comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Logo
Print this page

ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Վերջերս հասարակության տարբեր շրջանակներում շատ է քննարկվում կարևոր այս թեման` ի՞նչ երաժշտություն է լսում հասարակության այս կամ այն խավը: Եվ ահա այս խնդիրն առաջացնում է բազմաթիվ հարցեր:

Ինչո՞ւ, օրինակ, ցածրորակ երգ-երաժշտությունն ավելի մեծ պահանջարկ ունի հասարակության լայն շրջանում, և հակառակը` արժեքավորը քիչ պահանջված է: Ինչո՞ւ մեր երեխաների մեծ մասը չի իմանում իսկական հայկական երգ-երաժշտության գոնե լավագույն նմուշները և, որպես հետևանք, իրենց ուսման տարիներին չեն դառնում դրանց կրողները: Ինչո՞ւ բառացիորեն մեր աչքի առաջ աղավաղվում է ընդհանրապես ՙհայկական երաժշտություն՚ ասած հասկացությունը: Եվ ո՞ւմ պիտի մտահոգեն այս հարցերը:
Ստեղծված իրավիճակը
Ասում են` երեխային պետք է սկսել դաստիարակել մոր արգանդից: Նա կրում է, առաջին հերթին, իր ընտանիքի, ապա` մանկապարտեզի, դպրոցի, մասնագիտացված հաստատության… և, ի վերջո, հասարակության ազդեցությունը և դառնում նույն այդ հասարակության ևս մեկ անդամ: Մեր երեխաների դաստիարակման գործընթացի շրջանակում ո՞ր օղակում ենք թերանում:
Ես փորձեցի պարզել խնդրի էությունը` սկսելով դպրոցներից: Կարծում եմ` ընթերցողն ինձ հետ համաձայն կլինի, քանի որ սա այն համակարգն է, որն ի զօրու է շտկել երեխայի մոտ ընտանիքում ձևավորված սխալ արժեհամակարգը:
Հանրակրթական դպրոցներում, 1-ից մինչև 7-րդ դասարանը, աշակերտներն անցնում են ՙերաժշտություն՚ առարկան: Եվ, ինչպես պարզեցինք ԿԳՍ նախարարությունում, միայն 5-7-րդ դասարաններում են դասավանդում մասնագետներ: Նշեմ` այս տվյալները վերաբերում են միայն մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցներում տիրող իրավիճակին: Շրջաններում առկա է բոլորովին այլ նկարագիր: Շրջաններում ՙերաժշտություն՚ առարկան հիմնականում դասավանդում են ոչ մասնագետներ. 1-4-րդ դասարաններում` դասվարները, 5-7-ը` ով պատահի: Տխուր այս իրավիճակն ունի նաև լուսավոր կետեր: Այսպես` Հադրութի շրջանի Մարիամաձորի միջնակարգ դպրոցում, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել են բարի ավանդույթներ, գործում են ճիշտ դիրքորոշումներ, մոտեցումներ: Այս դպրոցում, ընդհանրապես, ցանկացած առարկա դասավանդում է մասնագետը: Եվ երբ 2018-ին գյուղ է վերադարձել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջն ավարտած մասնագետը, դպրոցի տնօրենն անհապաղ աշխատանքի է վերցրել` դասավանդելու ոչ միայն 5-7-րդ դասարաններում, այլև 1-7-ներում, ինչը նշանակում է, որ հենց 1-ինից երեխաներն այս դպրոցում առարկայի ճիշտ դասավանդում են ստանում: Դա էլ իր հերթին նշանակում է, որ այս դպրոցի երեխաները ծրագրով նախատեսված երաժշտական գիտելիքներ ստանալու, երգերը գրագետ սովորելու հնարավորություն ստացան: Երանի, հանրապետության ցանկացած հանրակրթական դպրոցի տնօրեն կամք և ցանկություն ունենար այսպիսի մոտեցում ցուցաբերել:
Խնդրի էությունը
Ցավոք, նման դեպքերը մեզանում տարածված չեն: Իսկ ինչո՞ւ այն չի դառնում օրինաչափություն: Այս և խնդրին հարող այլ հարցերով դիմեցի ԿԳՍ նախարարության համապատասխան բաժին: Այստեղ տեղեկացանք, որ Ստեփանակերտի դպրոցներում ՙերաժշտություն՚ առարկան մասնագետները դասավանդում են միայն 5-7-րդ դասարաններում, այլ ոչ թե 1-7-րդ: Ինչո՞ւ գոնե մայրաքաղաքում հենց 1-7-ը մասնագետները չեն դասավանդում առարկան: Բաժնի աշխատողները համաձայնեցին, որ խնդիրն, իսկապես, գոյություն ունի, ավելին` այն դժվար լուծելի է: Նրանք ստեղծված իրավիճակը բացատրեցին օրենսդրական դաշտում առկա, իրար հակասող դրույթներով:
Բանն է այն, մեկնաբանում է բաժնի վարիչ Բ. Մելքումյանը, որ գոյություն ունի օրենք, ըստ որի հանրակրթական դպրոցներում դասավանդելու իրավունք ունեն միայն այն մասնագետները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, այն էլ` ուսումը ստացած մանկավարժական բուհերում: Ըստ այդ օրենքի` միջին մասնագիտացված և բարձրագույն հաստատություններում, ինչպես, օրինակ, Երևանի պետկոնսերվատորիան ավարտած մասնագետները հանրակրթական դպրոցներում երեխաներին դասավանդելու իրավունք չունեն, քանի որ նրանք իրենց մասնագիտությունները մանկավարժական հաստատություններում չեն ձեռք բերել:
Հակասությունների և անհեթեթությունների թնջուկ
Բայց, արի ու տես, որ այդ նույն մասնագետները նույն այդ երեխաներին դասավանդում են մասնագիտացված հաստատություններում` երաժշտական, արվեստի դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում: Այ քեզ խճճված կծիկ` բայց հակասությունների՞, թե՞ անհեթեթությունների: Ստացվում է, երբ երեխան հանրակրթական դպրոցում է գտնվում, կոնսերվատորիան, երաժշտական քոլեջն ավարտած մասնագետները նրան դասավանդելու իրավունք չունեն, իսկ երբ նա հաճախում է երաժշտական, արվեստի դպրոց, ստեղծագործական որևէ կենտրոն, համապատասխան մասնագետն այդ իրավունքն արդեն ունի:
Ո՞րն է այստեղ խնդիրը: Բ. Մելքումյանի մեկնաբանությամբ, մասնագիտացված նշված հաստատություններում, ուսանողները չեն անցնում մանկավարժական կրթություն ստացողին անհրաժեշտ առարկաները` ՙհոգեբանություն՚, ՙդասավանդման մեթոդիկայի հիմունքներ՚: Իսկ ի՞նչն է խանգարում պետական մակարդակով որոշում կայացնել` նաև կոնսերվատորիայում, կերպարվեստի ակադեմիայում, երաժշտական, գեղարվեստական քոլեջներում ծրագրով նախատեսել նաև այդ առարկաների ուսումնասիրությունը: Չէ՞ որ նշված այդ հաստատությունները նպատակաուղղված են պատրաստելու մասնագետներ, ովքեր պետք է դասավանդեն ուսման տարիներին ձեռքբերված մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Պետք չէ օտարին խնդրել, աղաչել, ինչպես դա եղել է 30 տարի առաջ, որ մեր երկրում գործող կրթության համակարգում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում փոփոխություններ մտցնեն: Խնդրել ու տարիներով սպասել: Հակառակ դեպքում, ունենք այն, ինչ ունենք: Մայրաքաղաքում ունենք գործող միակ մասնագիտացված հաստատությունը, ունենք այն ավարտած բազմաթիվ մասնագետներ, ովքեր աշխատանք չեն գտնում: Եվ կան բազմաթիվ հանրակրթական դպրոցներ, որտեղ ՙերաժշտություն՚, ինչպես և ՙնկարչություն՚ առարկաները դասավանդում են ոչ մասնագետներ, մարդիկ, ովքեր չեն կարողանում լիարժեք իրականացնել ողջ ուսուցման պրոցեսը: Բայց նրանք իրավունք ունեն դասավանդել նշված առարկաները, քանի որ ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:
Հակասության ևս մեկ դրսևորում
Հիմնականում այդ առարկաները, հաստատում է բաժնի վարիչը, դասավանդում են դասվարները, մարդիկ, ովքեր ավարտել են մանկավարժական համալսարանների կրտսեր դասարաններում դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետը: Համաձայն այդ ֆակուլտետի ծրագրերի` ուսանողներն անցնում են ՙերաժշտություն՚, ՙնկարչություն՚ առարկաները: Իսկ թե ի՞նչ գիտելիքներ են նրանք ձեռքբերում իրենց ուսման ընթացքում, կարելի է դատել ողջ հանրապետությունում ստեղծված իրավիճակով, որին և անդրադարձա տվյալ հոդվածում: Շատ փաստարկներով չեմ ծանրաբեռնի ընթերցողի ուշադրությունը: Կանդրադառնամ միայն վերջերս Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից հաճախ կազմակերպվող ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթ-փառատոնի արդյունքներին: Ըստ կազմակերպիչների` այդ մրցույթն ուղղված է համայքներում, հատկապես գյուղական, խթանել մշակութային կյանքը: Եվ նկարագիրն այսպիսին է. հենց առաջին` ընտրական փուլում մասնակցող գյուղական համայնքների մեծ մասը հայտնվում է մրցակցությունից դուրս: Պատճառը մեկն է` երգերի, պարերի, նվագի, թատերական բեմադրությունների չափազանց ցածր մակարդակը: Իսկ եզրափակիչ փուլ հասած և հաղթանակներ ձեռքբերած համայնքները, շնորհիվ հենց մասնագետների, կարողանում են ցուցաբերել նման բարձր մակարդակ:
Որպես հուսադրող վերջաբան
Այս խիստ մտահոգիչ իրավիճակն ունի հուսադրող վերջաբան: Բ. Մելքումյանի հավաստմամբ` նախարարությունը պարբերաբար ստուգումների արդյունքում քաջատեղյակ է ստեղծված իրավիճակին և խիստ մտահոգված: Այս իրավիճակը շտկելու նպատակով մշակվում են առաջարկություններ, որոնք կներկայացվեն Ազգային Ժողով` քննարկման:
Սպասենք և հուսանք:
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.