comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԿԵՐԱԿՈՂ ԿՅԱՆՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱՐԿԵՐԱԿՈՂ ԿՅԱՆՔ

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 Ազատության պտուղները ճաշակած սերունդներն այլևս չեն հանդուրժում անգամ ստրկության ստվերի միջնորդավորված ներկայությունը: Արցախյան գոյապայքարը ժամանակի մեջ արձանագրում է հայի ոգու և մաքառումների պատմության նոր էջեր, բացահայտում հայրենասիրության, խիզախումների այնպիսի դրսևորումներ, որոնց խորքում տարերք կա, նվիրվածություն և հիշողությունների ընդվզում, որոնք այսօր էլ դաստիարակչական անմիջական ներգործություն ունեն սերունդների ներաշխարհի ձևավորման վրա:

Գրականությունը, բնականաբար, անմասն չի մնացել ժողովրդական տարերքի դրսևորումներից. ոչ միայն արձագանքել է իրադարձություններին, այլև դարձել հոգևոր սնունդ ՙսերունդների ճանապարհը նախանշող՚ խորհուրդ, միավորող ոգի ու ելք…
Արցախյան շարժման առաջին իսկ օրերին որպես պայքարի կոչ է հնչում Հրաչյա Բեգլարյանի ՙՂարաբաղցին՚ բանաստեղծությունը` միաժամանակ դառնալով ազգային միասնության խորհրդանիշ... Ստեղծագործությունը, որ նվիրված է մեծ Ազատասեր Բագրատ Ուլուբաբյանին, կյանքի ակունքներին կապվում է երկրորդ շնչառությամբ, ասես վերածնվում է կրակված տողերի տարերքով` ընդլայնելով մաքառումների տեսադաշտը: Դա այն դեպքն է, երբ գրական ստեղծագործությունը պայթում է ինչպես բողբոջ իր ներքին կրակից և ենթատեքստի նոր արարումներից: Հայրենի հող, խաչքար, կամուրջ, սար, տուն, երազ, հիշողություն, հավատ բառերը բանաստեղծի պոեզիայում դառնալով խորհրդանիշներ` բացահայտում են ներշնչանքի և սիրո նոր հանգրվաններ, որտեղ խոստովանության լույսի է վերածվում հայրենաշունչ գիրը. ՙԽելագար էինք տնով ու տեղով// Եվ ամբողջ ցեղով// Խելագար էինք՚ կամ ՙՀերթը հիմա մեզ է հասել՚, //Ոչ մի աստված մեզ չի ների, //Թե որ նետը, //Հայկյան նետը// Չփոխանցենք սերունդներին՚:
Հրաչյա Բեգլարյանի պոեզիայում հայրենասիրությունը կեցվածք չէ, այլ զարկերակվող կյանք, որը սրբացող քարերի երազն է խառնում հորովելի շնչին, գնում հոգու մրմունջ քարերի հետքերով և լսում տուն ու կամուրջ քարերի առասպելական զրույցները: Պատերազմի դռների առաջ անգամ չընկրկեց բեգլարյանական պայքարի ոգին.

Ախ, այս խաչքար քարերի,
Խաչված, խաչբառ քարերի,
Մտքի քանքար քարերի,
Հոգու բարբառ քարերի
Համար ենք կռվել:

ՙՈրտեղ Ավարայր, այնտեղ ես թուր եմ՚,-սա է բանաստեղծի հավատամքը, որը նրան տարավ դեպի հոգու մատյանների արարում… Երկինք, հող, ջուր, սերմ բառերն ազատվում են իրենց կեղևներից` հոսելով ժողովրդական երգի երակներով, որտեղ հոգու հաղթանակ է դառնում Տողի իրականությունը:
Հողից ելնող դարերի շնչառությունն է տալիս բանաստեղծին ոգևորության անանց պահեր, երբ լռությունն անգամ դառնում է հուշարար, իսկ ցավը` ըմբոստության աղաղակ: Պատմության դասերից լույս առնելով` բանաստեղծը փոխանցում է այն մարտնչող սերունդներին, որպեսզի չհատվի հայրենասիրության արթուն երակը, սուր ու նիզակով մարտնչած նախնիների ոգին միաձուլելով օրերի եռքին, ամրապնդում է կամքն ու հավատը զինվորյալների:
Հրաչյա Բեգլարյանը քարի մեջ տեսնում է մատյան, գիր, ճակատագիր, ինքնահաստատման կարծրություն, որից հավատի ու երջանկության կայծեր են ցայտում: Հողի երակներում հասցեներ կան ծլարձակումի, որոնցով ընթանում է ճանաչողության ոգին: Ահա ելքը Հույսի: ՙՀույսի արև՚,- այսպես է ձևակերպել Հրաչյա Բեգլարյանը` կերպավորելով իր ճանապարհի ընթացքը:
Բնության տեսարանների նկարագրությունը բանաստեղծի պոեզիայում ինքնանպատակ չէ, հավատի ակունք է դառնում ծառի կեղևը, որ, դիմանալով հողմերի հարվածներին, հաստատում է վերհառնումի առասպելը: Հայրենիքի պատկերը հոսում է աղբյուրների ջրերում և միաձուլվում հողին, ծիլերին, հարատևության տաք երակներին:
Արցախ: Մի կերպար, որ ոգեշնչում է ներսից և կյանքին ու զորության արմատներին հաղորդում նոր իմաստ: Ազատության դրոշն է փողփողում ոչ միայն հայոց լեռնաշխարհում, այլև բառերի մեջ, ոգու շերտերում. ՙՉի նվաճվում այն դրոշը, որ պահվում է սրտերում՚,- ասում է Պարույր Սևակը: Ազատության պտուղները ճաշակած սերունդներն այլևս չեն հանդուրժի անգամ ստրկության ստվերի միջնորդավորված ներկայությունը: Հաղթանակը, որ ձեռք է բերվել հերոսների արյան գնով, ընդմիշտ վերացրել է զոհի կերպարը և վերարթնացրել ու կերտել հաղթողի աննկուն հոգեվիճակը…

Ախ, այս խաչքար քարերի,
Հոգու տրտունջ քարերի,
Միշտ զուսպ ու լուրջ քարերի,
Տուն ու կամուրջ քարերի,
Մեկ էլ բոլոր դարերի
Համար ենք կռվել:

Արցախյան գոյապայքարի թեման արծարծվել է Հրաչյա Բեգլարյանի ՙԱրցախյան Ավարայր՚, ՙԱվո՚, ՙՇիկացած օրեր՚, ՙԼեգենդար բանակ՚, ՙԴու ոգի ես՚, ՙՄեր բախտի աստղը՚ և այլ ստեղծագործություններում, որտեղ Արցախի երգիչն ու նվիրյալը կերտել է անկախության և ազատության համար մարտնչող հայի կերպարները, որոնք տարբերվում են իրենց անհատական հատկանիշներով, ներաշխարհով, հոգեբանական նկարագրով: