ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՙԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ՚ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի

Մարտի 14-ին Երևանում մեկնարկել է ՙԱրտ մյուզիք՚ արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնը, որին այս տարի մասնակցել են նաև Մարտունու Արամ Խաչատրյանի անվան և Ճարտարի արվեստի դպրոցների սաները և արձանագրել հաջողություններ։

Կրթօջախների վոկալի դասատու Էլեն Ղուլյանի տեղեկացմամբ՝ իր սաները տարբեր տարիքային խմբերում հանդես են եկել ակադեմիական և էստրադային երգեցողություն անվանակարգում, արդյունքում՝ Մարտունու արվեստի դպրոցի սաներ Էռնա Արզումանյանը և Լյուդմիլա Գրիգորյանը դարձել են 3-րդ կարգի դափնեկիրներ, իսկ Մարիամ Գրիգորյանը և Ճարտարի արվեստի դպրոցի սաներ Սաթենիկ Պողոսյանը, Անի Պողոսյանը և Անի Սարգսյանն արժանացել են դիպլոմների։
Փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մասսայականացմանը, արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, պատանիներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել հայկական մշակութային ժառանգությանը, ինչպես նաև երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու։
Կարևորելով նման միջոցառումների մասնակցությունը` Է.Ղուլյանը նշեց, որ այն նաև ուսուցողական դեր է կատարում. երեխաները հնարավորություն են ստանում ծանոթանալու արվեստի նշանավոր գործիչների հետ, ստանում նոր գիտելիքներ՝ բեմական կեցվածքից մինչև մասնագիտական որոշակի հմտություններ։ Չնայած այն հանգամանքին, որ նախարարությունը չէր աջակցել մասնակցության համար, այնուամենայնիվ, ծնողների, սաների և ուսուցիչների սեփական միջոցներով ներկայացան մրցույթին։ ՙՃանապարհին առկա վատ եղանակային պայմանները և փորձությունները չխանգարեցին իմ սաներին հավուր պատշաճի հանդես գալ մրցույթում։ Մինչև փառատոնին մասնակցելը կազմակերպեցինք փոքրիկ հայրենաճանաչողական էքսկուրս՝ այցելեցինք Մատենադարան և Եռաբլուր։ Ծաղիկներ խոնարհեցինք Մոնթե Մելքոնյանի և մեր մյուս նահատակների շիրիմներին, երգեցինք ՙՏեր ողորմյա՚-ն, Եռաբլուրի եկեղեցում ստացանք օրնհնություն՚,- պատմում է Է. Ղուլյանը։ Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց դպրոցի դաշնամուրի դասատու Աննա Բաղդասարյանին, ով փառատոնի ընթացքում նվագակցել է սաներին, ջանք ու եռանդ չի խնայել սաների հաջողության համար։
Մեր հանդիպման ընթացքում խոսելով կրթօջախի ակնառու հաջողությունների մասին` տնօրեն Ալվինա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ սաները պատրաստվում են տարբեր անվանակարգերում մասնակցել ապրիլի 20-ին Ստեփանակերտում կայանալիք ՙՎերածնունդ՚ միջազգային փառատոնին։
Նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթենք մեր շնորհալիներին։ Թող որ խաղաղ երկնքի ներքո նրանց առջև բացվեն մեծ բեմեր ու ցուցահանդեսներ։

;