ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԿԵՆՑԱՂ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 10-ից Արցախի ՙՏնջրե՚ ազգագրական երգի-պարի խումբը` Մանուկ Հարությունյանի ղեկավարությամբ, իրականացնում է կարևոր ու հետաքրքիր ծրագիր: Ըստ ծրագրի նախատեսվում է համերգներ կազմակերպել թե՜ մայրաքաղաքի և թե՜ շրջանների այն հանրակրթական դպրոցների աշակերտների համար, որտեղ դասավանդվում է ազգային երգ ու պար առարկան: Խումբը հասցրել է համերգներ տալ մի քանի գյուղական համայնքներում` Առաջաձորի, Վանքի, Պատարայի, Այգեստանի: Ծրագրի նպատակն է քարոզել ազգային երգն ու պարը, հասարակության լայն շրջանում վերականգնել այն և, ի վերջո, վերադարձնել կենցաղ, որտեղ և հազարամյակներ առաջ ստեղծվել և դարերի ընթացքում եղել է ժողովրդի մշակութային կյանքի անբաժանելի մասը: Հիշեցնենք` ՙՏնջրե՚-ն սկսեց գործել 2015 թվականից:
Ինչպե՞ս ծնվեց ծրագրի գաղափարը և ինչպե՞ս է այն ընթանում. պատմում է ՙՏնջրե՚ ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մանուկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Ինչու՞ ծագեց նման ծրագրի գաղափարը և ո՞րն է նպատակը:
-Մի քիչ հեռվից սկսեմ: 2015-ին ՙԿարին՚ ավանդական երգի և պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համառ ջանքերի շնորհիվ ՙԱզգային երգ և պար՚ առարկան ընդգրկվեց Երևանի 10 հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններում` որպես փորձնական, պիլոտային ծրագիր: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, այն հաջողություն ունեցավ: Դպրոցականների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացավ ազգային արվեստի այդ ճյուղի հանդեպ: Արդյունքում ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ավելացավ: Այսօրվա դրությամբ Հայաստանում 250 հանրակրթական դպրոցներում դասավանդվում է այդ առարկան: 2017-ին միտք ծագեց նաև Արցախի դպրոցներում մտցնել ծրագիրը: Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ 2017-2018 ուսումնական տարում 16 դպրոցներում ընդգրկվեց ծրագիրը, մեծամասամբ` մայրաքաղաք Ստեփանակերտի: Հաջորդ տարում ընդգրկվեցին նաև շրջանների որոշ դպրոցներ: Այս ուսումնական տարում արդեն 30 դպրոցներում դասավանդվեց ՙԱզգային երգ ու պար՚ առարկան: Ընդհանրապես, ծրագրի գաղափարը կայանում է նրանում, որ ժողովրդին վերադարձվի մեր ազգային մշակույթը: Ցավոք, իրողությունն այն է, որ մեր կենցաղից վերացվել են ազգային արվեստները, մասնավորապես, երգն ու պարը: Այն ժամանակ երեխաները, ականատես լինելով ազգային զանազան ծեսերին, բնական ձևով սովորում էին մեր ազգային երգերն ու պարերը և դառնում դրանց կրողները: Բայց, ցավոք, այդ բնականոն ընթացքը ընդհատվել է խորհրդային ժամանակաշրջանում: Հիմա մենք պետք է վերականգնենք այդ մշակույթը, որպեսզի այն կենցաղ վերադառնա:
-Իսկ ինչպե՞ս է ընթանում գործընթացը:
-Ոչ այնքան հարթ: Վերջին երկու տարվա օգոստոս ամսին կազմակերպվում է 15-օրյա դասընթաց Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ես և ևս երկու մասնագետ Երևանից, օգնում ենք նրան իրականացնել այն: Այդ օրերին ծրագրի մասնակիցները պետք է սովորեն ութ պար և նույնքան երգ: Անշուշտ, ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ յուրացնել դրանք: Բայց մեծ մասը հաղթահարում է բոլոր դժվարությունները, բարեհաջող հանձնում քննություններն ու ստանում այդ պարերն ու երգերը դասավանդելու վկայականը:
-Իսկ այն մարդիկ, ովքեր չեն կարողացել հանձնել քննությունները, չե՞ն ստացել վկայականները:
-Այո, չեն ստացել վկայական: Այդպիսի դեպքեր էլ են լինում: Նշված իրավիճակից ելնելով` ՙՏնջրե՚ համույթի անդամներով որոշեցինք ծրագիր մշակել ու ներկայացնել Կրթության և գիտության նախարարություն: Այս ծրագրով նպատակ ունենք օգնել նշված ուսուցիչներին: Այսինքն, ազգային մշակույթը կենդանի կատարմամբ ենք ուզում ցույց տալ, որպեսզի երեխաները ոգեղենությունն այդ տեսնեն ու զգան դրա հզորությունը: Ու նաև ուսուցիչների համար հեշտացնել այդ երգերի ու պարերի դասավանդումը: Հեշտ չէ երկու շաբաթվա ընթացքում հիմնովին յուրացնել, գաղափարապես ընկալել այդքան երգերի ու պարերի էությունը:
-Ո՞ր գյուղերում եք հասցրել համերգներ տալ:
-Երկու շաբաթ առաջ համերգներ ենք տվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանք գյուղերում, իսկ անցած շաբաթ` Ասկերանի շրջանի Պատարա և Այգեստան գյուղերում: Դպրոցում դասավանդվող ծրագրով նախատեսված պարերն ու երգերն ենք հիմնականում կատարել, որպեսզի նաև երեխաները կարողանան միանալ մեզ: Նաև հավելյալ մի քանի երգ ու պար ենք կատարել, որպեսզի պատկերացում կազմեն մյուս պարերի ու երգերի մասին, ինչպես և արցախյան երգեր ենք կատարել:
-Իսկ հանդիսատեսի արձագանքն ինչպիսի՞ն էր: Հաճույքո՞վ էին լսում, թե՞ չէին ընկալում այդ գրեթե մոռացված ազգային արվեստի հմայքը:
-Մի քիչ զարմանք կար այս ամենը տեսնելուց: Այո, անգամ այն դեպքում, երբ դպրոցում դասավանդվում են այդ նույն երգերն ու պարերը: Ճիշտ է, միայն 5-7 դասարանների աշակերտներն են անցնում առարկան: Իսկ մեծահասակ դպրոցականների մոտ, հատկապես` տղաների, կարծրատիպերը շատ են, ինչը խանգարում է ճիշտ ընկալմանը: Բայց նաև եղել են մարդիկ, ովքեր մեր համերգներից հետո մոտեցել են ու հիացմունքով խոստովանել, որ նման բան չեն տեսել և կուզենային կրկին ունկնդրել: Համերգների վերջում կենդանի երաժշտության տակ, զուռնա-դհոլով պարում ու երգում ենք, որպեսզի երեխաները զգան դրանց կենդանի էներգիան:
-Դուք նշեցիք, որ 30 դպրոցում դասավանդվում է նշված առարկան: Նախատեսու՞մ եք բոլոր այդ դպրոցներով շրջել:
-Այո, մինչև ուսումնական տարվա վերջը նախատեսում ենք շրջել բոլոր գյուղական դպրոցներով: Իսկ Ստեփանակերտի դպրոցների համար միացյալ համերգ կկազմակերպենք մեկ տեղում, հավանաբար, մարզադաշտում կամ հրապարակում:
-Արդյո՞ք, համերգներն այդ օգնում են ավելի սերտ կապեր հաստատել այն ուսուցիչների հետ, ովքեր նշված դասընթացներին այդ պարերն ու երգերը դասավանդելու իրավունք են ստացել:
-Անշուշտ, օգնում է և՜ սերտ կապեր հաստատել, և՜ օգնել նրանց հասնելու ավելի մեծ արդյունքների: Նախ կարծրատիպերն է օգնում կոտրել: Օրինակ, որ տղաները չեն պարում` ամոթ է: Այնինչ, մարտական պարերը միայն տղաներն են պարում: Շատ ոգևորված էին զուռնա-դհոլից: Այդքանը տեսնելով` և՜ ուսուցիչներն են ոգևորվում, և՜ երեխաներն են այդ երգերի ու պարերի հզոր էներգիան ստանում:
-Պարերի պատասխանատուն Դուք եք: Իսկ երգերն ու երաժշտությունն ապահովելու հարցում ո՞վ է օգնում:
-Կուզենայի նշել, որ ՙՏնջրե՚ ավանդական երգի-պարի խումբը պետության կողմից չի ֆինանսավորվում: Խմբի անդամները, գրեթե բոլորը, տարբեր մասնագիտության մարդիկ են, որի մի մասն աշխատում է, մյուսը` սովորում: Մի գաղափարի շուրջ հավաքվել ենք և կամավոր սկզբունքով մենք փորձում ենք տարածել ազգային երգն ու պարը: Եվ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվում է: Իսկ երգերը խմբի անդամներին սովորեցնոմ է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական երգեցողության դասատու Մարատ Հարությունյանը, երաժշտությունն էլ ապահովում է նույն քոլեջի դուդուկի դասատու Վարազդատ Հովհաննիսյանն իր ուսանողների հետ: Օգտվելով առիթից` ուզում են խորին շնորհակալություն հայտնել` մեզ հետ անշահախնդիր աշխատելու պատրաստակամության համար:
;