comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Logo
Print this page

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Արցախի պետական կամերայինը 15 տարեկան է
Ապրիլի 1-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում հանդես եկավ Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ: Այս տարվա առաջին համերգը նվագախումբը նվիրեց իր հիմնադրման 15-ամյակին: Տոնական համերգն իրենց ներկայությամբ պատվել էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Համերգային ծրագիրը նվագախումբն սկսեց Սիմոն Սարգսյանի ՙՀավերժ հիշատակ՚ ստեղծագործությամբ, որ գրվել է հեղինակի կողմից` ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Արցախցի երիտասարդ ջութակահարներ Դավիթ Հակոբյանի և Դիանա Մեսրոպյանի գեղեցիկ և հուզումնալից կատարմամբ հնչեց Բախի հռչակավոր Կոնցերտը երկու ջութակների և նվագախմբի համար: Ելույթ ունեցավ նաև պատանի ջութակահարների համույթը` նվագախմբի հետ մեկտեղ կատարելով Թաթուլ Ալթունյանի ՙՔոչարի՚ պարի մշակումը: Դահլիճը մեծ ջերմությամբ ունկնդրեց Տիգրան Մանսուրյանի` ֆիլմերի համար գրված երաժշտության համադրումը: Հնչեցին նաև Կոմիտասի ՙՎաղարշապատի պար՚-ը, Առնո Բաբաջանյանի ՙՖանտազիա՚-ն, Արամ Խաչատրյանի ՙՈւզունդարա՚-ն` ՙԳայանե՚ բալետից, հանրահայտ Վալսը` Լերմոնտովի ՙՄասկարադ՚ դրամայից, ՙԱդաջիո՚-ն` ՙՍպարտակ՚ բալետից: Եվ յուրաքանչյուր կատարում արժանանում էր հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել: Արցախի պետական կամերային նվագախումբը ստեղծված օրվանից միանգամից մտավ մայրաքաղաքի մշակութային կյանք` այն էականորեն փոխելով, հարստացնելով հաճախ տրվող կենդանի համերգներով: Հիշենք այն օրը. 2004 թիվ, հոկտեմբեր ամիս, մի ամիս դեռ չանցած` առաջին համերգ, իսկ հետագայում` բազմաթիվ համերգներ: Ամենաուշագրավն էլ այն էր, որ յուրաքանչյուր համերգի նվագախումբը ներկայացնում էր նոր ծրագիր, հրավիրում ճանաչված երաժիշտների, երգիչների` դրանով իսկ մշակութային կյանքը բարձրացնելով նոր մակարդակի: Նվիրված ու մանրակրկիտ աշխատանքով մաեստրո Մուրադյանը նվաճեց ստեփանակերտցիների սրտերը: Բարձրաճաշակ կենդանի համերգներով, դասական երաժշտության գոհարների գեղեցիկ կատարումներով նվագախումբը պարգևում էր անմոռանալի պահեր:
Արցախի Հանրապետության իշխանությունները` բարձր գնահատելով Գևորգ Մուրադյանի արդյունավետ գործունեությունը, 2009-ին նրան շնորհեցին ԱՀ վաստակավոր արտիստի, իսկ 2017-ին` ժողովրդական արտիստի կոչումներ: Իսկ իր ամենամեծ նվաճումը, գտնում է մաեստրո Մուրադյանը, նվագախմբում ընդգրկված արցախցի ջութակահարներն են: Նվագախմբի հիմնադրման հենց առաջին օրվանից, անթաքույց հպարտությամբ բեմից ընդգծում է խմբի անփոփոխ ղեկավարը, նա ընդգրկեց նաև արցախցի ջութակահարների, իսկ Երևանից եկած արհեստավարժ երաժիշտների օգնությամբ դաստիարակեց տեղացի ջութակահարների նոր սերունդ: Այս սերնդի երաժիշտներն ուսումը շարունակեցին Երևանի պետկոնսերվատորիայում, վերադարձան և իրենց ուրույն տեղը գրավեցին նվագախմբում` առաջին և երկրորդ ջութակների կազմում: Իսկ այդ օրվա համերգին մասնակցած լարային համույթի պատանի ջութակահարներին մաեստրո Մուրադյանը համարում է նվագախմբի հուսալի ապագան: Արցախի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն այսպիսի երաժիշտներ պատրաստելու առաքելությունն է համարում իր ամենակարևոր գործն Արցախում:
Համերգին ներկա ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր շնորհավորական խոսքում բարձր գնահատեց նվագախմբի 15-ամյա գործունեությունը: ՙԱրցախի պետական կամերային նվագախումբը, նախ նոր նրբերանգ, ապա` նոր որակ հաղորդեց արցախյան, մասնավորապես` մայրաքաղաքային մշակութային կյանքին,- ընդգծեց նախարարը:-Անցնելով կայացման բավականին բարդ ուղի` այն այսօր հանդես է գալիս հրաշալի երաժիշտների կազմով, որի հիմնական մասն արդեն արցախցի երիտասարդ երաժիշտներ են: Կամերային նվագախումբը տարիների ընթացքում կրթել է իր հանդիսատեսին և այսօր` 15 տարի անց, վայելում է նրա սերը: Նվագախմբի յուրաքանչյուր համերգ սպասված տոն է արցախցիների համար ու մշակութային կրթության ուղենիշ: Նվագախմբի կայացման գործում անգնահատելի է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի դերը, ով ժամանակին մեծ խանդավառությամբ ընդունեց Արցախ գալու առաջարկն ու նույն խանդավառությամբ աշխատում է մինչ օրս՚:
Լ. Հովհաննիսյանը շնորհավորեց Արցախի պետական կամերային նվագախմբին` 15-ամյա գործունեության առթիվ և մաղթեց ձեռքբերումներ նաև համաշխարհային բեմերում:
Նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին նվագախմբի մի շարք երաժիշտներ:

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.