comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը մարտի 1-ին ՙԵվրոպա՚ հյուրանոցային համալիրում կազմակերպել է հանրապետության նախադպրոցական հիմնարկների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման դասընթաց-քննարկում երեխաների սննդի կազմակերպման, նախադպրոցական հիմնարկներում սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, վարչարարական հարցերի շուրջ: Այն իրականացվեց ԱՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների մասնագետների համագործակցությամբ:

Նպատակը, ինչպես իր ողջույնի խոսքում ասաց ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախում նախադպրոցական կրթությունը, երեխաների ֆիզիկական, հոգեկան առողջության պահպանումը բերել պատշաճ մակարդակի և ստեղծել ավելի լավ պայմաններ երեխաների զարգացման, նախադրյալներ` նախադպրոցական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման համար: Նախարարությունն անցած մեկ տարվա ընթացքում ոլորտում մշտադիտարկում է անցկացրել, որն ի հայտ է բերել մի շարք ընդհանրական խնդիրներ և առաջացել է նախադպրոցական կրթության ոլորտը կանոնակարգելու, միասնական չափորոշիչներ ներդնելու և այդ չափորոշիչներով ու մեխանիզմներով առաջնորդվելու անհրաժեշտություն: Ն. Աղաբալյանը նշեց, որ նախադպրոցական կրթությունը մեր պետության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, և այդ ուղղությամբ մինչ այսօր զգալի աշխատանքներ են կատարվել. ամեն տարի ստեղծվում են նախադպրոցական նոր հաստատություններ, բացվում են նոր խմբեր:
Բանախոսներից ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Երանուհի Հայրապետյանը, անդրադառնալով նախադպրոցական և դպրոցական ոլորտներում երեխաների սննդի կազմակերպմանը, ասաց, որ հարցի վերաբերյալ 2013թ. ԱՆ-ի կողմից մշակվել են նախադպրոցական հիմնարկներում առողջ սննդի կազմակերպման սանիտարական նորմեր և կանոններ, որոնցով էլ տեսչությունն առաջնորդվում է: Հավաստեց, որ, իրոք, երեխաների սննդի բարելավման անհրաժեշտություն ամբողջ հանրապետությունում կա: Ընդհանրապես, մարդկանց մոտ որոշ հիվանդություններ պայմանավորված են նրանց մանկական հասակում սննդի ոչ ճիշտ կազմակերպումով: Ըստ նրա` ինչ կորցնում ենք այսօր երեխաների վաղ հասակում, հետագայում վերականգնել չենք կարող: Համաշխարհային վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ մանկական մահացությունների 35-40 տոկոսը հետևանք է թերսնուցման: Այն պատճառ է դառնում թերաճի, իսկ սխալ սնուցումը` գերաճի: Երկուսն էլ հետագայում պատճառ կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են շաքարային դիաբետը, սակավարյունությունը, սրտի անբավարարությունը և այլն: Սխալ սնուցման մեջ նշվեց սպիտակուցներով պակաս, վիտամիններով, հանքային տարրերով չհագեցած սնունդ ստանալը: ԱՆ վերոհիշյալ ծառայության կողմից բավականին մեծ աշխատանք է տարվում մանկապարտեզներում սննդի էներգետիկ արժեքը նորմայի սահմաններում պահելու ուղղությամբ: 3-6 տարեկան երեխաներին անհրաժեշտ կալորիան մեծ մասամբ մանկապարտեզներում ապահովված է: Ոչ նորմալ փաստը, որին առնչվում է վերահսկող կազմակերպությունը, սննդի մեջ մտնող տարրերի` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի ոչ ճիշտ հարաբերակցությունն է: Մասնագետի դիտարկմամբ` ավելի հաճախ երեխաների կալորիաներն ապահովվում են ածխաջրերի` հացաբուլկեղենի, քաղցրավենիքի հաշվին, ինչը սխալ է:
ՙԱնվտանգ սնունդ, առողջ մանուկ՚ թեմայով զեկուցումով հանդես եկած ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Մխիթար Առաքելյանն էլ իր հերթին ներկայացրեց հանրային սննդում անվտանգ և սանիտարական նորմերին համապատասխան սննդամթերք մատուցելու գործում ծառայության պահանջները:
Մանկապարտեզի տնօրենների բարձրացրած հարցերը վկայեցին թե՜ առաջին և թե՜ երկրորդ վերահսկողական ծառայությունների կողմից ներկայացվող որոշ պահանջներն իրականության հետ անհապատասխանության մասին: Այսպես, կառավարության կողմից մի քանի տարի առաջ սահմանվել էր մանկապարտեզի մեկ երեխային անհրաժեշտ օրական չափաբաժնի գումարը` 566 դրամ, սակայն դրանից հետո մի քանի անգամ ապրանքների թանկացում է եղել, և անհնար է այդ գումարի սահմանում պահանջվող սննդակարգն ապահովել: Օրենքը պահանջում է երեխայի սննդակարգում ամեն օր կաթ ներառել, սակայն գործարանային արտադրության կաթնամթերքը շրջանների մանկապարտեզներ է առաքվում շաբաթական մեկ անգամ: Էլ չենք խոսում այն մասին, որ մատակարար կազմակերպությունների կաթնամթերք տեղափոխող մեքենաներն էլ ապահովված չեն սառնարանային պայմաններով, ինչը հատկապես ամռան եղանակին մթերքը փչանալու վտանգ է ստեղծում: Իսկ վերահսկող մարմինը չի թույլատրում տեղում արտադրվող գյուղմթերքը` միսը, կաթը, մածունը, ձուն, չնայած բժշկի կողմից համապատասխան տեղեկանքի ուղեկցումով, օգտագործել` պատճառաբանելով, որ դրանք անասնաբուժական լաբորատոր փորձաքննություն չեն անցել, ինչը գյուղական բնակավայրերում ամեն օր հնարավոր չէ կազմակերպել, քանի որ այդպիսի լաբորատորիաներ գործում են միայն շրջկենտրոններում: ՀՕՄ-ի ՙՍոսե՚ մանակապարտեզների աշխատանքները համակարգող Արտեմիս Գրիգորյանն իրավացիորեն զարմացած է. ամբողջ աշխարհում քարոզվում է բիոսնունդը, իրենց հովանավորներն էլ են դա պահանջում, իսկ Արցախի գյուղերի մանկապարտեզներին դա արգելվում է: Բացի այդ, գյուղմթերքը տեղում իրացնելով` չէ՞ որ նպաստում են գյուղացիների աշխատանքի խրախուսմանը, համայնքների զարգացմանը: Սննդի անվտանգության տեսչության պետ Ռոբերտ Առուստամյանը, հղում անելով օրենքին, ասաց, որ առանց լաբորատոր փորձաքննության չի կարելի: Անհեթեթությունը նաև այն է, որ այդ նույն երեխաները և ընտանիքի ոչ մանկապարտեզային մյուս երեխաներն իրենց տներում օգտագործում են տնական կաթնամթերք, մսամթերք, ձու: Նույն տրամաբանությամբ արդյո՞ք այդ երեխաների առողջական խնդիրնե՞րն էլ չպետք է վերահսկվեն պատկան մարմինների կողմից:
Դասընթացին տնօրենները, Առողջապահության նախարարության աշխատողը փորձի փոխանակում կատարեցին դժվարագույն խնդիրը լուծելու համար` ինչպե՞ս ապահովել երեխաներին անհրաժեշտ օրական 1800 կալորիան և ճիշտ սնուցում կազմակերպել` չխախտելով կանոնը:
Մեկ այլ զեկուցում էլ, որը ներկայացրեց համաճարակաբան Կարինե Բալայանը, նախադպրոցական հիմնարկներում հակահամաճարակային միջոցառումների և ախտահանման ռեժիմի մասին էր: Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան. մասնավորապես` գյուղական մանկապարտեզների բժշկական վերահսկողությունը դրված է գյուղի բուժքրոջ վրա, որը ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէ լիարժեք կատարելու պարտականությունները, պակասում են որոշ գործիքներ երեխաների աճին հետևելու համար: Իսկ ամենացավոտ հարցը մայրաքաղաքում խմբերի գերծանրաբեռնվածությունն է, որը հակասում է սանիտարահիգիենիկ նորմերին:
Հանդիպմանը վերհանված բազմաթիվ խնդիրներ միջգերատեսչական համագործակցության արդյունքում է հնարավոր լուծում տալ, ասաց Ն. Աղաբալյանը, ինչի ուղղությամբ էլ կծավալեն աշխատանքները: Նա առաջարկեց մանկապարտեզների ղեկավարներին` խնդիրներն առանձին ներկայացնել, որպեսզի կոնկրետ գյուղերի համար նաև առանձին քննարկում անեն: Երևի թե դրանց մի մասի լուծումը լրացուցիչ ծախսերի հետ կապված լինի և մասնագետների խնդիր առաջանա, որոշ դեպքերում` օրենսդրական փոփոխությունների կարիք լինի, ամեն դեպքում խնդիրը պետք է քննարկվի պատկան մարմինների հետ:
Ընդմիջումից հետո թիմային և գործնական հետաքրքիր աշխատանք ծավալվեց դասընթացի մասնակիցների հետ: Ամերիկյան համալսարանից դասընթացավար Արտակ Ալոյանը թրենինգ անցկացրեց ՙԱշխատանքային էթիկա, միջանձնային կոնֆլիկտների լուծում՚ թեմայով: Խմբերը ներկայացրին մանկապարտեզներում հանդիպող կոնֆլիկտային իրավիճակների վերաբերյալ նախարարության կազմած հարցաշարերի շուրջ լուծման իրենց տարբերակները, նախարարության հարցումին ի պատասխան` գրավոր ներկայացրին իրենց առաջարկությունները: