comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑ ՍԱՀՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑ ՍԱՀՅԱՆԸ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանն օգտագործում է ցանկացած առիթ` ընթերցողին մոտեցնելու գրքին ու գրականությանը, քարոզելու, հանրայնացնելու հայ դասական և ժամանակակից գրողներին, նրանց ժառանգությունը, ստեղծագործությունները։ 

Առիթն այս անգամ Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին նվիրված միջոցառումն էր, որ վարեց տնօրենը` իր խոսքը սկսելով հայ քնարերգուի տողերով. ՙԻմ ամեն մի տողը սրտիս պատառն է...՚։ Ելույթ ունեցողը նախ անդրադարձավ գրողի ծանր մանկությանը, որ այնքան նման է Թումանյանի գրական հերոսի՝ Գիքորի ճակատագրին։ Առաջին բանաստեղծությունը, որ գրողին հռչակ բերեց, ՙՆաիրյան դալար բարդին՚ էր, որն այնքան էլ հեշտ չգտավ հրատարակվելու, ընթերցողին հասնելու ճանապարհը։ Սահյանի պոեզիան ապրեցնող է, այն համակ սեր է։ Գրողի բանաստեղծություններն արտասանում են ամեն տարիքի մարդիկ՝ սկսած դպրոցական տարիքից։ Դեռ խորհրդային տարիներից կյանքում և գրականության մեջ առկա է եղել արտագաղթի թեման. ՙԱ՛խր ես ինչպես վեր կենամ գնամ՚ բանաստեղծությունը հայրենասիրական քնարերգության լավագույն նմուշներից է։ Գրողի կյանքի վերջին տարիները համընկան Արցախյան գոյապայքարին, և նա հպարտություն արտահայտեց, որ տեսավ հայի վերածնունդը։
Բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանը, գրող, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը, հայոց լեզվի և գրականության թոշակառու ուսուցչուհի Նաիրա Թամրազյանն իրենց ելույթներում անդրադարձան Սահյանի բնապաշտական, մարդասիրական մոտիվներին. Գրողի իմաստնությունը գալիս է ժողովրդական ակունքներից, իսկ նրա պոեզիան հոգու պատմություն է, մաքրամաքուր, ազնիվ ու տոհմիկ։ Սահյանը խղճի բանաստեղծ է, որի պոեզիան լի է խորհրդանիշներով։ Նա իդեալականացնում է հայ ավանդական ընտանիքի արժեքները, թեման, որն այսօր էլ խիստ արդիական է։ Սահյանը բացառիկ երևույթ է, նրա պոեզիան մտերմիկ զրույց է ընթերցողի հետ։
Գրադարանի ակտիվ ընթերցողներն արտասանում են հայ մեծանուն քնարերգուի ստեղծագործություններից։ Կատարվեց նաև ՙՆաիրյան դալար բարդի՚ երգը։