comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՂ ԱՅՆ ԴԱՌՆԱ ԲՈԼՈՐԻ ՏՈՆԸ...
Logo
Print this page

ԹՈՂ ԱՅՆ ԴԱՌՆԱ ԲՈԼՈՐԻ ՏՈՆԸ...

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Տիկնիկային թատրոնը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել մշակույթի պատմության մեջ դեռևս հնագույն ժամանակներից։ Ի՞նչ հաջողություններ է արձանագրել և ի՞նչ խնդիրներ ունի այսօր Շուշիի տիկնիկային ու Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը. Մեզ հետ զրույցում այս և այլ հարցերին են անդրադարձել՝ թատրոնի տնօրեն Աշխեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու ադմինիստրատոր Լիլիթ ՄԿՐՏՉՅԱՆԸ.

- Աշխեն, նախ, ինչպե՞ս նշեցիք Տիկնիկային թատրոնի միջազգային օրը։
-Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրն Արցախում հիմնադրման պահից ի վեր ամեն տարի տոնվում է մեծ ոգևորությամբ և հնարավորինս շուքով, սակայն, ցավով պետք է նշեմ, որ բացի տիկնիկային արվեստի գործիչներից, հանրության և պատասխանատու կառույցների կողմից այն մինչ օրս էլ անտեսված է մնում։ Օրինակ, Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, ԱՀ ներկա և նախկին բոլոր մշակույթի նախարարներն ավանդույթի համաձայն պաշտոնական շնորհավորական ուղերձ են հղում թատերական գործիչներին, մասնակցություն ցուցաբերում տոնական միջոցառումներին, պատվորգրերի, շնորհավորագրերի միջոցով ուշադրության կենտրոնում պահում ոլորտի աշխատակիցներին, որն, իրոք, կարևոր և ոգևորող է թատերական գործիչների համար։
Իսկ ահա Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը տոն է միայն մեզ համար. ինքներս մեզ համար միջոցառում ենք կազմակերպում, միմյանց շնորհավորում, իսկ լավագույն դեպքում՝ որոշ լրատվամիջոցներ լուսաբանում են։ Անկախ ամեն ինչից , ամեն տարի բոլոր հնարավոր տարբերակներով փորձում ենք բարձրաձայնել մեր մասնագիտական տոնի մասին։ Չգիտեմ, գուցե պատճառն այն է, որ Տիկնիկային արվեստի միջզային օրը համեմատաբար նոր տոն է, այն ընդամենը 19 տարվա պատմություն ունի։ Հուսով ենք, որ այն կդառնա բոլորի տոնը:
- Իսկ ե՞րբ դրվեցին տիկնիկային թատրոնի հիմքերը բերդաքաղաքում։
-Տիկնիկային արվեստի հիմքերը Շուշիում դրվել են ազատագրումից գրեթե անմիջապես հետո։ Գորիսից ժամանած Ռոբերտ Աղաջանյանի նախաձեռնությամբ Արամ Մանուկյան վարժարանում ստեղծվեց տիկնիկային խմբակ, որը կարճ ժամանակ անց ստացավ Երվանդ Մանարյանի անունը։ Շուտով Ռոբերտ Աղաջանյանը, կիսատ թողնելով սկսած գործը, գնաց, և տիկնիկային արվեստի ճակատագիրը մնաց Կարինե Մաղաքյանի ձեռքերում։ 1994թ.-ից Կարինե Մաղաքյանը, մի խումբ երեխաներ համախմբելով, որոնցից մեկն, ի դեպ, ես էի, Շուշիի կիսավեր տներից մեկում՝ հասարակական հիմունքներով շարունակեց Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային խմբակի գործունեությունը։ Բացարձակապես որևէ պայման չկար, բացառությամբ Կարինե Մաղաքյանի անսպառ նվիրումը՝ տիկնիկային արվեստին, հետպատերազմյան Արցախի խոցված հոգեբանությամբ երեխաներին տիկնիկների միջոցով հեքիաթ նվիրելու նրա մեծ ցանկությունը։ Ռ. Աղաջանյանից մնացել էին նաև որոշ տիկնիկներ, պարան և մի արկղ, որտեղ մկներին կեր չդառնալու համար խնամքով պահվում էին տիկնիկները։ Առաջին բեմադրությունը ՙՊոչատ աղվեսը՚ տիկնիկային ներկայացումն էր, որով մասնակցություն ունեցանք Երևանում կազմակերպված տիկնիկային արվեստի միջազգային ամենամյա փառատոնին։ Ոգևորվելով ՀՀ տիկնիկային արվեստի գործիչների և միության նախագահ Ա. Սաֆարյանի դրական արձագանքից, վերադարձանք և մեկը մյուսի հետևից բեմադրվեցին մի շարք ներկայացումներ։ Տիկնիկային արվեստի հերթական միջազգային փառատոնին, մեր՝ ՙՈսկի քաղաքը՚ բավականին հաջողված ներկայացման տպավորությամբ, ՀՀ տիկնիկային արվեստի գործիչները շնորհակալական նամակ գրեցին ԼՂՀ մշակույթի նախարարին և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին` առաջարկելով թատրոնին տալ պետական կարգավիճակ։ Եվ ահա 2000 թվականին Կարինե Մաղաքյանի համառ ջանքերի շնորհիվ, Շուշիի տիկնիկային թատրոնը դարձավ ՙՇուշիի Երվանդ Մանարյանի անվան պետական տիկնիկային թատրոն՚ ՊՈԱԿ։ Յոթ տարի հետո, երբ հասարակական հիմունքներով գործող խմբակի սաներս արդեն երիտասարդ էինք և պետական տիկնիկային թատրոնի աշխատակիցներ էինք, երբ նոր էինք սկսել հասկանալ մեր արած գործի կարևորությունը և պիտի տեր կանգնեինք Կարինե Մաղաքյանի սկսած գործին ու շարունակեինք այն, ԼՂՀ կառավարության որոշման համաձայն Շուշիի Երվանդ Մանարյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ միաձուլվելով Շուշիում գործող մանկապատանեկան և դրամատիկական թատրոնների հետ, դարձավ նախ ՙԱստղիկ՚ մանկապատանեկան, ապա ՙՄկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն՚ ՊՈԱԿ, որը, ունենալով ընդամենը 24 հաստիք, որոնցից միայն 8-ն էին դերասանի, պետք է բեմադրեր թե՜ տիկնիկային, թե՜ մանկապատանեկան և թե՜ դրամատիկ ներկայացումներ, ասել է թե` իր վրա վերցներ 3 թատրոնների բեռը։ Փաստորեն 2008թ.-ից մինչ օրս Արցախում պետական տիկնիկային առանձին թատրոն չկա, սա ասում եմ սրտի մեծ ցավով, որովհետև 24 հաստիք ունեցող թատրոնը որքան էլ ջանա, երեք տարբեր ուղղություններից և ոչ մեկում էլ չի կարող լիարժեք դրսևորվել։ Հատկապես երբ ռեսուրսները չափազանց քիչ են, իսկ աշխատանքային բեռը՝ մեծ։
Ցավալի է փաստել սա, բայց տիկնիկային արվեստի ճակատագիրն այսօր կախված է միայն ու միայն նվիրյալ անհատներից, որոնց կարելի է մատների վրա հաշվել։ Այսօր կան այդ նվիրյալները, տիկնիկային արվեստը գոյատևում է, որոշ դեպքերում նույնիսկ հաջողություններ արձանագրում՝ համառ կաթիլը, ասում են, քար է ծակում, չէ՞։
-Լիլիթ, Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնն արդեն 11 տարեկան է։ Այս տարիների Ձեր խաղացանկն ինչպիսի՞ն էր, ի՞նչ բեմադրություններ եք ներկայացրել և դրանցից ո՞րը կառանձնացնեիք` որպես հիմք հետագա գործունեության համար։
Ինչպիսի՞ հաճախականությամբ եք ներկայացումներ ունենում։
- 2008թ-ից ի վեր Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում բեմադրվել է թվով 10 տիկնիկային ներկայացում, որոնցից 7-ն այսօր խաղացանկային է։ 2014թ.-ից Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար ՝Նարինե Աղաբալյանի աջակցությամբ , Շուշիում գործում է տիկնիկային ներկայացումների դահլիճ, որտեղ մանուկ և պատանի հանդիսատեսը յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 16։00-ին կարող է տիկնիկային ներկայացում դիտել։ Բացի շաբաթօրյա ներկայացումներից թատրոնը նաև ակտիվ հյուրախաղեր է ունենում ԱՀ և ՀՀ քաղաքներում ու գյուղերում։ 2018թ.-ին թատրոնը ՙՀայ մուկը՚ և ՙՁնեմարդը՚ տիկնիկային ներկայացումներով Համազգայինի ՙՔնար՚ պարախմբի վարչության հրավերով հյուրախաղեր ունեցավ նաև Լիբանանում։ Սա նույնպես պիտի ձեռքբերում համարել, որովհետև թատրոնն առաջին անգամ էր հյուրախաղերով մեկնում արտերկիր։

Զրուցակիցներիս հավաստմամբ՝ տիկնիկային արվեստն Արցախում այսօր որոշ հաջողություններ է արձանագրում և զարգանալու մեծ ներուժ ունի։ Այդ հաջողություններին տեր կանգնել է պետք և նպաստել հետագա զարգացմանը:
Նշենք նաև, որ վերջին տարիներին բավականին բարելավվել են թատրոնի շենքային պայմանները. հարմարավետ պահեստներ, փորձասենյակներ և տիկնիկային ներկայացումների մեծ դահլիճ։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.