comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՏԱՆԱԼԻՔ, ԱՅԼԵՎ ՏԱԼԻՔ ՈՒՆԵՆ՚, ասել է ԱՀ ԿԳՍ նախարարը
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՏԱՆԱԼԻՔ, ԱՅԼԵՎ ՏԱԼԻՔ ՈՒՆԵՆ՚, ասել է ԱՀ ԿԳՍ նախարարը

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արագ փոփոխվող ներկա ժամանակաշրջանում մեր տարածաշրջանին անհրաժեշտ է ավելի արագ զարգացում, իսկ ասված կյանքի կոչելու կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի շրջանում ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է: Այս առումով ապագա առաջնորդներին անհրաժեշտ է հաղորդակցվել տեսաբանների ու պրակտիկ գործիչների մտքերի և փորձի հետ։ Այս նպատակին էր միտված Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ներկայացուցիչների այցն Արցախ. նրանք տեղի երիտասարդների համար երկօրյա դասընթացներ են կազմակերպել։

Խմբի ղեկավար ու դասընթացավար Ռուզաննա Աթասունցի խոսքով՝ արցախյան երիտասարդության համար նման ձևաչափով հանդիպում անցկացնելու գաղափարը կազմակերպիչների մոտ ծագել է դեռ նախորդ տարի։ ՙԵկել ենք, որ կիսվենք մեր գիտելիքներով,-ասաց Ռ. Աթասունցը։- Մեզ հետ է նաև առաջնորդության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը, ով երիտասարդներին է տրամադրում իր փորձն ու գիտելիքները՚։
Նշենք, որ հրավիրված դասընթացավարը միջազգային բնագավառում լիդերության բարձրակարգ մասնագետ է։ Իսկ օրվա թեման՝ ՙԳիտակից առաջնորդություն՚-ը, բաղկացած էր մի քանի կետերից։ Ռուզաննա Աթասունցն ու մյուս կազմակերպիչները փորձեցին պարզել, թե ինչ է ուզում այսօրվա երիտասարդը, ինչ միտումներ ունի, և ինչ տեսլական է սպասվում երկրի զարգացման համար։
Անդրադառնալով առաջնորդության հատուկ հմտություններին՝ Ռ. Աթասունցը հատկանշեց այն առաքելությունը, որն ունի առաջնորդությունը՝ աշխարհը դեպի լավը փոխելու գործում։ ՙԵթե ուզում ես մի բան փոխել՝ ինքդ եղիր այն փոփոխության նախաձեռնողը, որը ուզում ես տեսնել աշխարհում։ Մենք հավատում ենք, որ տեղական և միջազգային առաջնորդների, մտածողների ու կազմակերպությունների հետ միասին կարող ենք աջակցել ապագա նորարար առաջնորդների բացահայտմանն ու զարգացմանը՚,-ասաց նա։
Ինտերակտիվ և անմիջական շփման ընթացքում բանախոսն անդրադարձել է կառավարման մոդելի առանձնահատկություններին: Մասնավորապես` գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարևորությանը, որոշակի նպատակներ սահմանելու անհրաժեշտությանը, մի շարք այլ նրբությունների:
Հիրավի, երիտասարդության համար սա կյանքի յուրօրինակ դաս էր, որտեղ բացահայտում են հաջողության հասնելու ուղիները։
Դասընթացների հաջորդ օրը Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ներկայացուցիչներին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։
Դասընթացների կազմակերպիչներն իրենց գոհունակությունն են հայտնել երիտասարդների շրջանում առաջնորդության հմտությունները զարգացնելուն միտված միջոցառումից, այնուհետև գերատեսչության ղեկավարի հետ քննարկել այդ առումով հետագա համագործակցության քայլերը։
ԿԳՍ նախարարի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի ներկայացուցիչներն ապրիլ ամսին դարձյալ կայցելեն Արցախ և կանցկացնեն դասընթացների 2-րդ փուլը։ Այնուհետև նախատեսվում է գոնե ամիսը մեկ անգամ կազմակերպել դասախոսություններ, և ստանալ այն արդյունքը, ինչին ձգտում են։ ՙՄենք կտեսնենք, թե այն երիտասարդները, որոնց հետաքրքրում է առաջնորդության թեման, ինչպես են ուզում զարգանալ, և արդյոք տեսնում են իրենց հետագա զարգացումը նաև երկրից դուրս՝ այն պայմանով, որ պետք է վերադառնան Արցախ և գործեն ի շահ հարազատ երկրի՚,- ասաց Ռ.Աթասունցը։
ՙԱնկեղծ ասած, շատ բարձր եմ գնահատում այս դասընթացները, մենք սկզբում ակնկալում էինք, որ կլինեն 8-10 մասնակից, բայց երբ լսարան մտանք ու տեսանք, որ շուրջ 100 մասնակից կա՝ անչափ ուրախացանք։ Առաջին ընդմիջումից հետո մեզ միացավ ևս 20 երիտասարդ, և բոլորը ոգևորված լսում էին մեզ։ Օրվա վերջում հասկացանք, որ նրանց համար թեման այնքան հետաքրքիր է, որ նույնիսկ տուն գնալ չէին ցանկանում։ Ուրեմն այն նպատակը, որ դրել ենք մեր առջև, կարողացել ենք լիակատար իրականացնել՚,-ասաց Միջազգային դպրոցի տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Դասընթացների վերաբերյալ իր տեսակետը հայտնելով՝ նախարար Ն. Աղաբալյանը մասնավորապես ասաց. ՙՆախարարությունը մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, դրանք օգնում են մեր երիտասարդներին բացահայտելու իրենց ներուժը, նոր մոտեցումներ ու կարողություններ։ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի հետ սա մեր առաջին հանդիպումն է, առաջին կրթական համատեղ ծրագիրը, և հույս ունեմ, որ այն շարունակական բնույթ է կրելու։ Կազմակերպիչների հետ մենք պայմանավորվեցինք պարբերաբար անցկացնել նման սեմինարներ, և մեր երիտասարդներին, ուսանողներին հնարավորություն տալ մասնակցել միջազգային ծրագրերին։ Սա շատ կարևոր է այն առումով, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ, սակայն չունեն հմտություններ, չունեն փորձ, քանզի զրկված են տարբեր միջազգային ձևաչափերով միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։ Այս առումով Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի նախաձեռնությունը ողջունելի է, և մեզ համար համագործակցության նոր հնարավորություններ է բացում թե՜ Հայաստանում, և թե՜ արտերկրում։ Դատելով արձագանքներից, թե ինչ ոգևորությամբ են արցախցի երիտասարդները մասնակցել այս դասընթացներին, կարելի է նաև հետևություններ անել ծրագրի արդյունավետության մասին։ Կոնկրետ արդեն երիտասարդ առաջնորդների նոր համայնքներ են ձևավորվում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ծրագրեր ավելի նպատակային և թիրախավորված իրականացնել՚։
Նախարարի խոսքով՝ կազմակերպիչներին առաջարկել են միջազգային և համահայկական տարբեր ծրագրեր կյանքի կոչել Արցախում, քանզի արցախցի երիտասարդները ոչ միայն ստանալիք, այլև տալիք ունեն, և այդ շփումները երկուստեք կլինեն օգտակար։