[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ՏՐՎԵՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 2019 թվականը հայոց երկու հանճարների` Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի տարին է` պայմանավորված նրանց ծննդյան150-ամյակներով: Քաղաքակիրթ աշխարհը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշում է այդ երկու մեծ հայի հոբելյանները:

Փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծի շունչն էր տարածվել հայոց մեծ ու փոքր բնակավայրերում: Օրը թումանյանական շնչով բացվեց նաև Արցախի մայրաքաղաքում. արդեն 11 տարի է, ինչ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի և Արցախի գրողների միությունները հռչակել են որպես Գիրք նվիրելու օր: Արցախի գրողների միության և ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի նախաձեռնությամբ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը Հովհ. Թումանյանին կերպավորելով, առավոտվանից շրջում էր Ստեփանակերտի փողոցներով` մեծ բանաստեղծի ստեղծագործություններն արտասանելով և գիրք նվիրելով անցորդներին: Իսկ օրվա միջոցառումների շարքը գրողները` Արցախի գրական ընտանիքի ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, սկսեցին Հովհ. Թումանյանի անվան հ. 9 հիմնական դպրոցից` Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին ծաղիկներ խոնարհելով ու նրա շուրջն աշակերտների և ուսուցիչների հետ զրուցելով, ում դարձյալ գրքեր նվիրեցին և արժևորեցին օրվա խորհուրդը:
Թումանյանի ծննդյան օրն աստիճանաբար դառնում է համաժողովրդական տոնախմբության ազդակ:
Միջոցառումների շարքը շարունակվեց Գանձասարում: Սուրբ Մկրտիչ եկեղեցում մոմավառությունից հետո Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում տեղի ունեցած ՙԹումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը՚ թեմայով գիտաժողովով, որին ներկա էին պետական այրեր` ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, պաշտոնապես ազդարարվեց թումանյանական տարվա մեկնարկը:
Գիտաժողովը բացեց Արցախի ԳՄ նախագահ, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
Նա պատահական չհամարեց Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը և այդ շրջանակում ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հովանու ներքո ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ու գրողների միության կողմից կազմակեպված գիտաժողովն այս սրբատանն անցկացնելը: Թումանյանի ընթերցած առաջին գրքերից մեկը Հասան Ջալալյանների տոհմից սերված Սարգիս Ջալալյանի ՙՃանապարհորդություն ի մեծն Հայաստան՚ գիրքն էր, որը թումանյանական ստեղծագործության ակունքում է, քանի որ այդ գրքում հայոց եկեղեցիների, մեր վանքերի պատմությունն և ազգագրությունն են: Եվ այն Թումանյանին ուղեկցել է ամբողջ կյանքում:
Թումանյանական միջոցառումների գեղեցիկ սկիզբն օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա, ինչպես և մյուս ելույթ ունեցողները, Թումանյանի հետ կապված իրենց հիշողություններից պահեր ներկայացրին: Պարգև սրբազանը նկատեց, որ նման գիտահավաքներն ու մշակութային միջոցառումները նպաստում են այն բանին, որ կարողանանք դիմագրավել ոչ միայն զենքով, այլև գրչով:
Թումանյանի և Կոմիտասի տարվա առիթով շնորհավորեց ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը` ընդգծելով, որ հայերիս համար ամեն տարի է թումանյանական և կոմիտասյան, քանզի ավելի քան մեկ դար է` նրանք առաջնորդում են մեր ժողովրդին և 150 տարի անց էլ պատգամում է չմոլորվել: Թումանյանի ֆենոմենն այն է, որ կարողացել է ստեղծել այնպիսի ժառանգություն, որ յուրաքանչյուր սերունդ և յուրաքանչյուր ոք նրան համարում է իրենը և այն արվեստագետների, գրականագետների, կոմպոզիտորների, երաժիշտների, ասմունքողների, անիմատորների, կինոմատոգրաֆիստների և շատ-շատերի համար դարձել է ստեղծագործական հարուստ ատաղձ: Ազգային իմաստնությունն ու ոգու արիությունը նրա շնորհներն էին, որոնք օգնում էին ճիշտ գնահատել ժամանակի մեր ազգային հիվանդությունները: Նրա հոդվածները կարելի է տպագրել առանց թվագրելու և կթվա, թե հենց այսօր է գրել, այսօրվա իրողությունների մասին են: Նախարարը բոլորին մաղթեց Թումանյանի աչքերով ինքներս մեզ գնահատել կարողանալու և նրա պես ապրելու կարողություն:
Օրվա խորհուրդը ողջունեց նաև ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը` երկու հանճարների հոբելյանին գումարելով մեծ վիպասան Լևոն Շանթի 150-ամյակը, որը Թումանյանի ՙՎերնատան՚ հիմնադիրներից էր: Նա նաև գոհունակությամբ ընդգծեց մեծ թվով ուսանողների մասնակցությունը գիտաժողովին: Եթե երիտասարդությունն ապրի Թումանյանով, մեր ապագան լինելու է հուսալի ձեռքերում, նկատեց նա:
Գիտաժողովին ներկայացված էին շուրջ երկու տասնյակ զեկուցումներ, որոնք շոշափում էին Թումանյանի գրական ժառանգության տարբեր ասպեկտները` մանկագրություն, արձակ, հոդվածներ, կապը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրողների հետ, հասարակական-քաղաքական գործունեություն, ինչն ընդամենը մի փոքր մասն է մեծ գրողի, գեղագետի, ազգային գործչի, հումանիստի, մեծ հայի ստեղծածի: Դրանք ներկայացրին գրողներ, գրականագետներ, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի դասախոսներ, ուսանողներ:
Ինչպես իր ամփոփման խոսքում նշեց Վարդան Հակոբյանը` ինչքան շատ ենք մոտենում Թումանյանին, այնքան համոզվում ենք, որ գրեթե չգիտենք նրան, տեսնում ենք, որ կա նոր Թումանյան: Ու եթե մենք գնանք դեպքի այդ Թումանյանը, շատ բաներ կհայտնագործենք, մենք մեր ժողովրդին մեր մեջ ու ինքներս մեզ կհայտնագործենք: Թումանյանի ամբողջ գաղտնագրությունը հենց սրա մեջ է: ՙԹումանյանը մեզ աչքեր է նվիրում` տեսնելու այն, ինչ մինչև հիմա չենք տեսել, նրա ցանկացած բառ` իր վրա հազար դուռ ունի, քանի՞սն ենք բացել այդ դռներից. ամեն մեկս` հազիվ մեկ: Բայց փորձենք այդ դռների կոդն իմանալ և ներս մտնել…՚,-եզրափակեց Վ. Հակոբյանը:
Միջոցառման վերջին ակորդը տվեցին ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը, որը հիանալի ասմունքեց ՙՇունն ու կատուն՚, իսկ ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ուսանողուհի Ռուզաննա Մելքումյանը մի հատված կատարեց ՙԱնուշ՚ օպերայից:
Մայիսին այս նույն դահլիճում կլինի նոր գիտաժողով` ՙՊահպանենք մեր հայոց լեզուն՚ թեմայով:

;