պարզելով հույսի նշխարը.
Ինչպես՞ չհյուսեմ բանաստեղծություն...


ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍԼԱՑՔԸ-
ԱՍՏՂԵՐԻ ԶԱՐՄԱՆՔԸ

Տիրոջ արքով, վարք ու կարգով
Անցնում եմ ողջ տիեզերքով...
Աստեղային զարմանք չորս դին.
ՙՈ՞վ է, ի՞նչ է անում թափառ,
Մենավոր ու անկառավար...
Նա է՝ հոգնած մի երկրային,
Բայց նա ինչո՞ւ վարք ու կարգով,
Այն էլ նույնիսկ տիրոջ արքով
Մեր անհունն է չափում քայլով,
Ասես անհոգ, շուք ու փայլով...
Բայց նա՞ չէ, որ հոգնած ու հեգ՝
Հայացքը մեզ պարզած անելք,
Ելք է փնտրում իր Երկրից,
Ինքն իրենից, ջրից, հրից,
Իր բյուրավոր շնորհներից,
Ծագող¬մթնող իր օրերից...
Ինքն իրենից ինչպե՞ս ելավ,
Մեզ էլ շնորհ արեց, անցավ,
Ո՞ւր է սուրում անվերադարձ,
Անպատասխան ու ոգեբաղձ...
Կա՞ մեր ծիրում իրեն հայտնի,
Մեզ դեռ անհայտ առեղծված մի՚...


ԻՆՔԴ՝ ՔԵԶՆԻՑ

Մի վհատվիր,¬ երկար ճամփիս հուշել եմ ինձ,¬
Դանդաղ գնա, որ չուշանաս ինքդ քեզնից,
Զի դու այն չես ակնկալում՝ Տիրոջ ասքից։

Բավ է հերկեն անմեկնելի առեղծն այդ՝
Հավերժորեն բացահայտված, բայց միշտ անհայտ,
Որ այդպես էլ մինչ հանգրվան մնաց անհաս,
Ինչպես ոգիդ, որ ճախրում է դեպի Պառնաս։

Ետ դառ դեպի ինքդ, թեպետ երազական,
Ոչինչ այնտեղ չի արարվի օրհասական,
Ուր կածանդ անխաբ կելնի վեհը հոգուդ,
Եվ լույս կառնի ամեն տենչդ՝ խեղված ու մութ։

Ինչ լավ եղավ հետ մնացիր շքեղ երթից,
Նրանք գուցե վարձահատույց իրենց եռքից՝
Կուշտ, գոհունակ ճամփորդ որպես բարձունք ելան,
Չիմանալով ուր են ճեպում իրար նման...

ԵՍ ԵՎ ԻՄ ՏՈՒՆԸ,
ՄԵՐ ԾԵՐ ԹԹԵՆԻՆ

Իմ տունն ինձ պես անշուք, մտասույզ,
Անմասն ծփուն մարդկային եռքից,
Սակայն աչքը կուշտ, հայացքում միշտ լույս,
Ոչինչ չի հայցում ձեր հանուր ձեռքից։

Իմ տունն ինձ պես անհայտ աշխարհին՝
Լուռ մտորում է աշխարհի բախտը.
ՙԱշխարհն ինչու գամված իր ցավին՝
Անդարձ կրում է արբեցման ախտը՚։

Իմ տունն ինձ պես անվերծան խոհում՝
Թե ինչու ես չեմ աշխարհը կարգում,
Անզոր ալեկոծ այս թոհուբոհում՝
Շվար մարում է խոր տառապանքում։

Իմ տան և ինձ պես մեր ծեր թթենին
Անթարթ նայում է աշխարհին մոլոր,
Անվերջ շշնջում զարմանքում իր հին,
Թե ինչու է մեր անուրջը ոլոր։

Ի՞նչ անենք, աշխարհ, ես ու իմ տունը,
Մեր ծեր թթենին՝ քեզնից օտարված,
Դու մոլորած քո հոսքն ու հունը,
Մենք՝ քեզ անճանաչ, բայց քեզնով տարված...

ԱՆՎԵՐԾԱՆ ՎԻՇՏ

Կամաց գնա, խոնջացել եմ, ժամանակ,
Ոտքս ծանրած, միտքս հոգնած ու խառնակ,
Ո՞ր ենք գնում անպատասխան ու անգետ
Հավերժական անշեղ երթիդ¬առա՞ջ, ե՞տ։

Թե որ պահ մի անզիջում ես ու անկարգ,
Ու ես անզոր՝ հևք առնելու, շունչ ու ջանք,
Ի՞նչ է հուշում Աստված՝ տոկա միշտ առաջ,
Ժամանակի ոլորանում՝ աննահանջ։

Ո՞ւր հասցրիր շնչավորիս ուժասպառ,
Ո՞ւմ ես թողնում՝ մեջս մարած բան ու բառ,
Ինքդ ո՞ւր ես ճեպով սուրում խելագար,
Անհանգրվան անհայտությո՞ւն քո խավար։
Անմեկնելի, անխղճահար ու աննյութ,
Բայց ճշտադատ, անհաշտ վարքին մեր այս մութ,
Ինչպե՞ս է, որ հավերժ կարգում ու ճշտում,
Բայց թողնում ես մեզ անվերծան մեծ վշտում...

ԱՍՏՂՍ ՉՄԱՐԻ

Ինձ չխղճաք, թե չէ աստղս կմարի,
Մի նայեք, որ անպաշտպան եմ ու անօգ,
Ինչ բաղձացի՝ արարեցի ու արի,
Բավ է, ապրեմ թիթեռի պես ես անհոգ։

Մերձավորի հոգ չեմ ուզում՝ հաշվված է,
Հեռավորի կարեկցանքը՝ անմեկին,
Կյանքիս ամեն պահ ու մանրուք բաշխված է
Իմ երկնային կարոտներին նոր ու հին։

Երանության մեջ եմ, Աստված, հավատա,
Արտույտն ասես արշալույսում ցնծալիս,
Երանի թե վերջին կանչը նա ինձ տա
Վերջին շնչում հեռու աստղս բաղձալիս...

ԿԱՆՉ ԵՐԱԽՏԻՔԻ

Կռունկների երամ անցավ
հայրենիքիս երկնի լայնքով,
Երախտիքի կանչ հղելով
որպես դարձի երդում կյանքով,
Ջինջ լազուրում ալիքվելով,
ճախրում էին իրենց հեռուն՝
Մեր սրտերը պարուրելով
անհայտությամբ մի սևեռուն...
Կա՞ հեռավոր¬հեռու՛ երկրում
երանական եզերք կանչող,
Արեգական ոսկե տենչի
կարոտախտով հավերժ տանջող,
Որ այստեղից անդ կտենչան
ու այնտեղից մեզ կդառնան,
Որ մեր հոգու խոր անհայտում
միշտ դարձդարձուն վեր համբառնան...

ՀՐԱԺԵՇՏԻ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ

Դեռ ելնում եմ լեռը կյանքիս՝ հոգնած մտքով, ուժս սպառ,
Անվերնագիր ցավս այնտեղ լուռ պարպելու անհուններում,
Գիտեմ, խաղաղ մենությունում,
ինչպես նիրհում հոգեպարար,
Զրույց կանեմ խռովքիս հետ, ինքս ինձնից հայցեմ ներում։

Դեռ հեռու է ժամը վերջին, լանջը՝ արև, հույսը՝ կանչող,
Քայլ եմ անում հուշի միջից, իմ բյուրավոր խաթարումից,
Ոչինչ, ոչ ոք խոհիս մեջ չէ՝ հևքս բռնող կամ մեղանչող,
Ես եմ՝ ճամփորդ անչար ելնող աստվածային արարումից։

Գիտեմ նաև՝ ճամփաս դեպի բարձունք ու լույս չի ոլորվում,
Կյանքիս լեռան իրիկնացող լանջիվար է սահում անձուկ,
Բայց թվում է՝ ելնում եմ վե՛ր, թեպետ հոգնած՝
չեմ մոլորվում
Շուրջաշխարհի հմայքներում,
վայելքներում այս վաղանցուկ։

Վե՞ր եմ գնում, վա՞ր եմ իջնում¬ ես իմ լեռան հունչը եղա,
Կածանները նրա քարոտ ոտնահետքերն իմ կհիշեն,
Վերի¬վարի ոլորներում, աշխարհ, անկոչ հյուրդ չեղա,
Միտքս հոգնած, ուժս սպառ՝
ցավդ եմ տանում լուռ ու անքեն...