comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԻԹ՝ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԻԹ՝ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հուշ-երեկո` նվիրված Բենիկ Օվչյանին և Թամարա Մելքումյանին

Այս տարի Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որն անցկացվեց մարտի 27-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում, նվիրված էր Բենիկ Օվչյանի ծննդյան 100-ամյա և Թամարա Մելքումյանի 105-ամյա հոբելյաններին։ Հայ բեմի, մասնավորապես՝ արցախյան բեմի երկու նվիրյալներ։ Նրանց համատեղ ապրած կյանքը և թատերական գործունեությունը դուրս էին սովորական պատկերացումներից։ Հիրավի, ժողովրդական արտիստներ։ Հուշ-երեկոն անցկացվեց լեփ-լեցուն դահլիճում, որտեղ մտավորականներ, թատերական արվեստի երկրպագուներ էին, որոնցից շատերը հոբելյարների խաղը տեսել էին բեմի վրա, ծափահարել էին, հուշեր և հիշողություններ ունեին` կապված նրանց հետ։

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի ու կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք։ Երևանից միջոցառմանը մասնակցելու էր եկել Երևանի Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը։
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը, ով վարում էր երեկոն, նշեց, որ Թատրոնի միջազգային օրն առիթ է նաև մեծարման ու հիշատակի, որ Բենիկ Օվչյանն ու Թամարա Մելքումյանը, բառիս մեծագույն իմաստով, արտիստներ էին, մեծ վարպետներ՝ ապրած տարիներին, մեծ՝ հիմա և ապագայում։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց` մեջբերելով Մկրտիչ Խրիմյանի հայտնի խոսքը, որ թատրոնը երկրորդ եկեղեցին է, մի տեսակ տաճար մարդկային բարքերը կրթելու համար, որ առանց մշակույթի, առանց թատրոնի ժողովուրդը չի կարող ազգ դառնալ։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ թատրոնի երիտասարդ սերունդը կշարունակի մեծերի գործը, կպահպանի ավանդույթները։
Բեմում հերթագայում, հանդես էին գալիս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ավագ սերնդի դերասանները, ովքեր խաղընկերներն էին անվանի արտիստների, միջին և երիտասարդ սերունդը, ովքեր բեմ են մտել մեծերի մասին պատմություններով, հուշերով, ակնածանքով ու պատգամներով։ Նրանք թատերականացված դրվագներով ներկայացնում են հոբելյարների կյանքն ու գործունեությունը։
Տեսաձայնագրությամբ հոբելյարների մասին խոսք են ասում Վարդան Հակոբյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը, թատերական արվեստի երկրպագուներ, ովքեր մոտիկից ծանոթ են եղել վարպետների հետ, տեսել են նրանց խաղը։ Երկու արտիստներն էլ օժտված էին աստվածատուր շնորհներով։ Ստեղծագործական թռիչք, անսահման երևակայություն, կարծրատիպերից դուրս խաղ. անկրկնելի երևույթներ, որ զարմանալիորեն գործել են մի փոքրիկ քաղաքում, շեն են պահել մայր թատրոնը։ Տոհմիկ, ավանդապահ հայ ընտանիք, օրինակելի բոլոր ժամանակների համար։ Օվչյանն ու Մելքումյանը դերասանական ռեալիստական դպրոցի վերջին մոհիկաններից էին։ Օվչյանը բոլոր ժամանակներում չփոխեց իր դավանանքը, սկզբունքները, չերկրպագեց ՙոսկե կուռքին՚։
Գրող, հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը, ով բախտ է ունեցել հոբելյարներին տեսնելու ոչ միայն բեմում, այլև հեռուստատեսային հաղորդումներ է պատրաստել, իր ելույթում ասաց, որ նրանք մեծություններ էին, մարդ և քաղաքացի։ Օվչյանը Ղարաբաղյան շարժմանն անդամագրվեց որպես առաջամարտիկ։ Այսօր էլ շատերը հիշում են նրա կրքոտ ելույթները ցույցերին ու հանրահավաքներին, հանրապետության հռչակման նստաշրջանին։
ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը, ով երկար տարիներ եղել է մայր թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, մոտիկից ծանոթ է եղել մեծ վարպետների գործունեությանը, թատրոնի ներքին ՙխոհանոցին՚, իր ելույթում նշեց, որ երկու հազարամյա պատմություն ունեցող հայ թատրոնը վկայությունն է ազգի հարատևության։ Երկու արտիստների խաղը համոզիչ, ճշմարիտ ու հավաստի էր։ Նրանք ներդաշնակ էին բեմում, կյանքում, ընտանիքում։ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին ժողովուրդն անվերապահորեն հավատում էր Օվչյանի խոսքին, նրա իմաստնությանը։
Բեմ են մտնում մայր թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի անձնակազմերը, ներկայացնում թատերականացված տեսարան` սերունդների երկխոսություն, որն անկրկնելի շտրիխներ ավելացրեց Օվչյանի և Մելքումյանի կերպարներին:
Քաջիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.-Տասնյակ տարիներ Օվչյանի և Մելքումյանի խաղընկերն եմ եղել։ Ռեժիսորները ներկայացման հաջողությունը կապում էին նրանց հետ։ Նրանց հետ մենք մեզ դերասան էինք զգում։
Սամվել ԵՎՐԻՅԱՆ.-Նրանք վարպետներ էին, արտիստներ՝ բառիս բուն իմաստով։ Օվչյանի հետ բազմաթիվ անգամներ ներկայացումների մեջ հայրուորդի, Մելքումյանի հետ՝ մայրուորդի ենք խաղացել։ Անկրկնելի, անգերազանցելի դերեր են կերտել։ Հարյուրից ավելի անգամ ՙՍկեսրոջ սնդուկն՚ ենք ներկայացրել, և Մելքումյանի ՙՍկեսուրը՚ ամեն անգամ նոր երանգներով էր ներկայանում հանդիսատեսին։ Նրանց օջախի դուռը միշտ բաց էր բոլորիս համար։ Մեծերի հետ շփվելը, նստել-վեր կենալը մեզ համար դպրոց էր, մի բան անպայման սովորում էինք` հատկապես բեմական կարգապահություն։


Սվետլանա ԹՈՎՄԱՍՅԱՆ.-Մելքումյանի ստեղծած կերպարներն իմ հիշողության մեջ են։ Նրա ձայնն առայսօր հնչում է իմ ունկերում։ Մելքումյանն ստեղծում էր խորապես ազգային-համամարդկային կերպարներ։ Մոր կերպարներ էր ստեղծում դրամատիկական և կոմիկական, անկրկնելի, իրարից տարբեր, մեկը մյուսից գունեղ։ ՙՎարդազդատ՚ ներկայացման մեջ այնպիսի զգացմունքայնություն էր հաղորդել իր մարմնավորած համր դայակի կերպարին, որ հանդիսատեսները ցնցվում էին։ Իսկ Փեփելի կերպարին (ՙՄեծ Լոռեցի՚-ում) իր երգեցիկ ձայնով զարմանալի հնչերանգներ էր տալիս. ՙՄարիամ, հե՛ Մարիամ, մի ասա, տեսնեմ՝ ես եմ շա՛շ, թե՞ մեր շաշ Փանո՛սը՚,-և դահլիճը պայթում էր ծիծաղից ու ծափահարություններից։ Տիկին Թամարան նաև խոհարարական արվեստի վարպետ էր, ինչ սիրով էր ժենգյալով հաց պատրաստում, երբ անգամ... սայլակի վրա էր։ Երկուսն էլ ուժեղ անհատականություններ էին։
Տեսաձայնագրությամբ հնչում է Օվչյանի ձայնը.
ՙԻմ արվեստով ես սպասավոր եմ, ծառա։ Թատրոնում չեն աշխատում, թատրոնին ծառայում են։ Հազար օրհնանք նրանց, ովքեր ամուր կառչած են թատրոնին և զարգացնում են հայ մշակույթը։ Գաղափարազուրկ ապրելը կործանարար է և ավելի վտանգավոր, քան թշնամին։ Ինձ հավատում են, որովհետև թե՜ կյանքում, թե՜ բեմում ժողովրդի հետ եմ։ Պատերազմը մեզ պարտադրվեց։ Մենք ընտրեցինք պայքարի ուղին։ Ունենալ պարտքի գիտակցում քո ժողովրդի, քո տան, քո գործի առաջ։ Չեմ սիրում հռետորական կեցվածք ընդունել, բայց արվեստագետի համար սրանք առաջնային են։ Շեղումներով ու խաթարումներով շրջան ապրեցինք։ Մեր դիմագիծը կորցնելու վտանգը կար։ Կռիվը՝ կռիվ, հաղթանակը՝ հաղթանակ, բայց սերունդը, երեխան պիտի դաստիարակվեն։ Խոսքը երբեմն զենքից ուժեղ է գործում։ Զենքի հաղթանակը տարանք, խոսքը մնաց դիվանագիտությանը՚։
Մայր թատրոնի գրական մասի վարիչ Կարինե Ալավերդյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Ստեփանակերտի թատրոնն ունեցել է փառահեղ ժամանակներ, ստեղծագործել են անվանի արտիստներ, ովքեր հայ խոսքն ու ազգային բարձր գաղափարներ բեմից հաղորդել են անգամ ծայրամասային բնակավայրերում ապրող հայ շինականին։ Նույն թատրոնում նոր սերունդը Շեքսպիր ու Թումանյան է խաղում, որ չընդհատվի սերունդների կապը, պահպանվեն հոգևոր արժեքները։
Չմոռանանք նշել, որ միջոցառումն սկսվել էր թատրոնի երիտասարդ դերասան Դավիթ Ղահրամանյանի` ճեմասրահում բացված լուսանկարչական ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել էր 48 աշխատանք։
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լ. Հովհաննիսյանը Բենիկ Օվչյանի անվան հատուկ մրցանակ է հանձնում Գենադի Առուշանյանին և Թամարա Մելքումյանի անվան հատուկ մրցանակ` Մարիա Խաչատրյանին, իսկ փոխնախարար Մ. Բալայանն Իսահակ Ալավերդյանի անվան մրցանակ է հանձնում Կարինե Ալավերդյանին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նվերներ և շնորհակալագրեր է հանձնում ավագ սերնդի ներկայացուցիչներին։
ՙԱյս պահին Երևանում Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառում է և ՙՎարազդատ՚ մրցանակաբաշխությունն է ընթանում, բայց ես չէի կարող չգալ Արցախ,-իր ելույթում ասաց Ե. Ղազանչյանը։ -Տասնյակ տարիներ հետ եմ գնում և հիշում զարմանալի օրեր, երկու խոշորագույն, ինչպես նաև տասնյակից ավելի անվանի դերասաններին։ Ամբողջ կյանքում ձգտել եմ հասկանալ՝ ի՞նչ է թատրոնը, ի՞նչ են մարդը, դերասանը։ Թատրոնում խրախճանք չկա, այն տառապանքի վայր է։ Դերասանությունը տառապանքի մասնագիտություն է։ Բայց մարդը փորագրում է, պիտի իր կյանքը տուն դարձնի, այլապես... Իսկական թատրոնը փոխում է կյանքը։ Հայ թատրոնը միշտ կապրի՚։ Ապա Ե. Ղազանչյանը Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալ է հանձնում Մարատ Դավթյանին, Ռուզան Խաչատրյանին, ՙՆարեկացի՚ մշակույթի կենտրոնի Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանին, պատվոգրեր` Էդուարդ Դավթյանին, Մարիաննա Գրիգորյանին, ՀՀ ԹԳՄ Ոսկե մեդալ Դավիթ Ղահրամանյանին, պատվոգիր Լենա Մաթևոսյանին։ Ընթերցվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարության շնորհավորական ուղերձը կոլեկտիվին։
Ե. Ղազանչյանը Վիլյամ Սարոյանի խոսքերի մակագրությամբ հետաքրքիր հուշանվեր հանձնեց Արցախի Նախագահ Բակո Սահակյանին։
Հուշ-երեկոն ժողովրդի հիշատակի ու սիրո արտահայտությունն էր երկու արտիստներին։
Վլադիմիր Օվչյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ասելով, որ հպարտությամբ է կրում հոր ազգանունը։