comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Հուշ-երեկո` նվիրված Վագիֆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին

Համառոտ` Վագիֆ Գրիգորյանի կյանքի և գործունեության մասին: Ծնվել է 1954 թվականին Ստեփանակերտում: Սովորել է թիվ 6 միջնակարգ դպրոցում, միաժամանակ ուսում է ստացել երաժշտական դպրոցում, կլարնետի բաժնում: 1971-75 թթ. սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժնում, կլարնետահարի մասնագիտությամբ: 1975-80 թթ. սովորել է Բաքվի պետական կոնսերվատորիայում` միաժամանակ 1977-78-ին աշխատելով Բաքվի օպերայի և բակետի պետական նվագախմբում: 1979-ին մասնակցել է Բաքվում կայացած փողային գործիքների վրա կատարողների Առաջին անդրկովկասյան մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման:
Կոնսերվատորիան ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանում, որտեղ էլ մանկավարժական գործունեությամբ զբաղվել է մինչև իր կյանքի վերջին օրերը:
Մանկավարժական իր գործունեության ընթացքում թողարկել է մի քանի տասնյակ մասնագետներ, ովքեր այսօր աշխատում են հանրապետության տարբեր երաժշտական կոլեկտիվներում, իսկ լավագույնները հանրապետական և միջազգային տարբեր մրցույթներում արժանացել են մրցանակների:
Ապրիլի 4-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված քոլեջի բազմավաստակ դասատու, կլարնետահար Վագիֆ Գրիգորյանի լուսավոր հիշատակին: Միջոցառմանը ներկա էին ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Վ. Գրիգորյանի այրին` զավակների հետ, երաժշտական քոլեջի դասատուներ, ուսանողներ, Ստեփանակերտում գործող երաժշտական և արվեստի դպրոցների դասատուներ, աշակերտներ, մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ:
Ապրիլի 4-ը Վագիֆ Գրիգորյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 65 տարեկան: Մի քանի ամիս առաջ նա ծանր հիվանդության պատճառով անժամանակ հեռացավ կյանքից: Ինչպես խոստովանում է նրա այրին` Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու Անահիտ Գրիգորյանը, ամուսիններով մտադրվել էին բոլորովին այլ կերպ նշել հոբելյանը, ավաղ, այն վերածվեց հուշ-երեկոյի:
Վագիֆ Գրիգորյանի քոլեջում կուտակած հարուստ փորձն ու ծավալած գործունեությունն ամփոփեց քոլեջի տնօրեն Անահիտ Սուլեյմանյանը` ափսոսանքով նշելով, որ առանց բազմափորձ և հմուտ մասնագետի դժվար կլինի բաժնի գործունեությունը: Մեծ ջերմությամբ ու ակնածանքով էր խոսում իր ուսուցչի մասին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը: Ափսոսանքով ու ցավով էր լի քոլեջի վաստակաշատ դասատու, դաշնակահար Բելլա Հակոբջանյանի խոսքն իր գործընկերոջ մասին: ՙԵկեք վշտի մասին չխոսենք, քանի որ այսօր նրա ծննդյան օրն է: Եկեք շնորհավորենք մեզ նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Նա իրավամբ զբաղեցրել է քոլեջում իր ուրույն և արժանի տեղը` մեծ ներդրում ունենալով այն ժամանակ մարզի, այսօր էլ հանրապետության մշակույթի զարգացման գործում: Նա բարձր մակարդակի մասնագետ էր` խիստ և պահանջկոտ: Ինձ համար երջանկություն էր երկար տարիներ լինել նրա նվագակցողը բեմում: Մենք հաճախ էինք զրուցում իրար հետ: Նա շատ էր սիրում իր ընտանիքը, լավ հայր էր, ամուսին, միշտ հոգում էր բոլորի մասին: Դա տղամարդու այն որակն է, ով պատասխանատվություն է զգում իր ընտանիքի առաջ: Երբ ես ասում էի, որ նրա շնորհաշատ որդի Արսենի համար պետք է ճանապարհ հարթել, հնարավորություն տալ առաջ գնալ, նա մեծ ցավ էր ապրում, որ միշտ չէր կարող դա իրականացնել՚,-ասաց Բելլա Երվանդովնան:
ՙՎագիֆ Գրիգորյանը պատկանում է այն սերնդին, ով կազմում է ոչ միայն այս հաստատության, այլև ընդհանրապես Արցախի երաժշտարվեստի ողնաշարը,- իր խոսքում ասաց նախարար Ն. Աղաբալյանը:- Եվ հենց այդ հիմքի վրա է այսօր նոր սերունդն առաջ գնում: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդու համար ամենամեծ երջանկությունն այն է, որ իր զավակը գերազանցում է իրեն: Եվ նա ամեն ինչ արեց, որպեսզի իր զավակը` Արսենը, գերազանցի իրեն: Այս առումով շատ արժանի հուշ-երեկո էր: Կեցցե~ն այն մարդիկ, ովքեր այսպես հիշել ու շնորհավորել գիտեն իրենց ծնողներին, կարողանում են հավերժացնել նրանց հիշատակը: Վստահ եմ, որ Արսենի անունը մեկ անգամ չէ, որ կլսենք մեծ արվեստի ասպարեզում: Ցավում եմ, որ հայրն, իսկապես, նստած չէ այս դահլիճում ու չի լսում որդու աննման նվագը: Նա մեծություն էր, որին պետք է ձգտել, հասնել, արժանանալ՚:
Երաժշտական ծրագիրը հարուստ էր հետաքրքիր ստեղծագործություններով, հիանալի կատարումներով: Հանդիսատեսին մեծ ուրախություն պատճառեցին Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտների և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների ելույթները: Իսկ երբ համերգային ծրագրի էստաֆետն անցավ Արսեն Գրիգորյանին, դահլիճն ուղղակի ցնծություն էր ապրում նրա յուրաքանչյուր կատարումից:
Խորհրդանշական կլիներ, եթե Վագիֆ Գրիգորյանին նվիրված հուշ-երեկոյի մասին հոդվածն ավարտենք հենց նրա որդու` Արսեն Գրիգորյանի խոսքով: ՙԱյսօրվա համերգը նվիրված էր իմ հոր 65-ամյակին, քանի որ նրա ծննդյան օրն է: Որոշել էինք այսպիսի հուշ-երեկո կազմակերպել, որովհետև, ոչ երկար կյանք ապրելով, նա կարողացավ իր ձեռագիրը թողնել կատարողական արվեստում: Ես ու հայրս շա~տ-շատ ենք նվագել այս դահլիճում: Իսկ երբ մենակ ես էի նվագում, նա միշտ նստած էր դահլիճում: Համերգից հետո էլ ասում էր` այս կամ այն հատվածն ինչպես եմ նվագել, իսկ պետք էր այլ կերպ: Այսօր ինձ համար դժվար էր նվագել, քանի որ առաջին անգամ է, որ նա նստած չէ դահլիճում: Դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Իմ կյանքում նա պահանջկոտ դասատուն էր: Մինչև հիմա, երբ նվագում եմ մեծ բեմերում, հայտնի երաժիշտների հետ, ինձ հարցնում են. ՙԴու որտե՞ղ ես սովորել, Բեռլինու՞մ: Ես պատասխանում եմ` Ղարաբաղում: Իսկ ո՞վ էր քո ուսուցիչը հարցին ասում էի` հայրս՚:
Իր հետագա պլանների մասին հարցին Արսենը պատասխանում է. ՙՀիմա աշխատում եմ Երևանում, նվագում եմ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում: Երևանի կոնսերվատորիայի մագիստրատուրան արդեն ավարտել եմ: Զբաղվում եմ նաև մանկավարժական գործունեությամբ: Աշխատում եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նաև աշխատում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը կից գործող մեթոդկաբինետում: Այո, դա շատ ժամանակ է ինձնից խլում, բայց կարևոր ու անհրաժեշտ աշխատանք եմ համարում և պատրաստակամությամբ եմ ազատ ժամանակս տրամադրում այդ գործին: Լինել օգտակար շնորհաշատ երեխաներին` կարևոր ու պատվավոր գործ եմ համարում: Խոստովանեմ, եղել են առաջարկներ արտերկրում աշխատելու, բայց հրաժարվել եմ: Ուզում եմ Հայրենիքում մնալ և իմ գիտելիքները, ինչպես իմ հայրը, փոխանցել մեր երեխաներին՚:
;