comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 17-ին կայացավ ուսանողական ցուցահանդես: Ներկայացված էին Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի սովորողների աշխատանքները:

Բացման իր խոսքում ուսումնական հաստատության տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասաց, որ ներկայացված են ՙԿիրառական արվեստ՚ և ՙԴիզայն՚ բաժինների ուսանողների 69 աշխատանք, բացի փայտագործությունից` կիրառական արվեստի մյուս բոլոր ճյուղերը` կարպետագործություն, գորգագործություն, կավագործություն, գոբելեն, գեղանկարչություն: Նրա խոսքով` ամեն անգամ կազմակերպելով նմանատիպ միջոցառումներ` փորձում են հանդես գալ նորովի: Այս անգամ էլ բացառություն չէր. ներկայացրել են ՙՀագուստի մոդելավորում՚ բաժնի ուսանղների աշխատանքները սովորողների և երեխաների միջոցով:
Միջոցառումը ողջունեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ամեն անգամ ներկայանալով Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցադրությանը` նկատում է առաջընթաց: Նա հատկապես ընդգծեց ցուցանմուշներում կարպետագործության և գորգագործության գերկայությունը, ինչը մեկ անգամ ևս վկայում է ոչ նյութական ժառանգության` մեր ժողովրդի ինքնությանը հարիր կիրառական արվեստի շատ կարևոր այս ճյուղի վերածնվելը, և դրվատեց ուսանողների ու նրանց ուսուցիչների այդ միտումը և, ընդհանրապես, նրանց կողմից կիրառական արվեստի բոլոր ճյուղերով ներկայացված լինելը, ինչպես նաև հագուստի մոդելավորման սեփական բրենդն ունենալու նրանց ջանքերը, ինչն աստիճանաբար պտուղներ է տալիս:
Իր խոսքն ասաց նաև ուսումնական հաստատության բարեկամ, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ, նկարիչ Յուրի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց քոլեջի առաջընթացը մի շարք առումներով. կրթօջախը որպես պատանեկան հասակի մշակութային կրթօջախ` ունի բազմաշերտ ուղղվածություն. ավանդական արվեստի ճյուղն է զարգացնում, առաջ է տարվում սովորողների գեղագիտական դաստիարակությունը, միջոցներ են ձեռնարկվում սեփական աշխատաշուկա ստեղծելու ուղղությամբ: Որպես առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական հաստատություն` քոլեջի համար դժվար է այս բոլոր ծրագրերն ի կատար ածել, բայց արդյունքը տեսնելով` պետք է կրկնապատկել նրա հանդեպ գովեստի խոսքերը` գնահատեց արվեստագետը:
Քոլեջը Շուշիի մանկավարժական ուսումնարանի իրավաժառանգորդն է, որին իր կյանքն ու գիտելիքները, հարուստ կենսափորձը, Արցախի երիտասարդ սերնդի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը, զարգացմանն ու կատարելագործմանը կես դարից ավելի նվիրաբերել է մեծ մանկավարժ Արսեն Խաչատրյանը, հետագայում` նրա ավագ որդին` երջանկահիշատակ Ալբերտ Խաչատրյանը: Գերդաստանի անունից քոլեջի տնօրինությանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ռոբերտ Խաչատրյանն այն բանի համար, որ շարունակում ու բազմապատկում են ուսումնարանի մշակութային կրթության լավագույն ավանդույթները:
Մեզ հետ ունեցած ճեպազրույցում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը նշեց, թե ինչպես են պատրաստվում զարգացնել հագուստի մոդելավորման ուղղությունը: Նպատակ ունեն մինչև մայիսի վերջը բաժնին կից բացել արտադրամաս: Արդեն ձեռք են բերել կարի մեքենաներ, շուտով դրանք կհամալրվեն նորերով, և կարի արտադրությունը կսկսի գործել: Փորձ արդեն ունեն. ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի խոհարարները կրում են իրենց թողարկած հագուստը: Նպատակ ունեն ընդլայնել պատվիրատուների շրջանակը: