comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ու ՀՀ մշակույթի նախարարությունների համագործակցության ծրագրի շրջանակներում օրերս տեղի է ունեցել Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի և Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցների սաների համատեղ համերգը:

Ըստ կազմակերպիչների` համագործակցության ծրագրում ներառված են մի քանի ուղղություններ, այդ թվում նաև ՀՀ և ԱՀ արվեստի դպրոցների համատեղ համերգներ, որոնք հետապնդում են ճանաչողական, մշակութային կյանքի, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակ:
Արվեստի երկու դպրոցները համերգին հանդես եկան երգուպարով` ներկայացնելով ինչպես ազգային, այնպես էլ այլ երկրների մշակույթը: Անշուշտ, երկու դպրոցներն էլ ներկայացրեցին իրենց լավագույն համարները, որոնք մեծ արձագանք գտան դահլիճում: Աչքի ընկան հատկապես պարերը, որոնց վրա զգացվում էր պարուսույցների հետևողական աշխատանքը:
Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սոնա Գալաջյանը ողջույնի իր խոսքում կարևորեց նման այցերը մի շարք առումներով` շեշտը դնելով ճանաչողական բաղկացուցչի վրա, որը ջերմություն ու լիցք է հաղորդում: Նա վստահեցրեց, որ Ստեփանակերտի արվեստի դպրոցի սաները ջերմության պակաս չեն զգա նաև Երևանում: Տնօրենը պատմեց, որ դպրոց է այցելում մոտ 250 երեխա, գործում են արվեստի գրեթե բոլոր բաժինները: Կրթօջախը շուրջ 45 տարվա պատմություն ունի, սաներն ամեն տարի մասնակցում են տարբեր ազգային և միջազգային մրցույթների և զբաղեցնում մրցանակային տեղեր: Նա ընդգծեց, որ իրենց սաները երկօրյա այցի ընթացքում հասցրել են լինել նաև Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում և այնտեղ անցկացնել վարպետության դասեր, որոնք կխթանեն երեխաների տեսական ու գործնական գիտելիքները:
Ըստ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանի` համատեղ համերգային ծրագիրը մի յուրօրինակ ստուգատես է, որը հնարավորություն է տալիս ամփոփել տարվա ընթացքում գեղարվեստական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև վերհանել բացթողումները: