comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԼԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ Է՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼԱՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ ՄԻՇՏ ԷԼ ՆՎԻՐԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ Է՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Դավիթ Միքայելյան: Բարձրագույնն ավարտելուց հետո աշխատել է ՙԽորհրդային Ղարաբաղ՚ (այժմ` ՙԱզատ Արցախ՚) թերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ: 1989թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետև գլխավորել է ՙԱրցախ՚ գրահրատարակչությունը: 1997-ին Դ. Միքայելյանը կրկին աշխատանքի է անցել ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունում: 1998-2008թթ. հանդիսացել է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետը, 2008-2011թթ.` ԼՂՀ գրողների միության քարտուղարն ու ՙՊըլը-Պուղի՚ երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը:

2012-2017թթ. խմբագրել է նաև ՙՀայրենիք՚ թերթը: Այժմ նա Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղարն է, միաժամանակ հանդիսանում է ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթի սեփական թղթակիցն Արցախում: ՀՀ և ԼՂՀ գրողների միության, ինչպես նաև Արցախի ժուռնալիստների միության անդամ է:
Հրատարակել է բանաստեղծությունների չորս, ապա ՙԼուսաձորցի Մուքին կատակում է՚ երգիծական պատմվածքների ժողովածուները, ՙՀոգևոր թեմի վերածնունդն Արցախում՚ գիրքը: Այնուհետև 2004թ. ՙԼույսը պահապան՚ բանաստեղծությունների և արձակ գործերի, իսկ 2008-ին` ՙԾաղկել է ձորի խնձորենին՚ էսսեների, ակնարկների և ճամփորդական նոթերի ժողովածուները: 2011թ. տպագրվել է ՙՄարիամը զարմանում է՚ մանկական բանաստեղծությունների գիրքը, 2012-ին` ՙՓարվեմ բալենուն, որ չմրսի՚ բանաստեղծությունների ընտրանին: 2017թ. հրատարակվել է ՙԽորհրդավոր ժամադրություն՚ երգիծական պատմվածքների ժողովածուն:
2008թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով, գրականությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով: 2013թ. արժանացել է ՙԼՂՀ վաստակավոր լրագրող՚-ի կոչմանը:

Մեր հարցազրույցը Դ. Միքայելյանի հետ:


- Լրագրող և բանաստեղծ, իրար չե՞ն խանգարում:
- Ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ ստիպված եղա իմ ավագ գրչընկերների օրինակով լրագրությունը զուգորդել գրական-ստեղծագործական աշխատանքին: Դրա անհրաժեշտությունը հատկապես զգացվեց արցախյան ազատագրական շարժման տարիներին, երբ պահանջված և ՙազդու՚ էր հրապարակախոսի ձայնը, ու պիտի ոգեշնչեինք իրար, գոտեպնդվեինք և հաղթեինք թշնամուն: Ուզում եմ ասել, մեզնից յուրաքանչյուրն այն ժամանակ և՜ գրող էր, և՜ լրագրող: Եվ, բնականաբար, ստեղծագործության համար անսպառ նյութ էր դաժան պատերազմը` իր զրկանքներով ու ողբերգական ճակատագրերով, անդառնալի կորուստներով, որ մեզնից ամեն մեկը յուրովի ընկալեց այդ երևույթը` բանաստեղծության և պոեմների, երգերի, արձակ գործերի տեսքով, հետագայում հրատարակվելով առանձին ժողովածուներով: Ինչ վերաբերում է այն մտքին, թե լրագրությունը ՙվնասում՚ է պոեզիային, այնքան էլ համամիտ չեմ այդ ձևակերպմանը: Իմ համոզմամբ, որտեղ ՙավարտվում՚ է լրագրությունը, այնտեղ ծնունդ է առնում բանաստեղծությունը: Եվ ճիշտ հակառակը: Պարզապես խոստովանենք, որ ժամանակը չի հերիքում… Շատ կարևոր է, որպեսզի չհուսալքվես, ոգևորությունն ու լավատեսությունը միշտ քեզ ուղեկից լինեն կյանքում… Մի ինքնախոստովանություն էլ պիտի անեմ: Կարծեմ, էլի առիթ ունեցել եմ շեշտելու, որ լավ բանաստեղծություն գրելը միշտ էլ նվիրական երազանք է մնում:
- Դուք բազմաթիվ արձակ և չափածո գործերի, նաև` երգերի հեղինակ եք: Ինչպե՞ս է հաջողվում մեր նորօրյա պատմությունը կերտել մեղեդու լեզվով:
- Այդ ստեղծագործություների մեծ մասը ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում և հետագա տարիներին, որոնք, հիրավի, սիրո և ցավի արտահայտություն են, մեր անցած հերոսական վայրիվերումներով լի ճանապարհի վկայագրեր` երգի ու երաժշտության լեզվով: Ինչպես հատուկ է յուրաքանչյուր հայ մարդու, իմ պարագայում ևս, երգի սնուցող երակն ինձ է փոխանցվել ծնողներիցս: Ինչպես ասում են` իմ գեներից այն մի պտղունց բաժին է հասել ու մինչև այսօր էլ ուղեկցում է ինձ: Առաջին իմ երգը ծնվել է Կրկժանի ազատագրման ժամանակ խիզախաբար զոհված Սամվել Զաքարյանի հիշատակին: Հետագայում միահյուսելով ցավն ու վիշտը, թախիծն ու լույսը` ծնունդ առան ՙԱվոն՚, ՙԲեկորը՚, ՙԱյցի կգամ լուսաբացին՚, ՙԻմ հայոց Շուշի՚, ՙԱրցախ՚, ՙ20 գարուն՚, ՙՌեքվիեմ՚, ՙԿարոտ՚, ՙՎերջին մարտը՚ և ուրիշ այլ երգեր: Եթե մի մասի թե՜ խոսքերը և թե՜ երաժշտությունը ես եմ հեղինակել, ապա մյուսներն արարվել են ճանաչված կոմպոզիտորներ Էդվարդ Ղազարյանցի, Խաչատուր Ներսիսյանի, Արմեն Նասիբյանի և Արթուր Ալեքսանյանի հետ համագործակցությամբ: ՙՍիրուց և ցավից ծնված երգեր՚. այսպես է կոչվում մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հովանավորությամբ լույս տեսած իմ երգարանը, որի շնորհանդեսը կայացավ աշնանը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում…
- Որքան տեղյակ եմ, երգիծանքի ժանրը Ձեզ նույնպես հարազատ է:
- Հումորը, երգիծանքը, սատիրան ժամանակի համար միշտ պահանջված են եղել ու այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Հատկապես պատերազմի տարիներին (նաև` Արցախում) ինձ թվաց, թե ժպիտն ու ծիծաղը պակասել են, և փորձեցի այն լրացնել: Ցանկացած իրավիճակներում, որքան էլ որ արցախցին հայտնվելու լինի փորձությունների հորձանուտում, միևնույն է, նա իր կենսասիրությամբ ու համառ կամքով, իմաստությամբ հաղթահարելու է արգելքներն ու երբեք չի կորցնելու հումորի զգացումը, կատակելու և սրամտելու կարողությունը: Այդ կենսափիլիսոփայությունն է ընկած ՙԽորհրդավոր ժամադրություն՚ երգիծական պատմվածքների ժողովածուի հիմքում, որի հերոսներն իրական կյանքից են և մարմնավորում են արցախցու տեսակը: Անգամ պատերազմի դժնդակ տարիներին մեր ժողովուրդը կարողացավ ցավի միջից ժպտալ: Մուքին միայն լուսաձորցի չէ, նա արցախցի սրախոս հայտնի Պըլը-Պուղու զարմից է սերված` իր իմաստախոսություններով և սրախոսություններով, մարդկային թուլություններով, հայրենասիրությամբ ու ավանդապաշտությամբ: Ի դեպ, ժողովածուն վերջերս վերածել եմ պիեսի, ավելի կոնկրետ` երկու գործողությամբ կոմեդիայի, որը հուսով եմ, մի օր բեմ կբարձրանա...


 

Դավիթ Միքայելյան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ ԳԻՇԵՐ

Հոգեվարքի մեջ է ձմռան վերջին գիշերը,
Սակայն մեռնել չի ուզում։
Եվ, ի հեճուկս տանջալից իմ սպասումի,
Խավարը չի շտապում նահանջել,
Իսկ լուսածագն ուշանում է։
Ամպի մի փոքրիկ ծվեն
Լուրթ երկնքից կախվել,
Չարաճճի երեխայի գերփքված
փուչիկ է հիշեցնում,
Ու թվում է,
Թե ուր-որ է՝ կպայթի...
Ասես
Ժայռի չափ մի ծանր արճիճ է իջել կրծքիս,
Եվ քիչ է մնում շնչահեղձ լինեմ։
Աստված իմ,
Այս ի՞նչ սատանա է փակել տան դուռն իմ,
Որ գիշերս չի լուսանում...
Ու մինչ փորձում եմ
Խեղդամահ անել ինձ պաշարող
մղձավանջը,
Հարևան շենքից
Նորածին մանկան ճիչը ծաղկում է
ունկերիս մեջ
Եվ ավետում լուսաբացը։
..........................................
Ելնեմ
Ու պատուհանս լայնորեն բացեմ
Գարունքի առաջ,
Որ հավք ու թիթեռ ներս խուժեն տունս,
Տաքանա բունս...

ԽԱԲԿԱՆՔ

Կանգնել եմ ծաղկած բալենու առաջ,
Որ զուգված նորահարս է հիշեցնում,
Եվ ուշացած գարնան հմայքն եմ վայելում։
Իսկ շփոթահար նրա հայացքից
Անվերծանելի թախիծ է ծորում։
Նորընծա արևից
Դեռ կարգին չտաքացած,
Առաջին իսկ համբույրին համաձայնել,
Խաբվել է ծառն ու... մայրացել։
Բալենու բախտից
Հեռվում նորից ձյունել են սարերը,
Ու փաթիլվում է երկինքը վերստին
(Մարտն այդ ե՞րբ չի գիժ եղել որ...)։
Եվ մենության մեջ դողում է ծառը
Խեղճ ու անօգնական,
Ծաղկաթերթերն իր
Ցաքուցրելով՝ անթիվ, անհասցե։
.......................................................
Մոլագար քամուց փրկություն չկա,
Փարվեմ բալենուն, որ շատ չմրսի...

ԶՂՋՈՒՄ

Մեղուն
Նեկտարն իր ըմպելու պահին
Միամտորեն խայթել էր ծաղկին
Ու լացացրել...
Իսկ հետո երկար,
Նա երկար զղջաց արածի համար,
Ամոթից փակվեց մեղվափեթակում...
Եվ արտասվելիս
Նրա աչքերի արծաթ-արցունքը
Ուլունքվեց կաթ-կաթ
Ու փոխվեց... մեղրի։

ԻՄ ՀԱՅՈՑ ՇՈՒՇԻ
Երաժշտությունը՝
Արմեն Նասիբյանի

Արցախա իմ երկրի սիրտն ես դու եղել,
Արծվի նման բարձունք տենչացել,
Քեզ շատ են զարկել ու հրի մատնել,
Բայց միշտ անառիկ բերդ ես մնացել։
Կրկներգ.-
Երգի ու սիրո օջախ ես անուշ,
Խիղճ ես դու արթուն, քույր ես դու քնքուշ,
Ոսոխի կամքով դարձել էիր հուշ,
Չի կարող հաղթել քեզ ոչ մի չար ուժ,
Դու հավերժող իմ հայոց Շուշի։

Դու որպես փյունիկ հառնում ես կրկին,
Հին վերքերը քո բուժվում են վերստին,
Գալիս ենք գիրկդ դարձյալ աղոթքի,
Ու սուրբ քարերդ փոխվում են գրքի...

Կրկներգ:-

Թշնամին վայրագ քեզ խլել մեզնից,
Փորձում էր վանել մեր հոգուց, սրտից,
Որդիներդ քաջ խաչդ փրկեցին,
Լույսի, հավատի մոմեր վառեցին։

Կրկներգ:-

ԵԼՆԵՄ, ՏԱՆՍ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՄ
(Նմանություն)

Այս գիշեր էլ
Երազիս մեջ հորս տեսա։
Դրսում
Սաստիկ ցուրտ էր, խավար,
Փաթիլվում էր ձյունը հանդարտ,
Իսկ հայրիկս
Մեն ու մենակ ելել փողոց,
Ձմռան դիմաց կանգնել մոլոր,
Չէր իմանում, թե ուր քայլի,
Սիրտն ում բացի...
(Նկատեցի՝ մրսում էր նա)։
Ու ես, ու ես չդիմացա,
Հարցում արի լացախառն.
- Խռովե՞լ ես ինձնից, հայր իմ,
Այնպես շուտ ես մեզ մոռացել...
Ու հայացքով ետ շրջվեց նա,
Եվ լուռ, անխոս առաջ եկավ։

Ելնեմ, տանս դուռը բացեմ՝
Հայրիկս գա...

ՈՐ ԹԵԹԵՎԱՆԱ
ՍԻՐՏՍ ՈՐԲԱՑԱԾ

Ծաղկած ծիրանուն մեղու է իջել,
Եվ մեղրի համ եմ զգում շուրթերիս,
Ասես մայրիկս հրաշքով հայտնվել
Ու մեղրահաց է դրել սեղանիս...

Ուր-որ է՝ հուշիկ քայլերով կելնի,
Լույսը չծագած թոնիր կվառի,
Հետո սփռոցը կփռի թախտին,
Որ թաժա հացը հովանա կարգին...

Եվ թոնրահացի բույրից ես արբած՝
Քնից կարթնանամ, կսթափվեմ հանկարծ,
Մոլոր մանկան պես կարտասվեմ խաբված,
Որ թեթևանա սիրտս որբացած...

ՈՒՌԵՆԻ

Ուռենի, իմ հեզ ուռենի...
Վարսերդ փռեմ շեկ դեմքիդ
Ու հուշի՛կ-հուշիկ
Ըմպեմ նեկտարը շուրթերիդ,
Ուռենի, իմ հրաշք ուռենի..
Այն ե՞րբ էր,
Որ կապույտ հրաշքով
Քեզ առա գիրկս կարոտով,
Երկինքը աստղեր էր մաղում,
Հովը գարուն էր շրշում,
Լուսինը հեքիաթ էր պատմում
Մեր թախծոտ սիրո մասին...
Ու մինչև գիշերը անուշ
Ճերմակ շուշաններ կերազեր,
Շուշանն իմ գտել էի արդեն,
Ինչպես կարոտի թևող հուշ։
Ուռենի, իմ հեզ ուռենի,
Ուռենի, իմ հեքիաթ աղջիկ...
;