[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵԶՈՒՆ՝ ՄԵՐ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՅՄԱՆԸ

 

 

 

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակվել՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Մայրենի լեզվի միջազգային օրը ևս մեկ առիթ և հնարավորություն է՝ խոսելու մեր մայրենիի՝ աշխարհի ամենահին ու հարուստ լեզվի կարևորության, նշանակության ու ներկայիս խնդիրների մասին։ Այս և այլ հարցերի անդրադարձել ենք ԱՀ ԿԳՍՆ լեզվի պետական տեսչության պետ Արտակ Ղուլյանի հետ մեր զրույցում.

 

- Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Արցախում ևս ամեն տարի տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում՝ գիտաժողովներ, կոնֆերանսներ։ Ինչպիսի՞ կարևորություն ու նշանակություն ունեն դրանք։
- Արդեն ավելի քան 10 տարի ԿԳՍՆ լեզվի տեսչությունը հունվարի 21-ից փետրվարի 21-ը հայտարարում է Մայրենիի միամսյակ։ Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում Մայրենիի օրվան նախապատրաստվում են յուրովի։ Բնականաբար, բոլոր միջոցառումներին լեզվի տեսուչները չեն կարող մասնակցել, սակայն փորձում ենք հնարավորինս շատ միջոցառումների ներկա լինել։ Դպրոցների մի մասն էլ նկարահանում է միջոցառումը և ուղարկում Լեզվի տեսչություն, որտեղ սահմանված ժամկետում ամփոփում ենք արդյունքները, լավագույններին պարգևատրում նվերներով և պատվոգրերով։ Ուրախալի է, որ Մայրենիի օրը վերածվում է համընդհանուր մի տոնակատարության։
Տեղին է նշել, որ Մայրենիի միջազգային օրը միաժամանակ ևս մեկ առիթ է անդրադառնալու մեր գրական լեզվի առջև ծառացած խնդիրներին, որոնք, հիրավի, մտահոգիչ են։ Դարերով պետականություն չունենալու պատճառով ստիպված ենք եղել մեր լեզու ներմուծել օտար բառեր, հաճախ խոսել դրանցով։ Բայց այսօր՝ շուրջ 30-ամյա անկախության շրջանում, ինչպե՞ս կարելի է հասկանալ մեր այն հայրենակիցներին, որոնք նախընտրում են խոսել օտար լեզվով, նախապատվությունը տալ օտարաշունչ բառերին։ Եթե շատերն այս երևույթը բացատրում են քաղքենիությամբ կամ մեզանից շատերի մեջ նստվածք տված օտարամոլությամբ, ապա ես կասեի դա ավելի շատ երկար դարեր պետականություն չունենալու, պետության գաղափարը արժանվույնս չընկալելու հետևանք է, և որքան էլ վիրավորական հնչի՝ ստրկամտության վկայություն։ Լեզվի տեսչությունը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է դրա դեմ, և պետք է արձանագրենք, որ արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։
- Մայրենին անաղարտ պահելու, ուսուցանելու և սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը հիմնականում վերապահված է դպրոցին։ Որքանո՞վ է հաջողում դպրոցն այդ գործում և որքանով՝ ոչ։
- Հարցը բավականին խորքային է։ Արցախի կրթօջախներում թույլ ուսուցիչների կողքին առկա է նաև հայոց լեզվի և գրականության արհեստավարժ ուսուցիչների հսկա բանակ։ Եվ, պետք է խոստովանենք, նրանք արժանապատվորեն իրականացնում են իրենց առաքելությունը։ Բայց խնդիրը միայն այս տեսանկյունից դիտելը սխալ է։ Դպրոցներում արդի ծրագրերն ու դասագրքերը ժամանակի փորձությանը չեն դիմանում։ Համակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ։ Պետք է այնպես անել, որ հայոց լեզուն մեր երեխաների համար դառնա գրավիչ, լինի հետաքրքիր ու սիրելի։ Հայ աշակերտը չպետք է անտարբեր լինի ոսկեղենիկ մայրենիի նկատմամբ, նա հայոց լեզվով պետք է մտածի, հայոց լեզվով ապրի, քանի որ պետք է գիտակցի, որ առանց լեզվի ինքը դատապարտված է վերացման։ Ես առիթ ունեցել եմ ասելու, բայց չեմ հոգնի կրկնելուց՝ հայկական կրթօջախի նպատակն առաջին հերթին հայերեն սովորեցնելն է, հայոց լեզուն սիրել տալը, չէ՞ որ հայը լեզվով է հայ։ Եթե կա հայոց լեզու, ուրեմն կա նաև հայ, վերջապես հայերենն է մեր անցյալի, մեր մշակույթի ու աշխարհի հետ հաղորդակցության գլխավոր բանալին։
- Արդյո՞ք այսօր հայոց լեզվի անաղարտության պահպանման առումով լուրջ մարտահրավերներ ունենք ։
- Ակամա հիշեցի լուսահոգի Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ միտքը. ՙՄեր լինելության, գոյության անժխտելի պայմանն է լեզուն։ Աշխարհի քարտեզի վրա ու երկրի հսկա տարածքում գրաված իրենց մի պստիկ տեղը, դարերի ճակատին գրած հայ ու Հայաստան անունը այս փոքրիկ հողն ու ժողովուրդը նվաճել են լեզվով։ Լեզուն ապրելու ձև է, լեզուն աշխարհ է, սնունդ ու պայքարի միջոց, ինքնարտահայտման ու ինքնադրսևորման եղանակ՚։ Դիպուկ չէ՞ ասված։ Մարտահրավերներ միշտ եղել են և կլինեն։ Լեզուն կենդանի օրգանիզմ է և որքան առողջ է նա, այնքան կենսունակ է, այնքան ավելի բարձր է դիմադրողունակությունը մարտահրավերների դեմ պայքարում։ Ուղեղների վրա ներազդելու գլխավոր գործիքը լեզուն է, ինչը քաջ գիտակցում են մեր թշնամիները և բավականին հաջողված ծրագիր են իրականացնում հենց հայոց լեզվի դեմ։ Իսկ դրան հակազդելու ամենաարդյունավետ միջոցը հայերենը սիրելն է , նրանով խոսելը և գրելը, նրանով ապրելը, այսինքն՝ հայերենով սնվելը, նրանով շնչելը, նրա մեջ մեզ գտնելը։
- Համացանցի հայկական տիրույթում հաճախ ենք հանդիպում լատինատառ գրառումների։ Դա մայրենիի անաղարտությանը մարտահրավեր համարո՞ւմ եք։ Ինչպե՞ս հակազդել ։
- Եթե նկատել եք՝ վերջին շրջանում սոցցանցերում հայատառ գրողների թիվն ավելացել է։ Դա, իհարկե, պատահական չէ. Նպատակադրված և արդյունավետ աշխատանք են կատարում ՀՀ լեզվի կոմիտեն, Արցախի ԿԳՍՆ լեզվի տեսչությունը, ունենք հայ գրերի աջակիցների մեծ բանակ։ Մեր անընդհատական քարոզների, հորդորների, ինչու չէ՝ խնդրանքների արդյունքում այս համատեքստում գրանցվել են շոշափելի արդյունքներ։ Բայց դա բավարար չէ։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ եթե օտարատառ գրելն իր մեջ ոչ մի էական վտանգ չի պարունակում, ապա` դա միայն առաջին հայացքից։ Ախր այդպես վարվելով՝ արհամարհում ենք մեր սեփականը, այսինքն՝ ինքներս մեզ։ Հետևաբար՝ պետք է միշտ գրել հայատառ, անկախ ամեն ինչից, թեկուզ տառասխալներով (շատերն օտար տառերով իրենց գրելն արդարացնում են հայերենի ուղղագրության կանոնների թույլ տիրապետմամբ), բայց միայն հայատառ։
- Օտարածին, երբեմն նույնիսկ ժարգոնային բառերը՝ շատ հաճախ բառեզր (տերմին) կոչվածի պատճառաբանությամբ, սողոսկում են մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինչու չէ, նաև գրականություն։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ։ Իրո՞ք, հայերենը չունի դրանց համարժեքը կամ լիարժեք միտք, պատկեր արտահայտելու համար անհրաժեշտ բառամթերք։
- Հայերենը աշխարհի այն սակավաթիվ լեզուներից է, որ ունի յուրաքանչյուր նոր բառի ստեղծման բացառիկ հնարավորություններ։ Մատների վրա կարելի է հաշվել այն լեզուները, որոնք սեփական արմատներով և ածանցներով բառ ստեղծելու հնարավորությամբ կարող են մրցել հայերենի հետ։ Բայց միաժամանակ սխալ է բոլոր բառերն անխտիր թարգմանել։ Թարգմանամոլությունը նույնպես հղի է ծայրահեղություններով։ Լուծումը մեկն է՝ օր առաջ վերականգնել Հայերենի բարձրագույն խորհուրդը։
- Մայրենիի անաղարտության պահպանման համար օրենսդրական փոփոխությունների կամ հստակեցման անհրաժեշտություն զգացվու՞մ է։
- Ինչպես նշեցինք, լեզուն զարգացող օրգանիզմ է։ Դա նշանակում է, որ լեզուն կարգավորող իրավական փաստաթղթերն էլ պարտավոր են ժամանակին համընթաց համապատասխանել լեզվի պահանջներին։ ՙԼեզվի մասին՚ ԼՂՀ նոր օրենքը ընդունվել է 2013 թվականին և այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և’ պետական, և’ պաշտոնական լեզուն հայերենն է, որ դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է, որ պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Արցախի քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին։ Պարզապես անհրաժեշտ է հետևել օրենքի տառին։ Թեև ողջունելի է , որ հայերեն գրական, անաղարտ խոսքի կիրարկումը երաշխավորված է սահմանադրությամբ, օրենքներով և որոշումներով, այնուամենայնիվ, կարծում եմ՝ օրենքի պահանջը չէ, որ պետք է հայ մարդուն պարտադրի հայերեն խոսել։ Յուրաքանչյուր հայ, անկախ պաշտոնից, պարտավոր է ապահովել մայրենի լեզվի անաղարտությունը: