comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՏԵԼԻՔԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է
Logo
Print this page

ԳԻՏԵԼԻՔԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հասմիկ Գրիգորի Գալստյանն Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ է, կենսաբանական գիտությունների դոկտոր: Առաջին կին դոկտորն Արցախում: Նորանկախ մեր հանրապետությունում գիտության զարգացման հեռանկարների, հիմնախնդիրների և հարակից հարցերի շուրջ էլ զրուցեցինք երիտասարդ գիտնականի հետ:

-Տիկին Գալստյան, Դուք ընտրել եք գիտության ճանապարհը և երիտասարդ տարիքում հասել
գիտական բարձր աստիճանի: Ի՞նչն է ՁԵզ մղել ընտրելու այդ ճանապարհը. գիտության ՙկարծր գրանիտը կրծելու՚ ցանկությո՞ւնը, փայլուն կարիերա ունենալու հեռանկա՞րը, թե՞…
-Անկեղծ ասած, ի սկզբանե ես նպատակ ունեի ընդունվել բժշկական համալսարան և դառնալ բժիշկ-նեոնատոլոգ, բայց որոշ հանգամանքների թելադրանքով ընկա կենսաբանության բաժին: Առաջին տարում դժվար էի հարմարվում, բայց հետագա տարիներին սկսեցի կենսաբանությունն ավելի սիրել և արդեն ավարտական կուրսերում այն ինձ այնքան հետաքրքրեց, որ նույնիսկ մտածեցի, որ իմ` կենսաբանության բաժին ընդունվելը պատահական չէր:
-Կարծում եմ` կենսաբանությունն այնքան էլ հեռու չէ բժշկական մասնագիտությունից:
-Այո, մասնավորապես իմ ընտրած բնագավառը` մարդու ֆիզիոլոգիան, որը բժշկության, հոգեբանության և մանկավարժության հիմքն է: Այդ նախասիրությամբ, բուհն ավարտելուց անմիջապես հետո, ընդունվեցի ԱրՊՀ ասպիրանտուրան ու երեք տարի անց ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն` ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնպես ստացվեց, որ հետագա տարիներին իմ հետազոտական աշխատանքները շարունակություն ունեցան, և հասունացավ դոկտորական ատենախոսության թեմայի ձևակերպման անհրաժեշտությունը: Արդյունքում 2016թ. դեկտեմբերին նույն ինստիտուտում պաշտպանեցի ՙԼեռնային Ղարաբաղի դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի և այն ձևավորող գործոնների պոպուլյացիոն մոնիտորինգի ֆիզիոլոգիական ասպեկտները՚ խորագրով գիտական աշխատանքը, ստացա կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
-Հետաքրքիր թեմա է, երևի առիթ կունենանք առանձին զրույց ունենալ դրա շուրջ: Հավանաբար Ձեր մեջ խոսում է անվերջ պրպտող, հետազոտող գիտնականի ջիղը:
- Այո, տարիքային ֆիզիոլոգիային առնչվող թեմաները շատ հետաքրքիր են: Ընդանրապես, ես սիրում եմ ամեն ինչ վերլուծել և գտնել խնդրի լուծման ուղիները: Կարևորում եմ նաև արցախյան գործոնը. Արցախում գիտություն զարգացնելը հանրօգուտ և հայրենանվեր գործ է: Եթե իմ նպատակը լիներ պարզապես աշխատանքի բերումով գիտական աստիճան ունենալը, երևի կսահմանափակվեի թեկնածուականով, մանավանդ որ գիտությամբ զբաղվելու համար շահագրգռող շատ հանգամանքներ էլ դեռ չկան: Բայց ուրիշ բան է, երբ լրջորեն խորանում ես հետազոտական աշխատանքի մեջ, տեսնում հիմնախնդիրը և դրա լուծման ազգանպաստ նշանակությունը, հասկանում, որ ինքդ խթան պետք է հանդիսանաս տվյալ ոլորտի զարգացման գործում: Ավելի պատասխանատու ես զգում այն գիտակցումից, որ քեզանից ևս ինչ-որ բան է կախված հօգուտ քո երկրի:
- Տեղյակ ենք, որ վերջերս Ձեր ամբիոնի լաբորատորիան հագեցել է արդիական սարքավորումներով:
-Անցած տարի ներկայացրել էինք մի ծրագիր` ՙԿենսաբանության արդիականցումն Արցախում՚, որը հավանության է արժանացել և հաստատվել: Ծրագրի արդիականությունը հիմնավորվել է նրանով, որ լաբորատոր նյութատեխնիկական բազայի բացակայությունը ԱրՊՀ-ի կենսաբանության բաժնում շատ բացասաբար է անդրադառնում ինչպես դիմորդների քանակի, այնպես էլ շրջանավարտների մասնագիտական որակավորման վրա, ներկայացնելով հրատապ սարքավորումների ցանկը: Այսօր արդեն սկսվել է լաբորատորիայի շահագործումը: Սարքավորումների համառոտ թվարկումն իսկ արդեն պատկերացում կկազմի, թե լաբորատորիան այսօր ինչ ՙզինվածություն՚ ունի. դյուրատար սրտագրիչ, բիոսկոպ, թվային մանրադիտակ, ավտոկլավ, քարշիչ պահարան, ջրի թորիչ սարք, ռեցերկուլյատոր և այլն: Մինչ այդ անցյալ տարի Միխայիլ Տամարկինը Մոսկվայից, շվեյցարացի գործընկերների հետ միասին, մեզ է տրամադրել ցենտրիֆուգ, թերմոստատ և մինի շեյկերներ: Բացի դրանից, լաբորատորիան համալրվել է ժամանակակից էկրանով և երկու համակարգիչներով:
Լաբորատորիան ունի մեծ ուսումնագիտական նշանակություն, մենք կարողանում ենք ժամանակակից ձևով անցկացնել մեր դասախոսությունները, շուտով նաև լաբորատոր պատապմունքները, հնարավորություն է ընձեռվել տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ: Բացի դրանից, մենք միշտ խնդիրներ ենք ունեցել ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի համար նյութի հայթայթման հետ կապված: Հիմա մեր ուսանողները տեղում կարող են փորձեր կատարել, արդյունքներ ստանալ, դրանց հիման վրա հետագայում գուցե նաև կլինեն հետաքրքիր առաջարկներ: Քանի որ մեր ուսանողների մի ազդեցիկ մասը բժշկական ոլորտի պոտենցիալ աշխատողներ են, ուստի շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ ուսանողները մեզ մոտ հնարավորություն կունենան ծանոթանալ ունեցած սարքավորումների հետ աշխատելու սկզբունքներին:
-Դուք` որպես դասախոս, երիտասարդների մոտ նկատո՞ւմ եք գիտությամբ զբաղվելու ցանկություն, գիտությունը հրապուրո՞ւմ է նրանց:
- Ճիշտ չի լինի ասել, թե մեր երիտասարդներն անտարբեր են գիտության նկատմամբ, փառք Աստծո, գիտությունը կարծես թե դրված է արցախցու գեներում: Ուզում եմ նաև նշել, որ մեր երիտասարդները շատ պրպտուն են, հետաքրքրասեր, սակայն գիտության ուղին ընտրելու ժամանակ ինչ-որ պասիվություն է նկատվում, ինչը երևի թե կապված է սոցիալական գործոնի հետ: Տարբեր տեսակի խրախուսումները երիտասարդներին դեպի գիտությունը բերող խթան են և միջոցներից մեկը: Եթե Արցախում էլ ավելի բարելավվեն պայմանները տեղում գիտական միտքը զարգացնելու համար, կարծում եմ` եղած պոտենցիալն ավելին կներգրավվի գիտության մեջ և կմնա Արցախում:
- Կանանց միամսյակի կապակցությամբ մեզ թույլ տանք մի քիչ էլ շեղումներ. Դուք համակրելի եք, գեղեցիկ ընտանիք ունեք, սիրված կին եք և երեք դուստրերի մայր, ու դրա հետ մեկտեղ` խոստումնալից գիտնական: Մի՞թե Ձեր անձնական օրինակը դեր չի խաղում ուսանողներին` հետևելու Ձեզ:
-Իհարկե, հայ կնոջ համար ամենակարևորը ընտանիքն է և այնտեղ սիրո և բարության մթնոլորտի ստեղծումը: Սակայն կնոջ առաքելությունը դրանով չի սահմանափակվում: Կոնկրետ ես շատ եմ սիրում իմ գործն ու հաճույքով եմ այն կատարում: Միաժամանակ, մենք, նաև մեր սեփական օրինակով, դաստիարակչական աշխատանք եմ տանում ուսանողության շրջանում: Միշտ աշխատում եմ նայել ուսանողներին բարյացակամ աչքով, անհրաժեշտության դեպքում կիսվել մասնագիտական փորձից ստացած կարևոր խորհուրդներով: Մղում եմ երիտասարդներին, ըստ իս, ամենակարևորին` լինել երկրին և ընտանիքին պիտանի լավ մարդ և գրագետ մասնագետ: Ձգտում եմ հմտացնել նրանց վերլուծական մտածողությունը և հետազոտական ջիղը: Բացի դրանից, միշտ բերում եմ ռուս նեյրոֆիզիոլոգ Բեխտերյովայի օրինակը` ակտիվ ուղեղը նման է մեգապոլիսի, որտեղ անընդհատ նոր կապեր են ստեղծում բազմաթիվ բջիջների միջև, ուստի լսեք, սովորեք, վերարտադրեք, աշխատեցրեք ձեր ուղեղը, իհարկե, չգերծանրաբեռնելով այն: Դա օգտակար է բոլոր տեսանկյուններից, առաջին հերթին` ձեր օրգանիզմի կենսագործունեության համար:
Սովորողների գիտակցությանը պետք է անընդհատ հասցնենք, որ գիտելիքը հզոր զենք է, մեր սահմանները պահելու ևս մի միջոց: Չէ՞ որ նյութական արժեք ստեղծելը դեռ կյանքի գերնպատակ չէ: Իսկ գիտությունն ամեն ինչի հիմքն է, մանավանդ այնպիսի պետության համար, որպիսին Արցախի Հանրապետությունն է:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.