comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 - Որպես լրագրող` Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել։ Ձեր հանգրվանը լրագրության մեջ և գեղարվեստում։

- Մինչև միջնակարգն ավարտելը բարեկամներս ենթադրում էին, որ անպայման նկարիչ եմ դառնալու, քանի որ աջ ու ձախ նկարում էի՝ հիմնականում բնություն ու դիմանկարներ։ Բայց, դրան զուգահեռ, հատկապես բարձր դասարաններում, շարունակ գրականություն էի կարդում՝ թե՜ հայ, թե՜ արտասահմանյան։ Եվ արդեն սկսել էի այնքան շատ սիրել գրականությունը, որ միջնակարգն ավարտելուց հետո դարձա Ստեփանակերտի մանկավարժականի լեզվագրական բաժնի ուսանող։ Հետո՝ կարճատև մանկավարժական գործունեություն, լրագրություն, Արցախյան շարժում, որին մեզնից ոմանք իրենց կյանքի մի մասը նվիրեցին, մի մասն էլ` իրենց ողջ կյանքը...
Այնպես է ստացվել, որ իմ կյանքի մի ստվար ժամանակահատվածն անցկացրել եմ լրագրության ոլորտում, չնայած իմ նախասիրությունը եղել ու մնում է գրականությունը՝ հատկապես կարճ պատմվածքն ու նովելը։ Պատճառը շատ հասարակ է՝ լրագրությունը մասնագիտություն է համարվում, վճարում են քո աշխատանքի դիմաց, իսկ գրողը մեր օրերում ինքը պիտի իր ստեղծագործությունները տպագրի ու հետո էլ մտածի դրանք իրացնելու մասին։ Չորս գիրք տպագրելուց հետո, որոնց գերակշիռ մասը նվիրել եմ ընկեր-բարեկամներիս, ծանոթ ու անծանոթ ընթերցողներիս, որոշեցի իմ հետագա գրվածքները համացանցի, կայքերի միջոցով տարածել՝ հրաժարվելով դրանք հոնորարի վերածելու գաղափարից։ Եվ դա ինձ ձեռք է տալիս՝ Արցախում և Արցախից դուրս բոլոր այն երկրներում, որտեղ հայեր կան, ես ոչ քիչ ընթերցողներ ունեմ։
- Շատ չխորանանք, երգիծանքի (երգիծաբանի) ճանապարհը հեշտուհանգիստներից չէ...
- Հումորը, երգիծանքն իմ մեջ երևի թե ժառանգական է, գալիս է իմ հայրիկից՝ ճանաչված ու սիրված գրող Վազգեն Օվյանից։ Սովորաբար երգիծաբանի կյանքն ընդհանրապես հեշտ չի լինում, քանի որ այնքան էլ դյուրին չէ քննադատել մարդկանց, նրանց դարձնել երգիծանքիդ թիրախը կամ գրական հերոսդ, և հեշտ ու հանգիստ ապրել։ Մեր գրողներից մեկը կատակով գրել է. ՙԵրգիծանքը ոչ մի տեղ քննություն չի բռնում, որովհետև նախագահությունում նստած են նրա հերոսները՚։ Քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում ազատության, այդ թվում՝ խոսքի ազատության իր ՙնշաձողի՚ բարձրությունը, արդեն ուսանողական տարիներից աստիճանաբար սկսել են հաշտվել սևին սև ասելու իմ, դարձյալ ժառանգական, սովորությանը։ Ասում եմ այն, ինչ ցանկանում եմ ասել, նաև՝ գրում եմ այն, ինչ ցանկանում եմ գրել։
Ի դեպ, չնայած իմ ստեղծագործություններում լուրջ տեղ են գրավում հումորը, երգիծանքը, խոստովանեմ, որ ես ինձ չեմ համարում երգիծաբան։ Նույնիսկ եթե միայն երգիծական պատմվածքներ գրելիս լինեի, դարձյալ չէի համարձակվի ինձ երգիծաբան համարել։ Երգիծաբանը Հակոբ Պարոնյանն է, Երվանդ Օտյանն է, Յարոսլավ Հաշեկն է, Բեռնարդ Շոուն է...
Իմ բազմաթիվ նովելներն ու պատմվածքները ոչ միայն երգիծանքի ժանրին չեն պատկանում, այլև դրանցում իշխողը դրամատիզմն է։ Դեռևս շատ տարիներ առաջ ես մի պատմվածք էի գրել ՙԿիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ՚ վերնագրով, որտեղ կեսլուրջ-կեսկատակ ակնարկում էի, որ տխուր պատմվածքներս հաճախ շփոթում են երգիծական գրվածքներիս հետ ու ծիծաղում, կամ էլ հաճախ պատմվածքներիս հերոսին նույնացնում են ինձ հետ, որովհետև մեկ-մեկ սիրում եմ պատմել առաջին դեմքով:
- Ձեր դավանանքը։
- Ես Արվեստի երկրպագու եմ։ Ինձ համար ստեղծագործությունը եթե որպես արվեստի գործ, մեղմ ասած, այն չէ, ուրեմն այն անարժեք մի բան է, արհեստ է, կամ չգիտեմ ինչ է, բայց ոչ երբեք Արվեստ։ Սա ոչ միայն գրականությանն է վերաբերում, այլև գեղանկարչությանը, երաժշտությանը, քանդակագործությանը, արվեստի մյուս բոլոր տեսակներին։ Արվեստում ինքնագործունեություն (նկատի ունեմ մակարդակը) չեմ սիրում, ատում եմ ռաբիսը։ Արվեստը մարդուն դեպի վեր բարձրացնող, մարդուն դեպի Գեղեցիկը, Վեհը տանող մի միջոց է։ Չգիտեմ, սա որքանով է դավանանք, բայց` ես ձգտում եմ հավատարիմ լինել ՙԱրվեստագետը, գրողը միջավայրից պետք է բարձր լինի՚ սկզբունքին։ Նա ոչ թե պետք է քայլի ժողովրդի, ժամանակի հետ, այլև ժողովրդին իր հետևից տանի, ավելի առաջ նայելու, վաղվա օրը, գալիքը տեսնելու ընդունակություն ունենա։
- Երազանքը՝ անձնական և անանձնական։
- Ես ցանկանում եմ, ավելի ճիշտ՝ երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով։ Մարդու, հիմնարկի, հաստատության, վերջապես ժողովրդի ճակատագիրը որոշողը ոչ թե դիլետանտը, այլ մասնագետը, պրոֆեսիոնալը լինի։ Արհեստավարժ չեմ ասում, այլ՝ պրոֆեսիոնալ։ Օրինակ, մի տեսակ զավեշտ է, ասենք, արվեստագետին արհեստավարժ անվանելը։ Արվեստն արհեստ չէ, օրինակ, գեղանկարիչը ներկարար չէ։ Կարծում եմ` մեր բոլոր դժբախտությունների պատճառն է դա, երբ մարդ իր տեղում չէ, երբ յուրաքանչյուրն իր գործով չի զբաղվում։ Երբ երբեմն ռեպլիկանման քաղաքական գրառումներ եմ անում սոցցանցում, հետո ցավով մտածում եմ՝ գրողը տանի, ախր ե՞րբ ենք վերջապես դուրս գալու այս ոլորապտույտներից, ՙլինել-չլինելու՚ դամոկլյան թրի տակից, որպեսզի ես էլ հանգիստ զբաղվեմ միայն իմ սիրած գործով, առանց մտավախության մեր զավակների վաղվա օրվա հանդեպ։
- Ներշնչանքի աղբյուրը։
- Այնքա՛ն շատ են այդ աղբյուրները, որ եթե թվարկեմ, կստացվի ոչ թե աղբյուր, այլ ներշնչանքի գետ՝ սկսած նորածնի առաջին ճիչից մինչև Բնություն՝ իր անկրկնելիությամբ...
- Ինչպիսին է այսօր Վարդգես Օվյանի ստեղծագործական կյանքը։
- Այսօր էլ, անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատում, իմ կյանքը չեմ պատկերացնում առանց գրականության, չնայած ոչ պակաս սիրում ու պաշտում եմ գեղանկարչությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն, մի խոսքով՝ Արվեստն ու Մշակույթը։

 

Վարդգես ՕՎՅԱՆ
ԱՊՈՒՇԸ

(ԿԱՄ՝ ԶՐՈՒՅՑ ԱՊՈՒՇԻ ՀԵՏ)

ԶՐՈՒՅՑ ԱՌԱՋԻՆ

- Բարև ձեզ։
- Բարև։
- Կարելի՞ է ձեզ հետ մի քիչ զրուցել։
- Իսկ ինչի՞ մասին։
- Գրականության, գրողների մասին։
- Խնդրեմ։ Բայց մինչ այդ գուցե սրբես քիթդ։
- Իսկ դա պարտադի՞ր է։
- Ցանկալի է։
- Ճիշտն ասած, մոտս թաշկինակ չկա։ Այդպիսի երկրորդական բաներ չեմ պահում։
- Բայց պետք է պահես։
- Ձերը մի րոպեով չե՞ք տա։
- Ի՞նչը, թաշկինա՞կը։
- Հա։
- Բայց օգտագործված է։
- Ինչ կա որ։ Թաշկինակը օգտագործելու համար է։
- Խնդրեմ։
- Շատ մերսի։
(Նա երկար քչփորեց քիթն ու թաշկինակս մեկնեց ինձ)։
- Թող մնա քեզ մոտ։ Քեզ եմ նվիրում։
- Մերսի։
- Գրականության մասին էի ուզում զրուցել։
- Հա, ճիշտ է։ Չարենցի մասին էի ուզում զրուցել։ Էդ Չարենցին լավ էլ թարգմանել են։ Ո՞վ է թարգմանել։
- Չարենցը շատ լեզուներով է թարգմանվել։
- Շատի հետ գործ չունեմ, նրան ո՞վ է հայերեն թարգմանել։ Նայեցի, ոչ մի տեղ թարգմանողի անունը չկար։
- Չարենցը հայերեն էր գրում։
- Հա՞... Հաստա՞տ։ Բա որտե՞ղ է այդպես լավ սովորել հայերեն։
- Հայաստանում։ Նա հայ է։
- Հա՞յ է... Ա՛յ քեզ բան... Մտքովս չէր անցել։ Բա ինչո՞ւ ազգանունը ՙյանե՚-ով չի վերջանում։


ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ

- ՙԳդակը պոպոզ, անունը Կիկոս...՚։ Ո՞վ է գրել դա։
- Հովհաննես Թումանյանը։
- Լավ է գրել, ինձ շատ դուր եկավ։ Բայց այդ բանը չպիտի աներ։
- Ի՞նչը չպիտի աներ։
- Չպիտի թողներ, որ Կիկոսը ծառը բարձրանար։ Կամ կարող էր, չէ՞, այդ գրողը՝ Թումանյանը, վազել դրանց տնեցիների մոտ ու ասել՝ ձեր լակոտը բարձրացել է ծառը, եկեք իջեցրեք, թե չէ` ընկնելու է և վարի գնա... Դրանից բացի մնացածը շատ լավ է գրել, շատ ապրի։

ԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ

- Եթե ես լինեի երկրի պրեզիդենտը, բոլոր այդ գրողներին կամ բանտ կնստեցնեի, կամ կգնդակահարեի։
- Գրողների հանդեպ նոր մոտեցում չէ։ Այդպես վարվողներ արդեն եղել են։ Բայց մի կարևոր բան մոռացար։
- Ի՞նչը։
- Նրանց գրքերն այրելը։
- Հա, լավ հուշեցիք. գրքերն էլ կվառեի։
- Բայց ինչո՞ւ։ Գրողներն ի՞նչ են արել քեզ։
- Նրանք բոլորը գող են։
- Հաստա՞տ։
- Հաստա՜տ։
- Իսկ ի՞նչ են գողացել։
- Նրանց գրածները ինտերնետում կան։ Այնտեղից թռցրել են։
- Հա՞։
- Հաստա՜տ։
- Ահա՛ թե ինչ։ Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ դու էլ ես ինտերնետ մտնում։
- Շատ մերսի։ Առայժմ անձամբ այնտեղ չեմ եղել, դեռ միայն կոմպյուտերով եմ ինտերնետ մտնում։ Բայց մի բանում սխալվել եմ. եթե ես էլ գրող դառնայի, ամենահարուստը կլինեի։
- Բայց դու դրա կարիքը չունես։
- Ինչո՞ւ։
- Առանց այդ էլ դու շատ հարուստ ես։
- Չէ, շատ փող դեռ չունեմ։ Ինձնից հարուստ մարդիկ շատ կան։
- Ես փողը նկատի չունեմ, այլ խելքը։
- Հա՛, էդ մի հարցում դուք լրիվ ճիշտ եք։

ԶՐՈՒՅՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ`
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

- Գիտե՞ք` ինչ եմ մտածում։
- Նախագահ դառնա՞լ։
- Դեռ չէ։ Որոշել եմ դեպուտատ դառնալ։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։
- Անպայման։ Քեզ պես շատերն են պատգամավոր դարձել։
- Գիտեմ։ Դրա համար եմ ասում։ Որ դեպուտատ դառնամ, հետո հեշտ կլինի մինիստր դառնալը։
- Իրավացի ես։
- Լավ մարդ եք։ Ինձ շատ դուր եկաք։ Որ մինիստր դառնամ, ձեզ համար մի լավ պաշտոն կհաջողացնեմ։ Չնայած, մեր մեջ ասած, էնքան քույր, եղբայր, բարեկամներ, ազգականներ ունեմ, որ բոլորին տեղավորելուց հետո կարող է ազատ տեղ չմնա ձեզ համար։
- Շնորհակալություն։ Քեզ պես ինտելեկտուալ մարդու ղեկավարությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի։
- Միայն դուք եք հասկանում դա, իսկ շատերն ինձ ապուշ են համարում։
- Երբ նախարար դառնաս, շատ են փոշմանելու։
- Ճիշտ է։ Հերթ են կանգնելու, որ ընդունեմ իրենց, իսկ ես քարտուղարուհուս հանձնարարելու եմ դրանց մի քանի օր շարունակ ասի՝ շեֆը խիստ զբաղված է, խորհրդակցություն է։
- Փայլուն գաղափար է։
- Գիտեմ։
- Կարծես էլի թաշկինակի կարիք է զգացվում։
- Հա, իրոք։ Բայց ինչո՞ւ եք ինձ հետ դու-ով խոսում։
- Որովհետև դեռ մինիստր չես դարձել։
Ճիշտ է։ Մի պահ մոռացա... Ասացի, չէ՞, դուք լավ մարդ եք։ Չէ՛, ինչ էլ պատահի, ձեզ համար անպայման մի լավ պաշտոն եմ պահելու...