[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՁՈՆ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Միքայել ՀԱՋՅԱՆ

 

Ուղիղ հարյուր տարվա կյանք է ապրել այդ չափածո ստեղծագործությունը՝ ՙՀովհաննես Թումանյանին՚ սոնետ-աքրոստիքոսը, որն անցած դարասկզբի ռուս հայտնի զորավար-բանաստեղծ Ալեքսանդր ԿՈՒԼԵԲՅԱԿԻՆԸ նվիրել էր իր հայ մեծանուն գրչակցին ու մտերիմ ընկերոջը՝ նրա ծննդյան 50-ամյակի կապակցությամբ։ Եվ այսօր էլ՝ առաջին անգամ հրապարակվելուց մեկ դար անց, այն այժմեական է հնչում՝ Ամենայն հայոց բանաստեղծի ապրած կեսդարյա կյանքի ու գործի արժեւորմամբ, հայրենիքի ճակատագրի համար նրա տառապագին մտահոգությամբ, հայ ժողովրդի ապագայի նկատմամբ իր իսկ՝ հեղինակի լուսավոր հավատով։

Ալեքսանդր Կուլեբյակինը ցարական բանակի զորավար էր, Առաջին աշխարհամարտի մասնակից։ 1914-1918թթ. մարտնչել է Կովկասյան ճակատում, ղեկավարել տարբեր կազակական զորամիավորումներ։ Միաժամանակ՝ եռանդուն հասարակական գործիչ էր, նուրբ հոգու ու գրչի տեր բանաստեղծ, հայ, վրաց ու պարսկական պոեզիայի թարգմանիչ։ Սերտ բարեկամական կապերի մեջ էր հայ զորավարների, հասարակական-քաղաքական ու մշակույթի գործիչների, գրողների հետ։ Առանձնակի ջերմ, մտերմական հարաբերություններ ուներ Հովհաննես Թումանյանի հետ։ Հաճախակի էր այցելում նրան եւ, ինչպես ասում են՝ յուրային էր թումանյանների ընտանիքում։
Կուլեբյակինը Թումանյանին ձոնել է մի շարք ուշագրավ չափածո գործեր՝ ՙՆանե՚ (ՙԱխլաթյան պոեմ՚), ՙՄասիսի խաչը։ Երկու առասպել՚ (բաղկացած՝ վեց մասից), ՙՀովհաննես Թումանյանին։ 20 փետրվարի, 1919թ.։ Սոնետ-աքրոստիքոս՚, ՙՀովհաննես Թումանյանի հիշատակին՚։ Թարգմանել է Թումանյանի քառյակների մի ամբողջ շարք։
1919թ. փետրվար-մարտին Թիֆլիսում լայնորեն նշվել է Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակը։ Հոբելյանական հանդիսությունների առաջին իսկ օրը՝ փետրվարի 20-ին, Վոզնեսենսկու փողոցում գտնվող բանաստեղծի բնակարան են այցելել գրականության եւ արվեստի գործիչներ, ուսուցիչներ, սովորողներ։ Նրանց թվում էր նաեւ ՙԲանաստեղծների համքարություն՚ սալոնի պատվիրակությունը՝ բանաստեղծներ Սերգեյ Գորոդեցկին ու իր տիկինը, Ալեքսանդր Կուլեբյակինը եւ Յուրի Դանցիգերը, ովքեր հոբելյարին են հանձնել Համքարության շնորհավորական ուղերձը։
Փետրվարի 26-ին կայացել է ՙԲանաստեղծների համքարության՚ 24-րդ նիստը՝ նվիրված Հովհ. Թումանյանի 50-ամյակին։ Ա. Կուլեբյակինը Թումանյանին է նվիրել իր հուզիչ բանաստեղծությունը՝ ՙՀովհաննես Թումանյանին։ 20 փետրվարի, 1919թ.։ Սոնետ-աքրոստիքոս՚։ Նույն այդ նիստում Ա. Կուլեբյակինը Հովհ. Թումանյանին է հանձնել ՙԲանաստեղծների համքարության՚ Պատվավոր անդամի կոչումը։
Մարտի 4-ին կայացած գրական-գեղարվեստական երեկոյին, որը Հովհ. Թումանյանին պատվին կազմակերպել է Թիֆլիսի հայ ուսանողների մշակութային միությունը՝ Արտիստական ակումբում, Ս. Գորոդեցկին կարդացել է իր ՙՀայաստանի հրեշտակը՚ բանաստեղծությունը, իսկ Ա. Կուլեբյակինը՝ Հովհ. Թումանյանին նվիրված իր ձոնը։
Ցավոք, Ա. Կուլեբյակինի այդ սոնետ-աքրոստիքոսը, Հովհ. Թումանյանին ձոնված այլ չափածո գործեր, ինչպես որ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյապայքարին, մանավանդ, անցյալ դարասկզբին՝ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում հերթական անգամ սկիզբ առած Հայոց ցեղասպանությանը, ներառյալ՝ Վանա հերոսական ինքնապաշտպանությանը նվիրված ստեղծագործություններն այսօր էլ՝ ավելի քան հարյուր տարի անց, թարգմանված չեն հայերեն եւ, եթե հայտնի են ընթերցողին, ապա միայն ռուսերեն բնագրով։ Հայ ժողովրդի անկեղծ բարեկամի՝ Ալեքսանդր Կուլեբյակինի միակ, եզակի ՙհայկական հուշարձանն՚ ամենայն վստահությամբ կարելի է համարել պատմագիտության դոկտոր Անուշավան Զաքարյանի ՙԱլեքսանդր Կուլեբյակինը եւ Հայաստանը՚ մենագրությունը, որ ռուսերեն հրատարակվել է 2003թ., Երեւանում։
Փորձելով ուժերիս ներածին չափ նպաստ բերել այդ ցավալի բացը լրացնելու համար, վերջերս թարգմանել եմ Ա. Կուլեբյակինի բանաստեղծությունների մի շարք։ Այդ շարքից է Հովհ. Թումանյանի 50-ամյակին նվիրված ձոնը, որը հրապարակվելուց մեկ դար անց, ահավասիկ առաջին անգամ՝ Մեծն Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ, ներկայացնում եմ հայ ընթերցողի դատին։

 

 

Ալեքսանդր ԿՈՒԼԵԲՅԱԿԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՍՈՆԵՏ-ԱՔՐՈՍՏԻՔՈՍ

Օ՛, պոետ խոհուն, ինչու՞ ես այսպես թախծալի, տրտում.
Վշտի ու ցավի ստվեր կա թառած քո լույս աչքերին,
Ասա, հայ գուսան, տխուր ես, քանզի ժողովուրդներին
Նա՝ Աստված, շու՞տ չէ ազատելու այս աղետից հորդուն։

Նոր օրը, սակայն, կգա, ու կլռի վեճն ալիքների,
Երազանք դարձած լույս կճառագի անհույս սրտերում,
Սուրբ կրակը այն, որի կարոտը քո ջինջ աչքերում
Թուխ ամպի նման շղարշ է կապել կես հարյուր տարի։

Ունայն է կյանքն այս՝ որպես թե անտառ մութ ու ահարկու,
Մեռյալ իղձերի գերեզման է մի, տաճար խաբկանքի։
Այնու, տես,՝ երկնի լազուրն է նրա միջով ծիկրակում։

Նա՝ արեգակը Հայաստան երկրի, երբեք չի հանգչի,
Յոթներանգ բացվող լույսը տեսնու՞մ ես, Հովհաննես, ասա,
Անլու՛ռ մի մնա, մենք կարի՛քն ունենք Թումանյան երգչի։
20 փետրվարի, 1919թ.


Թարգմ.՝ Միքայել Հաջյանի

 

ОВАННЕСУ ТУМАНЯНУ СОНЕТ-АКРОСТИХ

О чем грустишь, задумчивый поэт?

В твоих глазах мы видим тень укора. Армянский бард!

Ты грустен, что не скоро Народам Бог пошлет покой от бед.

Но это будет: стихнут волны спора,

Едва в сердцах забрезжит новый свет- Святой огонь...

Уже полсотни лет

Тоска о нем твои туманит взоры.

Уныл наш мир, как темный, жуткий лес,

Могила грез, святилище обмана.

А все же и в нем сквозит лазурь небес.

Нет! Не померкнет солнце Айастана!- Яснеет даль: ты видишь, Ованнес?...

Не умолкай: нам нужно Туманяня!!

 

 

20-го февраля, 1919 года