ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Շահումյանի շրջանում մշակութային միջոցառումներն իրականացվում են շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի, ՙՇահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի և Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Դադիվանք, Նոր Էրքեջ, Չարեքտար, Հավսաթաղ, Եղեգնուտ, Նոր Կարաչինար, Զուար և Ակնաբերդ համայնքներում գործող ակումբների միջոցով։
Նշված համայնքների ակումբներում և ՙՇահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱԿ-ում գործում են երգի, պարի, թատերական, հմուտ ձեռքերի, նկարչության, ասեղնագործության` թվով 17 խմբակներ։ Նշված խմբակներ է հաճախում ավելի քան 100 երեխա։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը, բաժնի կողմից տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համայնքներում մշակութային ակումբների պատշաճ գործունեության ապահովման համար։
ՙՇատ համայնքներում մշակութային ակումբները միակ ժամանցի կենտրոններն են երեխաների համար, դպրոցից դուրս որևէ գիտելիք և հմտություն ստանալու միակ հնարավորությունը՚,- ընդգծեց մեր զրուցակիցը։ Ակումբներում, պարապունքներից բացի, պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված պետական տոներին, հիշատակի օրերին։
ՙՎերջին ամիսների միջոցառումներից նշեմ Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր և Նոր Գետաշեն համայնքներում անցկացված տարատեսակ միջոցառումները՝ նվիրված գարնան աոաջին օրվան, ինչպես նաև մարտի 8-ին շրջանի բոլոր համայնքներում անցկացված միջոցառումները` նվիրված Կանանց միջազգային օրվան։ Ակումբները պարբերաբար կազմակերպում են ինտելեկուալ խաղեր. ապրիլին ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրի շրջանակներում Նոր Վերինշեն և Հավսաթաղ համայնքներում կազմակերպվել են ՙԱռողջ սնունդ՚ խորագրով միջոցառումներ՚,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Ակումբների լիարժեք ու առավել արդյունավետ գործունեության համար, սակայն, մշակութային այդ օջախներին անհրաժեշտ են մի շարք երաժշտական գործիքներ, այլ պարագաներ։
Մշակույթի բաժինն այս հարցով դիմել է հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը։ ՙԴիմում ենք նաև բոլոր սրտացավ մարդկանց ու կազմակերպություններին՝ օգնել մեզ՝ ակումբները կահավորելու անհրաժեշտ գործիքներով, ինչը կնպաստի շրջանում առավել ակտիվ մշակութային կյանք ունենալուն՚,- ամփոփեց մեր զրուցակիցը։