comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իրականացրել է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի 132 հեկտար տարածքի ուսումնասիրություն։ Մասնագետները պարզել են տարածքի գյուղատնտեսական բնութագիրը՝ ունենալով տեղանքի գեոդեզիական հանույթը։ Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի համոզմամբ՝ համալսարանականները պետք է ակտիվորեն մասնակցեն նման կարգի աշխատանքներին: ՙԳլոբալ առումով եթե խոսենք, համալսարանի գործն է կատարել հետազոտություն։ Կարծում եմ՝ այն համալսարանը, որ հետազոտություն չի կատարում, համալասարան կոչվել չի կարող։ Եվ այս տեսակետից սա ոչ թե շատ մեծ գործ է, որ կատարում ենք, այլ մեր անելիքն է՚,-ասում է նա:

Կատարած աշխատանքը համալսարանականներն ընթացքիկ տարվա մարտի 22-ին ներկայացրել են կառավարությանը. շնորհանդեսին ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գյուղատնտեսության, կրթության, գիտության և սպորտի նախարարները, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ, պատգամավորներ։
Ողջունելով գյուղնախարարության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համագործակցությունը՝ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ հաջողության դեպքում ուսումնասիրությունները կշարունակվեն ամբողջ հանրապետության տարածքում: ՙԾրագիրը, դրական արդյունքների դեպքում, կտարածվի հանրապետության ողջ տարածքում՝ գյուղատնտեսական զարգացման ներուժի ճիշտ գնահատման և զարգացման ուղղությունների նախանշման նպատակով։ Այդ արդյունքները շատ կարևոր տեղեկատվություն պետք է հաղորդեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության ճշգրտման և ուղղությունների ճշտման համար՚,- նշել է պետնախարարը։
Խոսելով գիտահետազոտական աշխատանքի անհրաժեշտության մասին՝ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ գիտական հիմնավորումները ոլորտի զարգացման գործում այլընտրանք չունեն։ Ըստ ոլորտի պատասխանատուի՝ առանց գոտիական ուսումնասիրության` պետական աջակցությունը կամայական է, ինչը ոչ միշտ է ծառայում նպատակին: ՙՈւսումնասիրությունները թույլ են տալու անցնել գյուղատնտեսության զարգացման նոր մակարդակի, առանց դրա անհնար է պատկերացնել գյուղատնտեսության ինտենսիվացմանը վերաբերող մնացած հաջորդ քայլերը։ Մեր բոլոր ծրագրերն իրենց մեջ պարունակում են այնպիսի պահանջներ, որոնք այսօր կներկայացվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից, սակայն մենք նախատեսել ենք կազմել այնպիսի փաստաթուղթ՝ պարտադիր գյուղատնտեսության ոլորտում ներգրավված բոլոր սուբյեկտների համար։ Պետք է ասեմ, որ սա գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի պահանջ է, որ մենք ունենանք գյուղատնտեսական բնութագրեր, և առաջնորդվենք գիտական հիմնավորումներով։ Գոտիական առանձնահատկություններին համապատասխան մշակությունը և լուծումը գյուղատնտեսության մեջ հատուկ է առաջադեմ, զարգացած գրեթե բոլոր երկրներին։ Այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել, որ Արցախն անցնի այդ մակարդակով գյուղատնտեսության վարմանը՚,-նկատել է տվել գյուղնախարարը:
Ուսումնասիրությունները պարզել են տարածքում օդի տարեկան միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, հողի ագրոքիմիական բնութագիրն ու վնասատուների տարածվածության մակարդակը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Սարիբեկ Գալստյանի խոսքով՝ առանց ցանքաշրջանառության հողագործությունն Աստղաշենում ապագա ունենալ չի կարող: ՙՏարածքը նպաստավոր է հատկապես հացաբույսերի մշակման համար, բայց անպայման ցանքաշրջանառության կիրառմամբ, որովհետև այստեղ սննդատարրերը գտնվում են նվազագույն մակարդակում՝ հատկապես ֆոսֆորը և ազոտը՚,-ասել է նա:
Ըստ Սարիբեկ Գալստյանի՝ անասնաբուծության ոլորտում նույնպես անելիքները շատ են։ Խոշոր եղջերավոր անասուններն այստեղ կորցրել են ցեղային հատկանիշներն ու կաթնատվության մակարդակը։ Մասնագետները նաև հորդորում են ուշադրություն դարձնել անասնակերի բաղադրությանը՝ հատկապես մսուրային պահվածքի տարեշրջանում: ՙԵթե անասուններին տան կորնգանի բարձրորակ խոտ, խտացված կեր, սենաժ և արմատապտուղներ, կովկասյան գորշ կովերի կաթնատվությունը տարվա կտրվածքով կարող է հասնել մինչև 2 հազար լիտրի։ Դրա հետ մեկտեղ, առաջարկում ենք բարելավել գլխաքանակը՝ մթերատու ցեղատեսակներ ընդգրկելով գյուղացիական տնտեսություններում՚,-նշել է Ս. Գալստյանը։
Աստղաշենի ուսումնասիրվող տարածքում ոռոգման հարցը կարելի է լուծել այլընտրանքային տեխնոլոգիայով։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանն առաջարկել է օգտագործել տարածքի գոգավորությունները և պոլիմերով ստանալ ջրամբարներ։ Առաջին փորձարկումը համալսարանը շուտով կանի Սարուշենում. ՙԻհարկե, սա չի կարող ամեն ինչի փոխարինել։ Այն պրոգրեսիվ մեթոդները, որ Արցախում այսօր կիրառվում են՝ կաթիլային ոռոգում, ջրամբարների կառուցում, պետք է շարունակել, որովհետև հնարավորինս մաքուր ջրերի, ստորգետնյա ջրերի կաթիլային ոռոգման տարբերակով օգտագործումը բերում է բերքատվության մակարդակի բարձրացման։ Առաջարկվող տարբերակը կլինի այլընտրանքային՚։
Աստղաշենի համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանը լիահույս է, որ կատարված ուսումնասիրությունները գյուղացիներին հնարավորություն կտան իմանալ ո՞ր ուղղությամբ արժե ներդրումներ անել: ՙՕգտվելով հետազոտության արդյունքներից՝ մենք կարող ենք բարձրացնել տարածքների բերքատվությունը և, ընդհանուր առմամբ, գործընթացը շարունակելով, բարձրացնել ամբողջ երկրի բերքատվության մակարդակը՚,-ասել է նա:
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Սաֆարյանը բարձրացրել է ջրաօդերևութաբանական դիտարկման համակարգի բացակայության հարցը։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է, որ ծրագրի համար պետական բյուջեից հատկացրել են միջոցներ։
Համալսարանականները վստահեցրել են, որ աշխատանքում ընդգրկեն նաև հնչեցված մտահոգությունները։