Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵԶՎԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ

 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդեն երկու տասնամյակ է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր: Աշխարհի բազմաթիվ երկրներ նշում են այդ տոնը, իսկ Արցախում այն պարզապես վերածվում է հայոց լեզվի հանդեպ հավատարմության յուրատեսակ արարողության: Արցախյան շարժումը պայքար էր նաև մեր մայրենիի համար, որով կրթվում ու դաստիարակվում է մատաղ սերունդը: 

Ամեն տարի ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հայտարարվում է Մայրենիի միամսյակ, որի շրջանակում հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ:
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հ. 4 հիմնական դպրոցում տեղի ունեցած համաքաղաքային միջոցառմանը ներկա էր ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Դպրոցի բակում հյուրերին երգ ու պարով, արտասանությամբ դիմավորեցին աշակերտները` նրանց նվիրելով մաշտոցյան այբուբենի պատկերազարդ տառեր: Ապա նրանց ուղեկցեցին դահլիճ, որտեղ տեղի ունեցավ գրական-երաժշտական հանդես` ՙԱստվածատուր, աստվածալույս իմ մայրենի՚ խորագրով:
Ամբողջ միջոցառումը ձոն էր մայրենիին և հայոց այբուբենն ստեղծող Մեծն Մաշտոցին` այր մի, որի ՙշահած ճակատամարտի հետ չի կարող համեմատվել մեծ սպարապետների փառավոր հաղթանակներից և ոչ մեկը՚ (Պ. Սևակ):
Երեխաները գովերգեցին հայոց այբուբենի զինվորներին, որոնք 39-ն են, բայց մեծաթիվ զինվոր ունեցող մի ամբողջ բանակ արժեն: Այդ անվեհեր զինվորները ո՜չ դավ են նյութում, ո՜չ մահ ու ո՜չ ավեր սփռում, այլ միայն գիտության լույս են տարածում: Մեսրոպյան սուրբ գրերով մենք դարերում մնացինք կանգուն, մնացինք հայ ու կմնանք դարեդար: ՙԱյբուբեն չէ դա, բերդ է անմատույց, դուռ է փրկության, էությունն է մեր, ընթացքը, ուղին…՚ (Պ. Սևակ):
ՙՆա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ի՞նչ ունենք աշխարհում, որ այսքան մերը լինի…՚,-սահյանական սիրո այս բանաձևումը երեխաների շուրթերից հնչում էր որպես պատգամ, հավատարմության երդում:
Արյունարբու Լենկ Թեմուրի մասին տատի պատմությունը թոռներին` ըստ որի վանահայրը դաժան աշխարհակալին տվեց ոսկեղենը, միայն թե նա չավերի վանքում պահվող գրքերն ու մագաղաթները, հիշեցումն են այն խորիմաստ գաղափարի, որ անցողիկ են երկրային հարստությունները, մնայունը հոգևոր արժեքներն են:
Աշակերտները հպարտությամբ մեջբերեցին մեծանուն շատ գրողների խոսքերը հայոց լեզվի գեղեցկության, նրա արտահայտչականության նուրբ երանգի մասին: Իսկ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի բնութագրումը` ՙԼեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու ամենահեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը՚, կարելի է համարել մեր անցած, ներկա ու անցնելիք ճանապարհի խտացված ծրագիրը:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով բոլորին` Մայրենիի օրվա կապակցությամբ, արժևորեց նրա խորհուրդը և շնորհակալություն հայտնեց դպրոցի աշակերտներին ու կազմակերպիչներին` գեղեցիկ միջոցառման համար: Հայ ժողովրդի պայքարն իր լեզվի և հավատի համար դարերի խորքից է գալիս, մաշտոցյան այբուբենը սուր ու վահան դարձրած` հասել ենք մինչև մեր օրերը, սակայն այս լուսավոր դարում չեն ավարտվել մեր լեզվի առջև ծառացած մարտահրավերները, որոնց հաղթահարումը կախված է նրանից, թե ինչքան ուշադիր ենք նրա հանդեպ: Մայրենիի նկատմամբ անփութություն կա առօրյա կյանքում, պաշտոնական լեզվում, լրատվամիջոցներում, համացանցում. այս շեշտադրությամբ նախարարը աշակերտներին հորդորեց խնամքով վերաբերվել մայրենիին` մանավանդ սոցցանցերում, որոնք անկաշկանդ հարթակ են հաղորդակցման համար: ՙԼեզուն մեր մտածողությունն է, և այն անաղարտ պահելու համար պետք է մաքուր պահենք մեր միտքը՚,-ասաց Ն. Աղաբալյանը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել դպրոցներին` հյուրընկալվել միմյանց և ներկայացնել իրենց միջոցառումները:
Լեզվի մաքրության համար բոլորն են պատասխանատու, բայց այդ առաքելության խաչն ավելի շատ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներն են տանում: Արդեն ավանդույթ է դառնում Մայրենիի օրվա կապակցությամբ նվիրյալ ուսուցիչներին նախարարության կողմից պարգևատրելը: Ն. Աղաբալյանն արարողության շրջանակում պատվոգրեր հանձնեց վաստակաշատ մանկավարժներ Իրինա Սարինյանին, Լյուբա Անդրյանին, Ժասմեն Սարգսյանին, Լյուդմիլա Բաղդասարյանին (Յարամիշյանին), Տոնյա Օհանյանին, Սվետա Ավանեսյանին, Էմմա Ալեքսանյանին …
ԿԳՍՆ լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ամփոփեց հայտարարված միամսյակի արդյունքները: Լավագույն ճանաչված Մարտունու հ. 1, Ստեփանակերտի հ. 4, Մարտակերտի շրջանի Այգեստանի, Բերձորի հ. 1 դպրոցները խրախուսվեցին նվերներով և պարգևատրվեցին պատվոգրով: