comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ՙՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ Է՚
[ARM]     [RUS]     [ENG]

Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ՙՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ Է՚

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի հյուրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էր: Ողջունելով ճանաչված տնտեսագետին` ռեկտոր Արմեն Սարգսյանը նշեց, որ դա նրա առաջին այցը չէ Արցախի մայր բուհ և այդ հանդիպումով մեկնարկում է 2019-ի ոչ ֆորմալ կրթությունը ԱրՊՀ-ում: 

Թ. Մանասերյանը ուսանողների և դասախոսների առջև հանդես եկավ տնտեսական անվտանգության մասին դասախոսությամբ: Սույն թեման մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդում նա ներկայացրել է պետության բարձրագույն պաշտոնատար անձանց:
Ըստ տնտեսագետի` զարգացումը պետք է ունենա երկու հիմնասյուն` անվտանգություն և մրցունակություն: Որպեսզի զարգացումը իրատեսական լինի, պետք է ոչ թե պարզապես թղթին հանձնել մեր ցանկությունները, այլ նաև դիտարկել սպառնալիքների դաշտը և փորձել դրանք վնասազերծել կամ գոնե կրճատել` հավատալու, որ այդ ցանկությունները հնարավորինս զերծ են հակակշռող լուրջ սպառնալիքներից, և հնարավորություն է ընձեռված իրացնել մեր մրցակցային առավելությունները: Տնտեսական անվտանգության սպառնալիքների դաշտը մեծ է: Դրանում և՜ ներքին և՜ արտաքին սպառնալիքներն են: Բանախոսն օրինակ բերեց 2008 թվականը, որը վատ չէր Հայաստանի համար, որովհետև երկնիշ թվով տնտեսական աճ էր գրանցվել, սակայն տնտեսությունը դրանից հետո անկում ապրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Տնտեսագետը այն կարծիքին է, որ ընդհանրապես, զարգացման մասին խոսելիս, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագիրը կազմելիս ավելի իրատեսական լինելու համար նպատակահարմար է գտնում չբացառել հնարավոր սցենարները և այդ ամեն ինչի մեջ Արցախը լինի: Հայաստանը կարող է և պետք է հնարավորություն ընձեռի Եվրասիական տնտեսական միությունում Արցախը ներկայանալու: Թ. Մանասերյանն այդ մասին օրերս խոսել է ՀՀ ԱԺ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում: Նա առաջարկել է Արցախը պատշաճ ներկայացնել Եվրասիական շուկայում: Դրա հնարավորությունները քիչ չեն: Համագործակցության հիմքում առաջին հերթին նա տեսնում է Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրման ծրագրի մշակումն ու իրականացումը: Իհարկե Արցախը Հայաստանի մասն է, բայց Արցախ-Հայաստան տնտեսությունների ինտեգրման ծրագիր պետք է լինի
Սպառնալիքների դաշտը դիտարկելով, ըստ նրա, նախ պետք է հասկանալ դրանց պատճառները և գնահատականներ տրվեն սահմանային մեծություններով: Ասում է` տնտեսության մեջ սպառնալիքները վերացական չեն կարող լինել, դրանք կոնկրետ են` պարենային, էներգետիկ անվտանգություն, արտաքին պարտք և այլն: Անվտանգության կազմակերպման միջոցներից է ռազմավարությունը: Տնտեսագետն այն մեր կյանքի կարևորագույն բացերից է համարում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում: Համեմատության համար բերեց Թուրքիայի Հանրապետության օրինակը, որն արդեն քանի դար է ` Կարմիր գիրք ունի: Նրանում ամփոփված է յուրաքանչյուր հարյուրամյակի համար այդ երկրի զարգացման ծրագիրը, որը կարող է թեթևակի վերանայվել մեկ-երկու տասնամյակը մեկ, եթե աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, հավանաբար, կարող են ազդել Թուրքիայի վրա: ՙՄենք ունե՞նք պատկերացում, թե որտեղ ենք տեսնում մեզ 50, 100 տարի հետո՚,-հարցնում է նա ու պարզաբանում. հարյուր տարին մեծ ժամանակահատված չէ: 88-ը թվում է` երեկ է եղել, բայց մեկ երրորդ դար արդեն անցել է: Ժամանակն այդպես արագ գնում է, և մեզ մեր հետագա սերունդներին միացնողը պետք է լինի ռազմավարությունը` ազգային գաղափարախոսության հետ միասին: Զարմանալի չէ, որ տնտեսագետը խոսում է ազգային գաղափարախոսությունից, քանի որ` ՙԱռանց դրա ամեն ինչ ոչինչ է, եթե մենք չենք զգում որպես մեկ միասնություն, մեկ ազգ, մեկ ուժ: Վաղը կարող է Նոբելյան մրցանակակիրներ գան և հետաքրքիր դասեր տան այստեղ: Իհարկե, մենք նրանցից սովորելու շատ բան ունենք, բայց դա մենք պետք է շարենք մեր ազգային գաղափոխոսության վրա, տեսնենք ինչքանով են համապատասխանում, ինչքանով են համահունչ մեր խնդիրներին՚,-շարունակեց նա:
Ո՞րն է մեզ սպառնացող վտանգներից ամենավտանգավորը: Ըստ տնտեսագետի` չնայած արտաքին պարտքը հասել է 70 %-ի և թույլատրելի սահմանը վաղուց հատել է, և դա լուրջ սպառնալիք է, բայց մեզ համար թիվ 1 սպառնալիքը ժողովրդագրականն է: Ունենք նաև ինտելեկտուալ անվտանգության սպառնալիք: Նրա դիտարկմամբ` մենք հետ ենք մնում աշխարհի զարգացումներից որակական առումով: Այն կրթությունը, որը պետք է ծառայի մեր առաջընթացին, դեռևս չի տրվում, ինչի արդյունքում դառնում ենք դոնոր աշխարհի համար: Եվ արդեն` 30 տարի:
Պետք է ճիշտ հաշվառել, գնահատել և արդյունավետ օգտագործել ռեսուրսները և հնարավորինս ինքնաբավ դարձնել Արցախը: Տնտեսագետը դա իրատեսական է համարում: Արցախը և՜ մարդկային ռեսուրսների, և՜ ինտելեկտուալ կարողությունների առումով կարիք ունի տնտեսական դիվանագիտության գործիքակազմի օգտագործման։ ՙՍա ոչ միայն գիտություն է, այլև արվեստ, սա նաև գործնական շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այն, ինչ իրականում անվանում ենք Արցախի մրցակցային առավելություններ, շատ դեպքերում սահմանափակ շրջանակների կարող է հայտնի լինել, մինչդեռ ամբողջ աշխարհին մենք կարող ենք մատուցել Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում ձեռքբերված արդյունքներ: Դրա համար մատուցման կարևորագույն ձևերից մեկը տնտեսական դիվանագիտությունն է՚,-այս միտքը վերստին շեշտեց տնտեսագետը:
Թ. Մանասերյանը պատասխանեց նաև ուսանողների և դասախոսների հարցերին, համալսարանին փոխանցեց ամերիկյան գործընկերների աջակցությամբ ձեռքբերված մասնագիտական գրքերը: