comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՏԵՐՅԱՆ՚ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԵՐՅԱՆ՚ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Օրերս Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տարազային հագուստի նոր հավաքածուի և ՙՂարաբաղկարպետ՚ ընկերության կարպետների համատեղ ցուցահանդեսը, որի նախաձեռնողն էր պատկերասրահի տնօրինությունը:

Տնօրեն Ելենա Դադայանը երիտասարդներին սեփական արմատների հետ ծանոթացնելու գործում մեծ կարևորություն տվեց նման ցուցահանդեսներին, որոնք ՙՏերյան՚ կենտրոնի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում վերջերս հաճախ են կազմակերպվում:
Ալլա Պողոսյանը ներկաներին ծանոթացրեց մշակութային կենտրոնի 17-ամյա գործունեությանը, որի կայացման համար դժվարին ճանապարհ են անցել` հաղթահարելով բազում խոչընդոտներ: Այժմ ՙՏերյան՚ կենտրոնը մեծ համբավ ունի ոչ միայն Հայաստանում: Զարգացման ճանապարհին Կենտրոնն ընդլայնել է իր գործունեությունը ազգային կիրառական արվեստի տարբեր ուղղություններով: Այն մեծ նշանակություն է տալիս երիտասարդների ազգային մշակութային կրթության հարցին: Այսօր Կենտրոնն ի վիճակի է այդ գործում ներգրավել նաև հաշմանդամներին` հնարավորություն տալով նրանց ապրելու արվեստով, ինչն, անշուշտ, նպաստում է հաշմանդամների ինտեգրմանը: ՙՄենք մասնակցում ենք տարբեր փառատոների, ներկայացնում հայկական մշակույթը և արժանանում մրցանակների: Քանիցս եղել ենք Ստեփանակերտի պատկերասրահում և ցուցադրել տարբեր տարիների մեր հավաքածուները, նկարները և դեկորատիվ կիրառական արվեստի նմուշները: Ունենք նաև թանգարանային նմուշներ, որոնք ուսումնասիրում և կրկնօրինակում ենք ժամանակակից մոտեցմամբ: Մեր նպատակն է հայկական տարազն ավելի ճանաչելի դարձնել, որ նոր սերունդը կարողանա գնահատել ու տարածել հայկական մշակույթը՚,- իր խոսքում ասել է Ալլա Պողոսյանը` նշելով, որ իրենք կարևորում են նաև ՙՂարաբաղկարպետ՚ ընկերության գործունեությունը, որի միջոցով աշխարհը ծանոթանում է հնուց եկած արցախյան գորգարվեստին:
Խոսք ասաց նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, ով կարևորեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի ստեղծումը հայկական տարազի պահպանման, տարածման, ինչպես նաև դրանք նորաոճ ու ժամանակակից դարձնելու գործում: Ըստ փոխնախարարի` Կենտրոնն ազգանվեր առաքելություն է իրականացնում. այն հայկական ազգային ավանդույթները փոխանցում է սերունդներին: Նա շնորհակալություն հայտնեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանին, ով մեծ ջանք է գործադրում` արցախցիներին ծանոթացնելու Կենտրոնի աշխատանքներին:
Ստեփանակերտի պատկերասրահի տնօրենը շնորհակալագիր հանձնեց ՙՏերյան՚ մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ ՄելիքյանինQ` ազգային մշակութային ժառանգության պահպանման, տարածման և սերնդեսերունդ փոխանցման համար:
Նշենք, որ ցուցադրությունը տևելու է շուրջ մեկ ամիս:
;