[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵՑ ԱՆՑԱԾԸ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆՈՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Մարտի 5-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որն ամփոփեց նախորդ` 2017-2018 ուսումնական տարվա աշխատանքները: Նիստը վարեց ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հաշվետվությամբ հանդես եկավ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Ըստ բուհի ղեկավարի` ԱրՊՀ-ն իր գործունեությունը կազմակերպել և իրականացրել է զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին և նպատակներին համապատասխան` դրա առանցքում որպես գերխնդիր ունենալով կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում համալսարանը շարունակել է խթանել ուսանողների, դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը:
Բուհական տարին հագեցած էր կրթական, գիտական, մշակութային, ուսանողների հետ տարվող միջոցառումներով:
Ինչպես և նախորդ տարիներին, ԱրՊՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերլուծություն և արդիականացում, հաստատվել են նորերը: ՀՀ առաջատար բուհերի հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հենց մասնագիտական կրթական ծրագրերի պարբերաբար թարմացումն է, որն ուղեկցվում է նաև խորհրդատվությամբ, դասախոսների վերապատրաստմամբ (ոչ բավարար չափով), դասավանդման անհրաժեշտ նյութերի, գրականության տրամադրմամբ, եղել են նաև ցուցադրական դասախոսություններ, ուսանողների այցելություններ տարբեր համալսարաններ:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալավրիատի 25 ու մագիստրատուրայի 30 կրթական ծրագրերով` 5 ֆակուլտետի և 20 ամբիոնի միջոցով: Հաշվետու ժամանակաշրջանում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 6 ասպիրանտ և հայցորդ: Արդեն 5 տարի է` ԱրՊՀ-ում գիտական կոչումները տրվում են բացառապես ՀՀ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան և գիտխորհրդի կողմից շնորհված 6 դոցենտի կոչումները հաստատվել են ԲՈԿ-ի կողմից:
2017-2018 ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2259, որից առկա ուսուցման համակարգում` 1501, հեռակա ուսուցման համակարգում` 758: Մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմել է 385: Ընդհանուր առմամբ, համալսարանում վերջին 5 տարիներին նկատվում է ուսանողների թվի նվազում. հիմնական պատճառներից մեկը ճարտարագիտական ու շինարարական մասնագիտությունների տեղափոխումն էր նորաստեղծ Շուշիի տեխնոլոգիական համալսարան:
Չնայած ԱրՊՀ հեռահար նպատակը որպես գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, ներկա պայմաններում, ըստ ռեկտորի, դա անիրական է և որպես հիմնավորում մատնանշեց 2018թ. նախահաշվում գիտական ծախսերին հատկացված գումարի չափը, որը կազմում է 2,7մլն դրամ կամ ընդհանուրի 0,3%-ը: Այդուհանդերձ, տարվա ընթացքում ԱրՊՀ-ում կազմակերպվել են դասախոսների և ուսանողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ: Համալսարանականները մասնակցել են նաև այլ բուհերում կազմակերպված նման միջոցառումների, հատկապես ակտիվությունը նկատելի էր ուսանողության մակարդակով: Ռեկտորն առանձնացրեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված համահայկական ուսանողական գիտաժողովի և ֆորումի անցկացումը: Նշեց նաև, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող պայմանագրային գիտական թեմաների գերակշիռ մասի ղեկավարներն ու կատարողներն ԱրՊՀ դասախոսներն են, իսկ որոշներում ընդգրկված են նաև ասպիրանտներ ու մագիստրանտներ:
ԱրՊՀ հաջողված ձեռնարկումներից է այլ բուհերի և կառույցների հետ համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, առ այսօր համալսարանը նման պայմանագրեր ունի ունի շուրջ 40 բուհերի ու գիտական կառույցների հետ: Բուհերի հետ համագործակցությունը դրսևորվել է փոխադարձ այցելությունների, ուսումնամեթոդական նյութերի փոխանակման, նոր գրականության տրամադրման, դասախոսությունների վարման, գիտաժողովների և հոբելյանական տարեդարձներին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության, ամառային հանգստի կազմակերպման և այլ ձևերով: Համագործակցության նոր մոտեցում կարելի է համարել ԱրՊՀ ուսանողների մեկշաբաթյա դասընթացները ՀՀ բուհերում: Աննախադեպ էր երեք ուսանողի մեկամյա ուսումնառության կազմակերպումը արտասահմանում` Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում:
2018թ. համալսարանի դրամական եկամուտները կազմել են 984, 9մլն դրամ, որի 80%-ը ծախսվել է աշխատավարձերի վրա: 2019թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 18,9 մլն դրամով կամ 1,8%-ով:
Իրենց ելույթներում համալսարանականները որպես կարևոր ձեռքբերում մատնանշեցին բուհական գործընթացը կարգավորող ներքին նորմատիվային փաստաթղթերի փաթեթի ձևավորումը, որը լուրջ հիմք կհանդիսանա համալսարանի հավատարմագրման աշխատանքներին: Ընդգծեցին, որ համալսարանը թևակոխում է նոր` հավատարմագրման փուլ, որն առաջադրում է նոր խնդիրներ կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ, պահանջում վեր կանգնած լինել նախորդ տարիների աշխատանքի մակարդակից, և իրենք պատրաստ են դրան:
Իր նկատառումներն արտահայտելով` խորհրդի նախագահ Գ. Մարտիրոսյանը կարևորեց ուսանողներին խրախուսելու միջոցները` ասելով, որ դրանք պետք է ընդլայնել և հարկ եղած դեպքում լրացուցիչ միջոցներ հայթայթել դրա համար, բոլոր աշխատանքների հիմքում պետք է դրված լինի կրթության որակի բարձրացումը:
Խորհրդի անդամները համալսարանի հաշվետու տարվա գործունեությունը գնահատեցին բավարար:
Բավարար գնահատվեց նաև 2018թ. համալսարանի բյուջեի կատարողականը, հաստատվեց 2019-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Հավանության արժանացավ ԱրՊՀ` 2019-2023թթ. ռազմավարական ծրագիրը, որը ներկայացրեց ռեկտոր Ա. Սարգսյանը: Նոր ռազմավարական ծրագիրը նախորդից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե համալսարանի տեսլականն է ներկայացնում` միջազգային չափանիշներին համապատասխանող բուհի պատկերը, այլ, ընդունելով սինգապուրյան օրինակը, համալսարանը ներկայացրել է որպես սովորող կազմակերպություն, որը հինգ տարիների ընթացքում պետք է անընդհատ սովորի` իր կարողություններին, հնարավորություններին համեմատ իրականացնելով իր առջև դրված խնդիրը:
Կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, ողջունելով բուհում իրականացված աշխատանքները, ուսանողների առաջադիմությունը խթանելու նպատակով առաջարկեց ընդլայնել զեղչային համակարգը` նրանց խրախուսել մասնակցելու տարբեր մրցութային ծրագրերի, հավակնելու կրթաթոշակների: Նախարարության կողմից հայտարարված ՙԼավագույն ուսանող՚ մրցույթի արդյունքներով նա դիպլոմ և դրամական պարգև հանձնեց ԱրՊՀ ուսանողուհի Դիանա Խաչատրյանին և ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ուսանող Արտաշես Պողոսյանին:
ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ համալսարանի Ոսկե մեդալով պարգևատրվեց ԱՀ ազգային վիճակագրական ծառայութայն պետ , նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը` համալսարանի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Նիստը եզրափակիչ խոսքով ամփոփեց խորհրդի նախագահ Գ. Մարտիրոսյանը:
;