comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆ-ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԳԻՏՆԱԿԱՆ-ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

 Լրացավ բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Սիրուն Բաղդասարյանի ծննդյան 70 և գիտամանկավարժական գործունեության 50 տարին։ Այստեղ արժե ընդգծել, որ կարևորը մարդու կյանքում նրա թողած նկատելի հետքն է։ Այս առումով բովանդակալից ճանապարհ է անցել բազմավաստակ գիտնական-մանկավարժը։

Ս. Բաղդասարյանը հմուտ ուսուցչուհի լինելուց բացի աշակերտների մեջ դաստիարակել է գեղագիտական ճաշակ` կատարելագործելով նրանց ասմունքելու և երգելու ունակությունները։ Պատահական չէ, որ նա ՀՍՍՀ մանկավարժական ընկերության կողմից պարգևատրվել է հատուկ դիպլոմով ու կրծքանշանով։ Որպես անբասիր մանկավարժ, կազմակերպիչ, ստեղծագործական անհատականություն` արժանացել է մի շարք պատվոգրերի, գովասանագրերի և շնորհակալագրերի։
1992-1993թթ. Ս. Բաղդասարյանը ջանքեր չի խնայել Արցախի զոհված ազատամարտիկների 120 երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ` Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքի ՙՅոլոչկա՚ ճամբարում։ Այդ սրտաբուխ գործի համար արժանացել է Մոսկվայի հայ գործարարների ՙԱ +՚ ակումբի շնորհակալագրին։
ԱրՊՀ վարժարանի գրականության ուսուցչուհի Ս. Բաղդասարյանը, 2000 թվականին մասնակցելով ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ մրցույթին, ճանաչվել է մայրաքաղաքի հայ գրականության լավագույն մասնագետ։
Փորձառու մանկավարժ լինելու շնորհիվ 2001թ. ԱրՊՀ ղեկավարությունը նրան հրավիրեց բանասիրական ֆակուլտետ` դասավանդելու ՙՀայ գրականություն և նրա դասավանդման մեթոդիկան՚ առարկան։ Տարիների ընթացքում նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես հմուտ մանկավարժ, այլև գրականագետ։ 2003թ. ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ՙՄկրտիչ Սարգսյանի վիպագրությունը՚ թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։ Սակայն նա չի բավարարվել ձեռք բերածով` մեկը մյուսի հետևից հրատարակելով ՙՀանրագիտակ ուսուցչի համար՚ (2005), ՙՌափայել Պատկանյան թեման հանրակրթական դպրոցում՚ (2005), ՙԽաչիկ Դաշտենցի ՙԽոդեդան՚ վեպը՚ (2009), ՙԳրականության ուսուցման հարցեր՚ (2019) ուսումնամեթոդական ձեռնարկները։
Անհրաժեշտ է ընդգծել նաև Ս. Բաղդասարյանի ներդրումը հայ գրականագիտության ասպարեզում։ Երևանում ՙՀայաստան՚ հրատարակչությունը 2003թ. լույս է ընծայել նրա ՙՄկրտիչ Սարգսյանի վիպագրությունը՚ մենագրությունը` ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի խմբագրությամբ և առաջաբանով։ Անվանի գիտնականն այդ աշխատությունը համարել է հաջողված գործ ականավոր բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի գեղարվեստական ժառանգության ուսումնասիրման բնագավառում։ Հիրավի, այս աշխատությունը նկատելի խոսք է սարգսյանագիտության ասպարեզում։
Աշխատության առաջին գլխում հեղինակը վերլուծել է ականավոր գրողի վիպագրության առաջին փորձերը` գնահատելով նրա ՙՍերժանտ Կարոն՚, ՙՔեռի Սիմոնը՚, ՙՈրոշել եմ սպանել պատերազմը՚, ՙՇահմարի առեղծվածը՚, ՙԴարձ՚ վիպակները, ՙԿյանքը կրակի տակ՚, ՙՃակատագրով դատապարտվածները՚ վեպերը։ Աշխատության երկրորդ գլխում նա հանգամանալից վերաարժևորել է նաև գրողի ՙԽաղաղություն պատերազմից առաջ՚, ՙՉմակարդվող արյուն՚ վեպերը։
Մկրտիչ Սարգսյանի գրական հարուստ ժառանգության մեջ նշանակալից տեղ է գրավում ՙՔաջ Նազար՚ երգիծավեպը, որն ստեղծված է ժողովրդական բանահյուսության մոտիվներով։ Գրքի երրորդ գլխում հեղինակն անդրադառնալով Հովհ. Թումանյանի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի մշակումներին, ընդգծել է Մկրտիչ Սարգսյանի մշակած հեքիաթի ինքնատիպ առանձնահատկությունները` նշելով, որ այն 20-րդ դարի հայկական կյանքի ճշմարիտ-գեղարվեստական երգիծական վավերագրություն է։
Մ. Սարգսյանն անդրադարձել է նաև հայ միջնադարին` ստեղծելով ՙԳրիգոր Նարեկացի՚ պատմավեպը։ Ս. Բաղդասարյանը հանճարեղ բանաստեղծի վիպական կերպարը համարում է վանական միջավայրի համապատկերին ստեղծված հաջողված պատկեր հայ գրականության մեջ։
Գրքի հինգերորդ գլուխը նվիրված է ՙԲարև, բարի արև՚, ՙԽաչված քաղաքը՚ վեպերին։ Այստեղ գրականագետը մի առանձին նրբանկատությամբ է ներկայացնում ՙԴարավերջի հայը՚ վեպը` բարձր գնահատելով երկի կառուցվածքը, գաղափարական բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները։
Ս. Բաղդասարյանի երկրորդ հաջող քայլն արդի գրականագիտության մեջ ՙԽաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը՚ աշխատությունն է։ Այն նվիրված է ականավոր գրողի գրական հարուստ ժառանգության վերլուծությանն ու արժևորմանը։ Առաջին անգամ նրանում ամբողջության մեջ դիտարկվել են անվանի գրողի պոեզիան, արձակը, ՙՏիգրան Մեծ՚ դրաման, ՙԲայրոնը և հայերը՚ գրականագիտական աշխատանքը։ Աշխատության ութ գլուխներում Ս. Բաղդասարյանն առանձնակի վերաբերմունք է ցուցաբերել անմահ գրողի վիպագրության հանդեպ, հմտորեն վերլուծել ու գնահատել է ՙԽոդեդան՚ վեպը, որի մեջ առաջին անգամ խորհրդային տարիներին գրողը համարձակվել էր ստեղծել հայ հայդուկների կերպարները։ Ինչ վերաբերում է Խ. Դաշտենցի ՙՌանչպարների կանչը՚ վեպի դիտարկմանն ու վերլուծությանը, համարձակորեն կարող ենք ասել, որ Ս. Բաղդասարյանը բանիմացությամբ է արժևորել վեպում ներկայացվող հայդուկի հավաքական կերպարը, որի ծիածանի երանգներն են Արաբոն, Աղբյուր Սերոբը, Աղբյուր Սոսեն, Անդրանիկը, Սմբատ Բարոյանը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը, վարժապետներ, հոգևորականներ և ուրիշ գործիչներ։ Ս. Բաղդասարյանը նրբանկատությամբ է գնահատել գրողի կողմից վեպում օգտագործված խորհրդանշանները, միֆերը, ավանդությունները, սովորությունները, պատմական վայրերը, հայ երգարվեստը։ Նա աշխատության մեջ գնահատել է նաև Դաշտենցի արձակի լեզվի և ոճի առանձնահատկությունները։
Ակտիվ քաղաքացու նրա հետևողական մասնակցությունը նկատելի է նաև Արցախյան ազգային-ազատագրական պայքարում։ Եվ հաճելի երևույթ էր, որ նա 2018-ին մեր Շարժման 30-ամյակի առթիվ արժանացավ պետական բարձր պարգևի` ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալին։
Ի սրտե շնորհավորենք բազմավաստակ հոբելյարին, բարեմաղթենք արցախյան երկարակեցություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ գիտամանկավարժական գործունեության ասպարեզում։