comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Logo
Print this page

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ցուցահանդես` նվիրված Արամ Մանուկյանի 140-ամյակին
Մարտի 29-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից, Ստեփանակերտի հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառումն իրականացվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ:
Ցուցահանդեսում ներկայացված են հայկական պետականության հիմնադիր, քաղաքական, ռազմական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության մասին վկայող արժեքավոր արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան), ով ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշիում, այնուամենայնիվ, հիմնական գործունեությունը ծավալել է հայրենիքի այլ շրջաններում` ֆիդայական պայքարից մինչև պետականության կերտում, Վանի նահանգապետությունից մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակում, պաշտպանություն ու կայացում:
Ցուցահանդեսի բացմանը ներածական խոսքով հանդես եկավ ԱՀ մշակույթի, երիտասարդություն հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, ով անհրաժեշտ համարեց նման միջոցառումները մատաղ սերնդի դաստիարակման գործում: ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր ելույթում կարևորեց Արամ Մանուկյանի պետական մտածողությունը: ՙՆա կազմակերպեց Վանի ինքնապաշտպանությունը և նշանակվեց Վանի նահանգապետ: Այդ 72 օրերի ընթացքում նա այնպիսի գործեր կատարեց, ինչը կարող էր անել միայն ու միայն պետական, քաղաքական գործիչը: Եվ այդ փորձը Արամը գործադրեց 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման ժամանակ՚,- ասաց նա:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն իր խոսքում կարևորեց հայ մեծանուն պետական գործչի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպումն Արցախում: ՙԵթե Արամը կենդանի մնար, պատմությունը կարող էր ուրիշ կերպ ընթանալ,-ասաց նա:-Նրա կյանքը կապված է եղել երեք քաղաքների հետ` Շուշիի, որտեղ նա ծնվել և նախնական կրթություն է ստացել, Երևանի, որտեղ նա շարունակել է իր հետագա կրթությունը և 1918թ. կազմակերպել Սարդարապատի ճակատամարտը, Մայիսյան հերոսամարտերը և դարձել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարարը: Երրորդ քաղաքը Վանն էր, որտեղ անցավ նրա կյանքի հիմնական մասը, և որին նա անսահման նվիրված էր՚,- եզրափակեց իր ելույթը Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ ներքին գործերի նախարարն այն ժամանակ կազմակերպում էր կյանքի շատ ոլորտներ և դժվարին օրերին, ծանր պայմաններում նա, փաստորեն, կարողացավ ապահովել Հայաստանի Հանրապետության գոյությունը:
Ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված ցուցանմուշները: Ինչպես հավաստիացրեց Ամատունի Վիրաբյանը, Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ցուցահանդեսին ներկայացված բոլոր փաստաթղթերը պահվելու են Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.