comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ԵՆ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՎ ԵՆ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Հարուստ պատմություն ու ակնառու հաջողություններ ունեցող Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը (ՄՊՍԿ) 1934 թվականից շրջկենտրոնում գործող պիոներների տան հիմքի վրա է ստեղծվել` տարեցտարի ընդլայնելով գործունեության ծիրն ու դառնալով ոչ միայն հարազատ շրջանում հայտնի ու գեղագիտական դաստիարակության լավագույն փորձ ունեցող կրթօջախ: Տարիներ ի վեր Կենտրոնը ղեկավարում է Իրինա Թամրազյանը, ով իր կյանքի շուրջ չորս տասնամյակը նվիրել է շրջանի մշակութային կյանքն աշխուժացնելու գործին, որից մեկ տասնամյակը շրջանի մշակույթի բաժնի ղեկավար: Այսօր Ի. Թամրազյանի համար Կենտրոնը հարազատ տուն է, երեխաների մոտ գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողությունը, ճանաչողական և ստեղծագործական ընդունակությունների զարգացումը` կյանքի գործ:

ՄՊՍԿ 38 խմբակ հաճախող 475 սաներից շատերն այստեղ ընտրում են իրենց կյանքի ուղին, հաղորդակցվում հետաքրքիր մասնագիտությունների հետ, շատերը սովորում եւ ընտրում են նաեւ իրենց ապագա մասնագիտությունը: Կենտրոնն իր գործունեությունը տարածել է նաև շրջանի մի շարք համայնքներում` նոր սերնդին հասու դարձնելով գեղարվեստի այբուբենը: Նախորդ տարվա վերջին տնօրենն ամենահամարձակ մտահղացումն է կարողացել իրականություն դարձնել. սահմանապահ Մեխակավանում սկսել է գործել մասնաճյուղ` 110 երեխայի ընդգրկմամբ: ՙՄեր Կենտրոնի գործունեության նպատակը միշտ նույնն է` սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել գեղագիտական ճաշակ, կրթել ու մեծացնել այնպիսի սերունդ, որն ընդունակ լինի ոչ միայն տեր կանգնել անցյալի մշակութային ժառանգությանը, մեր անզուգական հին արհեստներին, այլև պահպանել ու զարգացնել արցախյանը՚: Այդ նպատակին հասնելու համար Կենտրոնում գործող խմբակները տարեցտարի ընդլայնվել են, այժմ առկա ԵՆ գեղարվեստի, գեղարվեստական արհեստի և տեխնիկական ստեղծագործության բաժիններ:
Այստեղ հաճախող երեխաներն ընդգրկված են գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, ասեղնագործության, ասեղնագործ գորգի, ՙշաթալ՚ ազգային գուլպայի, պարի, դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի և այլ խմբակներում: Կենտրոնը շրջանի 9 համայնքներում գործող տարբեր խմբակներ ունի: Մեծ Թաղերի գորգագործության խմբակն այս տարի կընդլայնվի և կգործի որպես գորգագործական արտադրամաս: Բարերար Գրիգորի Գաբրիելյանցի օգնությամբ արդեն ձեռք է բերվել երկու հաստոց: Ըստ Ի. Թամրազյանի, Մեծ Թաղերը միշտ էլ հայտնի է եղել գորգագործության վարպետներով, որոնք այսօր էլ կան ու կնպաստեն արտադրության կայացմանը:
Մնացած կենտրոնների նման Հադրութի ՄՊՍԿ-ն ևս ֆինանսական միջոցների և նյութական բազայի սղություն է զգում` չնայած տարեցտարի ավելացել են խմբակներին հատկացվող գումարները: Երբեմն անհատ բարերարներն են օգնում, նպատակային է օգտագործվում նաև ցուցահանդեսներին վաճառված աշխատանքների գումարը: Այս օրերին կրթարանի ղեկավարը զբաղված է Ապրիլի 10-ին Գյումրիում մեկնարկելիք արվեստի ՙՎերածնունդ՚ մրցույթ-փառատոնին մասնակցելու համար միջոցներ գտնելու գործով: Խոսելով այլ խնդիրների մասին` Կենտրոնի ղեկավարը նշեց, որ մանկավարժներն աշխատում են մանր խնդիրներն անտեսել, այլապես աշխատանքն առաջ չի գնա: Պարարվեստի պարապմունքները 3 խմբերով ընթանում են սովորական սենյակում, որտեղ վերջերս են հայելիներ տեղադրվել: Կենտրոնը տեղակայված է Հադրութի մշակույթի պալատում` զբաղեցնելով երկրորդ հարկի մի քանի սենյակներ, նեղլիկ ու երկար միջանցքը ծառայում է որպես մանկական ցուցասրահ, որտեղ ցուցադրված են սաների աշխատանքները:
Ըստ Ի. Թամրազյանի՝ ընթացիկ տարում նախատեսված է ընդլայնել Կենտրոնին հատկացված տարածքը: Շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա իրականացնել մանկավարժների վաղեմի երազանքը՝ ստեղծել թանգարան, որտեղ ցուցադրության կդրվեն կրթամշակութային հաստատության անցած ողջ ուղին խորհրդանշող ազգային նմուշները, կկազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ` մրցույթներ, հանդիպումներ, անհատական ու միասնական ցուցահանդեսներ: Կգործի նաև մանկական առանձին ցուցասրահ:
Ամեն աշխատանք իր արդյունքով է գնահատվում, և ամեն ոք ջանում է իր աշխատանքի արդյունքը հավուր պատշաճի ներկայացնել: Այս առումով պետք է նշել, որ Կենտրոնի սաները միշտ եղել են թե՜ շրջանային ու հանրապետական, թե՜ համահայկական մրցույթների ու փառատոների ակտիվ մասնակիցներ, որտեղ բազմիցս հաղթող են ճանաչվել: Նրանք Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի հետ համերգներով հանդես են եկել հանրապետության գրեթե բոլոր զորամասերում: Մեկ տարի առաջ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված ՙԱրցախյան գորգարվեստ՚ հանրապետական մրցույթում Հադրութի պատանի գորգարգործներն առաջին տեղն են գրավել: Սեպտեմբերին Երևանում ՀՀ անկախության օրվան նվիրված ցուցահանդես-փառատոնին ներկայացված աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում: Մասնակցել են նաև նախորդ տարում Դիլիջանում կազմակերպված արհեստների ու արվեստների փառատոնին: ՄՊՍԿ սաների աշխատանքների մշտական ցուցադրությունն ու վաճառքը ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության օգնությամբ իրականացնում է Երևանում գործող ՙԱրցախ՚ խանութ-սրահը: Արցախում և Հայաստանում ՙշաթալ՚ գուլպաների մեծ պահանջարկ կա. դրանց յուրօրինակ նախշերը ժամանակին միայն Դիզակի վարպետներին էին հայտնի: ՙՄեր կենտրոնի խմբակավարները տարիներ շարունակ Հադրութի գյուղերում հավաքել են ամենահին նախշերով գործերը, որպեսզի իրենց աշակերտներին սովորեցնեն վերարտադրել դրանք: Մեր սաներն արդեն ոչ միայն արցախյան գորգագործության և ասեղնագործության առանձնահատկություններին են տեղյակ, այլև կարողանում են հայտնաբերել իրենց շրջանին հատուկ նախշերն ու գույները՚,-վստահեցնում է Ի. Թամրազյանը: Կենտրոնը համագործակցում է ՀՀ-ում գործող ՙՀանգույց՚ հիմնադրամի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հետ: Ասեղնագործ գորգերի էսքիզների ընտրության ժամանակ նրանց օգնում է ՀՀ ժողովրդական վարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը:
Կենտրոնի սաները հաջողությամբ հանդես են եկել նախորդ տարվա հոկտեմբերին կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով մրցույթի ոգուն համահունչ` ֆրանսիական թեմայով ստեղծագործություններ: Մինչ այդ Ստեփանակերտում ներկայացրել են Անրի Վեռնոյի ՙՄայրիկ՚ կինոնկարի երաժշտության մոտիվներով ՙԿյանքի ճանապարհ՚ և ֆրանսիական ՙՏիկնիկներ՚ պարերը՝ 8 տարբեր մասնակից խմբերի մեջ գրավելով առաջին տեղը: Այդ փառատոնին Կենտրոնը ներկայացել է նաև ֆրանսիական և հայկական մոտիվներով երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով, որի ավարտին Վալանս և Առնովիլ քաղաքների պատվիրակությունները հանդիպել են Կենտրոնի կոլեկտիվի ներկայացուցիչներին, իրենց զարմանքն ու հիացմունքը հայտնել Կենտրոնի սաների ունակությունների մասին: Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության լրագրողները նաև այցելել են Հադրութ, եղել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, ծանոթացել կազմակերպված ցուցահանդեսին, որի ընթացքում Կենտրոնի երեխաները հանդես են եկել համերգով:
Ի. Թամրազյանը հատկապես ոգևորված է Մեխակավանի մասնաճյուղի հեռանկարներով և որոշել է թոշակի անցնելուց հետո մշտական բնակություն հաստատել և դասավանդել այդ մասնաճյուղում: Մասնաճյուը լուրջ հեռանկարներ ունի բրուտագործության խմբերում. կրթարանի բացմանը հանրապետության Նախագահը Կենտրոնին կավագործական վառարան է նվիրել, որի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Շուտով այդտեղ կսկսի գործել նաև ավիամոդելավորման խմբակ, որը վարելու է ժամկետային զինծառայող-մասնագետը, արդեն այդ ուղղությամբ պայմանավորվածություն կա զորամասի հրամանատարության հետ: Գործում են նաև երգեցողության և թատերական խմբեր՝ Երևանի կոնսերվատորիան ու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտած զինվորների օգնությամբ: ՙՄեր մասնաճյուղի ստեղծմամբ նոր ու ավելի ջերմ հարաբերություններ են ստեղծվել սահմանը պահող զորամասի և ավանի բնակչության միջև,- նկատում է Ի. Թամրազյանը: - Մեր ներկայությունն այնտեղ հավասարապես ոգևորում է թե՜ զինվորներին, թե՜ աճող սերնդին: Մեխակավանը ես պատկերացնում եմ որպես ապագայի մեծ քաղաք, որը կառուցողներից մեկն էլ մենք պիտի լինենք, որովհետև նաև արվեստով են երկիր կառուցում՚:
;